Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանահայ վարորդը լաց է եղել Մալաթիայի դատարանում

Հուլիս 22,2013 11:38

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում է Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացիներ Սարգեզ Նոյուկի Անդոունիանի, Վիգեն Շաշա Նովասարտիանսի եւ հայաստանաբնակ Վարդան Մարտիրոսյանի (լուսանկարում) դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:

Անցյալ աշխատանքային շաբաթվա վերջին օրը, մեղադրանքը պաշտպանող Արամ Ամիրզադյանի մեղադրական ճառից հետո իրանցի վարորդ Վիգեն Շաշա Նովասարտիանսը լաց է եղել:Պատճառն այն է, որ նույն մեղադրանքը առաջադրվել էր նաեւ Վարդան Մարտիրոսյանին: Այն է`Սարգեզ Անդոունիանը Իրանի Իսլամական Հանրապետությունից տարբեր երկրներ է տեղափոխել և այնտեղ իրացնել թմրամիջոցներ, եւ ըստ մեղադրանքի՝ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար համաձայնության է եկել ԻԻՀ քաղաքացի, Թավրիզ քաղաքի բնակիչ Վիգեն Շաշա Նովասարտիանսի հետ և որոշել թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ ուղի ընտրել Հայաստանի Հանրապետությունը, որտեղից էլ թմրամիջոցները տեղափոխել այլ պետություններ: Թմրամիջոցներ տեղափոխելու հարցում նրանց օժանդակել է ՀՀ քաղաքացի Վարդան Մարտիրոսյանը:

Այս գործով երկրորդ անգամ է դատական վիճաբանությունների փուլ լինում, ուր հանդես է գալիս մեղադրողը:

Առաջին անգամ դատախազը միջնորդեց 15 տարվա ազատազրկում Սարգեզ Նոյուկի Անդոունիանի համար, 13 տարի նա պահանջեց թավրիզցի վարորդի` Վիգենի համար, իսկ տասներկուս էլ օդանավակայանի աշխատակից Վարդանի համար:Հիշեցնենք, որ դրանից հետո Վարդան Մարտիրոսյանը հրաժարվել էր իր պաշտպանական ճառից, վերջին խոսքից, հայտնելով, որ ունի լրացուցիչ ցուցմունք: Դատարանը վերսկսել էր դատական նիստը:

Մեղադրողն իր նոր միջնորդությամբ հրաժարվեց միայն Վարդան Մարտիրոսյանի թմրամիջոց իրացնելու մեղադրանքից, եւ օժանդակության համար միջնորդել է նրան վեց տարվա ազատազրկում:

Վիգեն Նովասարտիանսի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանը Aravot.am-ի հարցին. «Ի՞նչ եք անելու, պաշտպանական ճառին, ինչպես եք գնահատում մեղադրողի Վարդան Մարտիրոսյանի մասով հրաժարվելը», պատասխանեց. «Նախորդ պաշտպանական ճառիս հետ կապված փոփոխությունը կլինի հետևյալը, որ մեղադրողի կողմից Վարդան Մարտիրոսյանին ՀՀ քր. օր-ի 266-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքից հրաժարվելը ուրախալի էր նրանով, որ հույս արթնացավ պաշտպաններիս մեջ, թե մեղադրողը վերջապես հասկացավ, որ առաջադրված մեղադրանքն անհիմն էր, թեկուզև այդ մասով: Սակայն ուրախությունս կարճ տևեց և իմ սպասված միջնորդությունը չարվեց իմ պաշտպանյալի մասով, որովհետև նրան նույնպես մեղադրել են անհիմն՝ առանց ուղղակի ապացույցների: Ես իմ նախորդ ճառում ասել էի, որ իմ պաշտպանյալին մեղադրանք առաջադրելիս նախաքննական մարմինը զոռ էր տրվել երևակայությանը, սակայն ապացույցներ հավաքելու հարցում թույլ էր տրվել անտարբերություն: Նույն քաղաքականությունը ողջ դատաքննության ընթացքում վարեց մեղադրողը, ու այդպես էլ չասվեց, թե ո՞ր ապացույցն է հիմք հանդիսացել, որ 13 տարվա դատապարտեն տաքսու վարորդին: Տպավորություն է, որ ընդամենը մեծ ցանկություն է դատապարտելու իմ պաշտպանյալին, թեկուզև առանց ապացույցի:

Ավելացնեմ, որ մեղադրողի ճառից խիստ հուզվել էր Վիգենը, երևի թե ինքն էլ հույս ուներ, որ 266 հոդվածը իրենից կհանեն, ու վրդովվեց: Ի դեպ, նա հարց ուղղեց դատախազին՝ ի՞նչ եմ արել ես, ես ընդամենը տաքսու վարորդ եմ: Դրանից հետո սկսվեց իմ ու դատախազի ընդհարումը:

Մեղադրողը ցույց տվեց, իբրև թե հենց այդ պահին է որոշում կայացրել հրաժարվել Վարդանին առաջադրված մեղադրանքից, բայց արդեն իսկ որոշված էր դա»:

Նշեմ նաեւ, որ վարորդը մի անգամ էլ է լաց եղել այս դատարանում, երբ պաշտպանը, որպես մեղմացուցիչ հանգամանք դատարան ներկայացրեց նրա անչափահաս դստեր շաքարախտով հիվանդ լինելու մասին Իրանից ստացված բժշկական տեղեկանքը:

Դատական հաջորդ նիստին` օգոստոսի 9-ին պաշտպանական ճառերով երկրորդ անգամ հանդես կգան ամբաստանյալների պաշտպանները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031