Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի մասին իրականությունը

Հուլիս 22,2013 12:08

Ոտնագնդակը (ֆուտբոլը) վատ խաղ է: Այն բացասական լիցքեր է հաղորդում դիտողներին, որովհետև մշտական լարվածության մեջ է պահում նրանց, իսկ այդ լարվածությունը այլ խոսքով կարելի է անվանել չարություն: Բժշկական լեզվով դա կոչվում է նյարդային լարվածություն, իսկ հոգևոր լեզվով` չարություն: Երբ դիտողի նյարդերը պարբերաբար և երկար ժամանակի ընթացքում լարված վիճակում են լինում, նա դառնում է դյուրագրգիռ, նրան հավասարակշռությունից հանելը դառնում է շատ հեշտ, ցանկացած մանրուք ի վիճակի է լինում անելու դա: Եվ անում է: Ահա թե ինչու մոլի երկրպագուները կատաղի, գազանացած, չար, վատ մարդիկ են: Մարդկությունը նրանցից շատ վնասներ է կրել:      

Խաղադաշտում գրգռվում են հանդիսատեսների ցածրակարգ, ստորին կրքերը և տիրում նրանց կրող մարմինների վրա: Դրանք փոխանցվում են մյուսներին և բազմապատկվում ներկաների քանակով: Քանի որ ցանկացած եռանդուժ նյութի նուրբ մասնիկներից է կազմված, խաղադաշտում տիրող մթնոլորտը հեռուստաալիքների միջոցով փոխանցվում է նաև հեռուստադիտողներին և բոլոր դիտողները համակվում են ցածրակիրք մրցակցության ոգով:

Ցանկացած մրցակցության ոգի ինքնին չարիք է, քանի որ դրդում է գերազանցության հասնել, նսեմացնել դիմացինին: Դա սիրո հակառակ երևույթն է, մերձավորին սիրելու փոխարեն նրան գերազանցելու, պարտության մատնելու երևույթը: Սա բնորոշ է բոլոր մարզաձևերին: Ահա թե ինչու պարտվողները հաճախ լալիս են վշտից: Ընդհանրապես, արևմտյան քաղաքակրթությանը բնորոշ մրցակցության մթնոլորտը, որում աճում և որով դաստիարակվում են սերունդները, շատ չարիքների պատճառն է հանդիսանում կյանքի պատճառահետևանքային կապերի բարդ ցանցում: Ամեն ինչում հաղթող լինելու ձգտումը մարդատյացության պտուղների սերմն է, կյանքի բոլոր բնագավառներում տիրող անհավասարության պատճառը, որովհետև մարդ ձգտում է հաղթել մյուսներին ոչ միայն մարզադաշտում, այլև այլ հարցերում. ունեցվածքային, փողային, իշխանության, ազդեցության, փառքի, հաճույքների և այլն:

Բայց ոտնագնդակի բացասական լիցքն ավելի մեծ է, որովհետև ցածր կրքով վառվողների քանակն է շատ ավելի մեծ, քան մյուս մարզաձևերում:

Մարզադաշտում տիրող մթնոլորտը կարելի է համեմատել հին դարերում գլադիատորների մարտեր անցկացնող մարտադաշտերում տիրող մթնոլորտի հետ: Այնտեղ հանդիսատեսները պակաս գիշատիչ և արյունռուշտ չէին, քան իրար կոկորդ կրծող մարտիկները, գլադիատորները: Այնտեղ էլ էին կրքերը շիկանում ներկայիս ոտնագնդակի խաղերում տիրող կրքերի նման: Լավ է, որ քաղաքակրթությունն առաջ է գնացել. հիմա դաշտում չեն սպանում իրար: Սակայն փոխվել է միայն դաշտում կատարվող գործողությունը, իսկ երկրպագողների նստարանների վրա կատարվողը նույնն է մնացել` նույն զանգվածային խելագարությունը մրցակցությունում հաղթելու մոլուցքով:

Այսպիսով, իր առաջացրած հետևանքներով ոտնագնդակը ամենավատ խաղն է, մարզաձևն է: Չնայած դրան, այն ամենատարածվածն է: Դրանից հետևություններ կարելի է անել: Դա նշանակում է, որ վատ մարդ աշխարհում ավելի շատ կա, քան լավ: Այսինքն ավելի շատ կան իրենց ստորին կրքերին հաճույքով տրվող մարդիկ: Վատի և լավի քանակային հարաբերության մեջ ոչ մի գաղտնիք կամ նորություն չկա էլ: Դա գիտի ամեն մի իմաստասեր կամ բարձրագույն կրթությամբ մարդ, որն իմաստասիրություն է ուսումնասիրել:

Ոտնագնդակի տենդով է բռնված աշխարհի բնակչության մեծ մասը: Նմանը ձգում է նմանին: Ցածր կիրքը արագ է տարածվում մարդկանց մեջ, որովհետև մարդկանց մեծամասնությունը զարգացման հենց այդ մակարդակի վրա է գտնվում, մանավանդ երիտասարդությունը, որը, բնական է, որ ավելի պակաս իմաստուն և ավելի շատ կրքոտ է, քան ավելի մեծահասակները: Դա բնական երևույթ է:

Նաև, երբ հայտնի է, թե մեծ մասն ավելի վատն է, դա բնավ չի նշանակում, թե այդ վատը մշտական, անփոփոխ, բացարձակ հատկություն է: Ոչ: Կյանքը շարժում է, զարգացում, առաջընթաց: Հետամնացը ժամանակի ընթացքում զարգանում է, տգետը` իմաստնանում, վատը` լավանում, անկատարը` կատարելագործվում: Մարդը ծնվում է և պակաս կատարյալից գնում դեպի ավելի կատարյալը: Երիտասարդ տարիքում նա դեռևս շատ առաջացած չի լինում: Նույն ձևով էլ մարդկությունն է առաջ գնում. ծնվում, ապրում, կրթվում, դաստիարակվում, զարգանում, որպեսզի ի վերջո հասնի կատարելության: Բայց, չնայած դրան, բոլոր ժամանակներում մարդկանց մեծ մասն է ավելի հետամնաց իր զարգացման աստիճանով, ավելի տգետ, քան փոքրամասնությունը, որովհետև բնությունը շատ եռանդուժ, միջոցներ և ժամանակ է ծախսում մարդկանց կատարելագործման վրա, անհատների կողմից էլ ջանքեր են պահանջվում առաջ գնալու համար: Այդ պատճառով զարգանալն ավելի դժվար է, քան ծուլությամբ նույն տեղում մնալը: Ուստի քչերն են կարողանում հաղթահարել դժվարությունները, մեծամասնությունն ընտրում է հեշտ ուղին` ծուլությունը, և շատ դանդաղ է առաջ գնում:

Կատարելության աստիճաններով վեր բարձրանալիս, ավելի բարձր որակի մարդկանց քանակն էլ է փոքրանում: Կատարելության հաջորդ մակարդակի վրա գտնվող մարդկանց թիվն ավելի փոքր է, քան նախորդի վրա գտնվողներինը, և միայն հատուկենտներն են լինում տաղանդավոր, հանճարեղ, հերոս, սուրբ և այլն: Ահա թե ինչու ոչ միշտ են մեծամասնության ընդունած որոշումներն ավելի իմաստուն, քան փոքրամասնությանը: Ավելի շուտ` հակառակն է: Բայց որոշումները միշտ ընդունվում են մեծամասնության կողմից, որովհետև մեծամասնությունը իր սխալների պտուղները քաղելով պիտի սովորի տարբերել ճիշտը սխալից:

Իսկ վատի մեծամասնությունը միշտ պահպանվում է, որովհետև վատերից լավերի շարքերն անցնողների թվաքանակի աճի և մարդկության թվաքանակի աճի համամասնությունը միշտ պահպանվում է: Վատերի փոքր մասը դառնում է լավ, լավերի ավելի փոքր մասը` հանճարներ, հանճարների փոքր մասը` իմաստուն, իմաստունները տարվում են այլ, ավելի բարձրակարգ մոլորակներ կամ ոլորտներ և այլն: Իսկ առաջացածների տեղը դեռևս չզարգացած ավելի շատ հոգիներ են գալիս ցածրակարգ մոլորակներից և ոլորտներից: Արդյունքում` վատը միշտ մեծամասնություն է կազմում:

Ահա թե ինչու ամենավատ խաղը` ոտնագնդակը, ամենատարածվածն է Երկիր մոլորակի ներկայիս մարդկության մեջ: Ամենատարածվածն է, քանի որ ամենավատն է: Ամենավատն է, քանի որ մասնակիցների քանակն է մեծ, կրքերն են մեծ: Դրանք էլ իրենց հերթին բազմապատկվում են հանդիսատեսների և հեռուստադիտողների քանակով և դառնում մի ահռելի սև ուժ: Ահա թե ինչու է ամենատարածված խաղը ամենավատը և ամենավնասակարը:

Եվ, ահա թե ինչու ճակատագիրը բարեհաճ է հայ ժողովրդի նկատմամբ, երբ թույլ չի տալիս, որպեսզի երկրի հավաքականը մեծ նվաճումների հասնի այդ ասպարեզում:

Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ                                         

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay says:

    Էդ Դանիացիները որ ոտնկայս ծափահարում էին մեր հավաքականին, երևի իրանց ստոր կրքերին էին հագուրդ տալիս, հա՞:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031