Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հակոբյան. «Կուսակցական կառույցները Հայաստանի համար չեն» (Տեսանյութ)

Հուլիս 22,2013 12:05

«Կուսակցությունները ստեղծվել են ռեժիմը վերարտադրելու, համակարգը պահպանելու համար»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց դիրիժոր, Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը: Նա նշեց, որ «չհաջողված սիրային հարաբերությունները ԲՀԿ-ի հետ» ցույց տվեցին, որ կուսակցությունները վաճառվելու մոլուցք ունեն: Իսկ այդ կուսակցությունների շարքերում գտնվող արժանի մարդկանց մասին պարոն Հակոբյանն ասաց. «Նրանք հասկանալու են, որ կուսակցական կառույցները Հայաստանի համար չեն: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բոլոր հաղթանակներին հասնում են հասարակական, ոչ թե կուսակցական կառույցների միջոցով: Եթե հույս ենք դնելու, որ կուսակցությունները հարց են լուծելու, ապա իրոք նրանք այդ հարցը կլուծեն, բայց ոչ մեր օգտին»:

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը նշեց. «Չեմ համարում, որ և´ իշխանություն, և´ ընդդիմություն կա: Այսքան տարիներ մտածում եմ, թե ինչու ընդդիմությունն ու իշխանությունը մի ընդհանրություն չեն գտել: Ուստի կարծում եմ, որ և´ այն, և´ այն իրենց տեղում չեն»:

Պարոն Հակոբյանն էլ ասաց. «Երբ ասում ենք, որ ընդդիմություն չկա, դա նշանակում է, որ չենք նկատում, որ փողոցում պայքար է գնում: Ընդդիմությունն այն ակտիվ երիտասարդներն են, որ պայքարում են մեր բոլորի իրավունքների համար: Ընդդիմություն մի փնտրեք կուսակցությունների շարքերում»: Ըստ նրա՝ հարցի լուծումը համակարգից դուրս է:

Այս առիթով Վ. Հակոբյանը տեղեկացրեց. «Նախախորհրդարանը շուտով նոր պետության կառուցման մոդելը կդնի սեղանին: Դրանից հետո կհասկանանք, որ մենք այսօր ձևավորված պետականություն ու աշխատող դատաիրավական համակարգ չունենք, ինչը տանում է փակուղի»:

Պարոն Մառոզյանն էլ նշեց. «Կուսակցությունները մեկ անձի շուրջ են համախմբված, չկա գաղափարական հենք, և դա կուսակցություններին տանում է դեպի սնանկացում»:

Պարոն Մառոզյանը հաճախ էր խոսում ժողովրդի հույսի մասին, ուստի Aravot.am-ը հետաքրքրվեց, արդյոք ժողովուրդը կարո՞ղ է հավատալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամիսներ առաջ խոսում էին ապահով Հայաստանից, մինչդեռ հիմա տեղի են ունենում համատարած թանկացումներ:Նա պատասխանեց. «Նախագահը խոստանում էր կրկնակի բարձրացնել թոշակները, բայց տեսանք, որ հինգ հազար էլ չի բարձրացրել: Ուստի ժողովուրդը չի տեսնում առաջնորդի այն մոդելին, որին որ պիտի հավատա»:

Անդրադառնալով տրանսպորտի թանկացմանը, պարոն Մոռոզյանն ասաց, որ  ի վերջո վարորդները հոգնելու են և լքելու ՀՀ-ն: Իսկ Վ. Հակոբյանը նշեց. «Ստեփանակերտում յոթանասուն դրամով են տեղափոխում, ինչո՞ւ պիտի Երևանի բնակիչը նույն տրանսպորտի համար վճարի հարյուր հիսուն: Թանկացած օրվանից նույն ճենճոտ երթուղայիններն են: Եթե հինգ հարյուր դրամ էլ սարքեն, ոչ մի գազելի գծատեր չի տանելու իր Գազելը բարեկարգի: Ի վերջո` սա մեր երկիրը, մեր քաղաքը, ու ցանկացած որոշում, որ կայացվում է՝ պիտի մեր կարծիքը հաշվի առնվի: Իսկ ոստիկաններին խորհուրդ կտայի, որ օրենքից խոսելուց հիշեին, որ իրենք պիտի պաշտպանեին Փակ շուկան, բայց դա չեն անում, ընկել թռուցիկ բաժանող երիտասարդին է ասում՝ դու անօրինական է:Եթե ոստիկանությունը դա չի կարողանում, պիտի հրաժարական տա, եթե չի ուզում, դառնում է հանցակից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչքան խորն է քծնանքը, այս մարդու մեջ: Հետաքրքիր է բարոյական նորմ ասելով, ի՞նչ նկատի
    ունի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031