Երևանի քաղաքապետարանը, որպես տրանսպորտի ուղեվարձի թանկացման հիմնավորում ներկայացրել է մի հաշվարկ, ըստ որի միկրոավտոբուսով մեկ ուղևորի տեղափոխման ինքնարժեքը 138 դրամ է, իսկ ավտոբուսով տեղափոխման ինքնարժեքը` 149,8 դրամ:
Ըստ այդ հաշվարկի` մեկ միկրոավտոբուսը մեկ ամսում տեղափոխում է 5.850 վճարովի ուղևոր, իսկ ավտոբուսը` 10.680:
Եթե հաշվի առնենք, որ երթևեկության արժեքը մինչև հուլիսի 20-ը 100 դրամ էր, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր ուղևորից միկրոավտոբուսների գծատերը կրել է 38 դրամի վնաս, իսկ ավտոբուսի գծատերը` 49,8 դրամի վնաս:
Եթե այս թվերը բազմապատկենք ուղևորների ընդհանուր թվին` 5.850-ի և 10.680-ի, կստացվի, որ միկրոավտոբուսի գծատերը մեկ ամսում մեկ միկրոավտոբուսի շահագործումից կրում է 222.300 դրամի վնաս, իսկ ավտոբուսի գծատերը` 531,864 դրամի վնաս:
Հայտնի է, որ յուրաքանչյուր երթուղում փաստացի շահագործվում են 30 և ավելի միկրոավտոբուս և 20 ու ավելի ավտոբուս, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր երթուղու գծատեր ամեն ամիս կրում է միկրոավտոբուսի դեպքում՝ առնվազն 6.669.000 դրամի վնաս, իսկ ավտոբուսի դեպքում` 10.637.280 դրամի վնաս:
Տարվա կտրվածքով այդ թվերը կազմում են` միկրոավտոբուսների դեպքում, առնվազն` 80.028.000 դրամի, իսկ ավտոբուսների դեպքում, առնվազն` 127.647.360 դրամի վնաս` յուրաքանչյուր գծի համար:
Ահա այսպիսին է մեր քաղաքապետարանի այն հիմնավորումը, թե ինչու է երթևեկության արժեքը թանկացվում:
Ես հակված չեմ հավատալու քաղաքապետարանի հաշվարկ հիմնավորմանն այն մասին, որ անցած տարիներին միկրոավտոբուսների ամեն մի գիծն իր գծատիրոջն ամեն տարի 80.000.000 դրամի կարգի վնաս է պատճառել, իսկ ավտոբուսինը` 125.000.000 դրամի կարգի վնաս, առավել ևս, որ դրա հիմքում ընկած է այն, որ իբր միկրոավտոբուսը երթուղու ամեն ուղղությամբ տեղափոխում է ընդամենը 15 ուղևոր (5850 ուղևոր : 30օրվա = 195 ուղևոր օրական: 195 ուղևոր : 13 ուղղություն` 6,5 երթ = 15 ուղևոր յուրաքանչյուր ուղղությամբ), իսկ ավտոբուսը (այստեղ 6 երթ է կամ 12 ուղղություն)` 30 ուղևոր:
Քաղաքապետարանի հաշվարկ անողները, միկրոավտոբուսների մասով կարող են առարկել, այն առումով, որ գազը թանկացել է և քաղաքապետարանի հաշվարկն արվել է 100 դրամ ուղեվարձի ու թանկացած գազի պայմաններում:
Սա էլ իրավիճակը չի փոխում, քանի որ գազը լցակայաններում թանկացել է ընդամենը 10 տոկոսով և եթե հաշվի առնենք, որ գազի ծախսը, ըստ քաղաքապետարանի հաշվարկի, կազմում է մեկ ամսվա ընդհանուր 807.190 դրամ ծախսից 262.900 դրամը, կամ 32,6 տոկոսը, ապա ստացվում է, որ դրա 10 տոկոսը 26.000 դրամ է, այսինքն` նախկինում նույն գազի համար մեկ ամսում վճարվել է 236.000 դրամ, իսկ թանկանալուց հետո` 262.900 դրամ, կամ յուրաքանչյուր օր 866 դրամ ավել, քան նախկինում:
Ահա ամբողջ իրականությունը. օրական 866 կամ ամսեկան 26.000 դրամ ավելի ծախսի փոխհատուցման համար միկրոավտոբուսների ուղեվարձը թանկացվում է 50 տոկոսով, առանց այն էլ առկա գերշահույթը դարձնելով էլ ավելի մեծ գերշահույթ:
Ավտոբուսների մասով, ընդհանրապես որևէ թանկացում առկա չէ:
Վերը նշված իրականությունն արդյունք է բիզնեսի ու քաղաքական իշխանության միահյուսվածության, որն էլ հնարավորություն է տալիս` ժողովրդին քամել մինչև վերջ:
Հ.Գ.Իմ հաշվառման հասցեն է` … Մեքենագործների փողոց… Պարզ է չէ՞, թե քանի միկրոավտոբուսի վարորդի ծանոթ կլինեմ: Քանի որ քաղաքապետարանի հաշվարկում ծախսերի մեջ նշված է նաև 150.000 դրամ աշխատավարձ, փորձեցի նրանցից ճշտել աշխատավարձի չափը: Վարորդներն ասում էին, որ հա, օրենքով պետքա աշխատավարձ լինի, բայց դե իրենք աշխատավարձ չեն ստանում…
Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
Փաստաբան
Կեցցես Կարեն, հրաշալի ու հիմնավորված հաշվարկ ես արել,սակայն դա միակ ուղղությունը-ճյուղը չէ, որտեղ քաղաքապետարանի ,,ընտանիքը,, նաև օրենքները չրջանցելով՝ նույնիսկ,տեղական տուրքերի և վճարների անվան տակ հսկայական գումարներ է գանձում,իհարկե վերապահումներ կատարելով ,,յուրայինների նկատմամբ,,:Հիշենք օրինակ 2012թ.-ի հունվարի 1-ից գործող՝ դրանից մի քանի օր առաջ ընդունված և չմասսայականացված ,,աղբահանության մասին ՀՀ օրենքը,, և դրա հիման վրա ընդունված Երևանի Ավագանու որոշումը, որով օրական 2կգ աղբ /առավելագույնը/ ունեցող անհատ ձեռնարկատիրոջից գանձում են 2 տոննայի վճար…:Կարծում եմ ՀՀ Փաստաբանների Պալատը կարող է և պետք է բանիմաց փաստաբաններից /կամավորներից/ մի խումբ ստեղծել վարչական ու տեղական ինքնակառավարման մարմինների հակասահմանադրական ու օրենսդրական ակտերին չհամապատասխանող նորմատիվ ակտերը սահմանված կարգով վերացնելու կամ փոփոխելու համար:
Կիսատ -պրատ հաշուարկումները դարձած են մանկական խաղեր։ Ով կարող է այսքան սուտերի մէջ լողացող ձկները բռնել։իշխանութիւնը իր գլխին հաւաքեր է ամէն մարզի մէջ կեղծարար մասնագէտներ բոլորն ալ փողկապաւոր նորելուկ փրոֆէսորներ աստուածաշնչեան անուններով
( Ահարոն-Մովսէս-Դաւիթ) որ չգիտես որտեղից յանկարծ դուրս են գալիս ընտրութիւններին եւ կարեւոր կողոպուտի մոմենտներին ։ կամ պիտի ենթարկուիս կամ ենթարկես զիրենք։ Երկրորդ տարբերակը ամենաճիշդն է ։