Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսօրից հետո

Հուլիս 22,2013 11:17

Սարմեն Ղահրամանյան 

Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին:

«Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ համար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։

       Մ. Գալշոյան

«Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։

                                                                                                                  Դյուամել

Ու Էդգարը «հասկացող» ասաց՝ հաաա՜, եւ Լյովան ասաց՝ զահրումաաա՜ր՝ ձեր հալին մնացեք, ու ամեն-մեկդ՝ ձեր գործին կացեք, ու շարունակեց ու ասաց՝ էս մարդը՝ «գերեզմանը»… «գերեզմանի կողքի խրամատը»… համառոտ նշել է իր գեղարվեստական գործում ու առաջ անցել, բայց դուք ձեր «պսպղուն» ու «պրպտուն» ուղեղներո՜վ՝ բա՝ խի՞ հիմնական-մեծ խրամատի վրա չես կենտրոնացել՝ հիմնական-կենտրոնական խրամատը էդ էր… Բա ո՞նց չասես՝ ա՛յ չմահավաննե՜ր… միայն էդ բառը տողերի մեջ՝ «գերեզմանը»… կատաղած Աղդամի բերանին գտնվո՜ղ, օրհասական կռվի մեջ գտնվո՜ղ, սահմանային գյուղի ու գյուղացիների խորը-խորքով ապրումների մասին է: Միայն իրենց լինել-չլինելու մասին չէ: Խորը-խորքով չասվող, բայց թեթեւ-տողատակերով ասվող ապրումների՜ մասին է, ու՝ նախնիների՜դ, անցավորների՜դ շիրիմներն ու… սրբությունները՝ ինչպե՞ս չպաշտպանես-թուրքին թողնես ու գնաս: Ու խորը-խորքով արմատների մասին է՝ թուրքն ինչքան էլ իրեն պատեպատ տա՝ մեզ՝ որպես եկվորների ներկայացնելու՝ բայց սա է մեր ու մեր գյուղի դարավոր գերեզմանը՝ իր դարավոր խաչքարերով: Թո՛ւրք, ինչպե՞ս՝ ես՝ հա՛յս, իմ դարավոր տունը քեզ տամ-քեզ թողնեմ ու գնամ՝ սա՛ է իմ տունը ու սա՛ է իմ Հայրենիքը: Եւ սա է մեր՝ որպես դարավոր բնիկների՝ դարավոր-գրավոր-պատմության մեջ ու Հաստատուն-Հողի մեջ՝ Հաստատուն-Քանդակված առհավատչյան՝ թո՛ւրք, քեզ էլ ինչպե՞ս բացատրենք: Ու Համիկը ինքնաձիգը գրկած-վազքով եկավ-Լյովայի կողքը՝ ձիգ, պինդ, զիլ կանգնեց ու զիլ ասաց՝ բա՝ կարդո՞ւմ են, որ իմանան-հասկանան, սրանց համար բացված գիրքը՝ ոնց որ… ոնց որ… ու բառեր չգտավ ու խեղճացած Լյովային էր նայում, ու նորից՝ զիլ, ձիգ, պինդ կանգնած ասաց՝ բա կարդո՞ւմ են, որ զարգանան, սրանց համար գիրքը՝ ոնց որ… Ու Աշոտը կողքից կամաց հուշեց ու կամաց ասաց՝ զուգարանի թուղթը, ու Համիկը պատասխանը գտածի նման՝ զի՜լ-ձի՛գ ասաց՝ կամ՝ գիրքը, կամ՝ բացված-փակված զուգարանի թուղթը՝ նույնն է սրանց համար, բա՝ կարդո՞ւմ են, որ իմանան: Ու Էդգարը ինքնաձիգը կտրուկ Համիկին մեկնեց ու կտրուկ ասաց՝ ա՛ռ, վերցրո՛ւ, եւ Համիկը սեփական ինքնաձիգը գրկած-վախեցած հետ ընկրկեց Էդգարի ինքնաձիգից ու Էդգարից, ու ասաց՝ ինչի՞ համար, ինչի՞ համար վերցնեմ, ու Էդգարն ասաց՝ ես գնամ-փեչը վառեմ, կողքը նստեմ՝ թեյով-բանով գիրք կարդամ-զարգանամ ու զարգացած գամ՝ Հող-Հայրենիքը պահեմ: Բայց վախենամ՝ կարդամ-զարգանամ ու… հայդա՜՝ Հող-Հայրենիքը թողնեմ-փախչեմ ու գնամ՝ երեւաններում-մոսկվաներում պահեմ էդ Հող-Հայրենիքը: Ու Համիկը հասկացող-հանգստացած ասաց՝ հաաա՜, եւ Լյովան ասաց՝ զահրումաաա՜ր՝ ձեր հալին մնացեք, ու ամեն-մեկդ՝ ձեր գործին կացեք, ու շարունակեց ու ասաց՝ Հայրենական պատերազմի գեղարվեստական գործերը կարդում եք գլուխներդ կախ-մշմշոցով-թեյ խմելով-վառարանի մոտ-հավեսով, իսկ մեր մասին գրված գեղարվեստական գործերը դնուո՜ւմ ու՝ զզվեցնում եք, դնուո՜ւմ ու քարուքանդ եք անում՝ բա՝ ոնց ա՞՝ էս մի տողը՝ սենց ա գրվել: Քիչ է մնում, ասեք՝ հագներիս քաքոտ տրուսիկներն էլ սիրուն-մաքուր-գեղեցիկ-հերոսական ներկայացրեք-նկարագրեք էդ գեղարվեստական գործերում: Բա, եթե միայն զոհվածները կարողանային խոսեեե՜լ: Բա, եթե դեղի պակասությունից գիշերները ոռնացող-վերմակը կրծոտող, կոպեկանոց-թոշակներով հիվանդանոցների դռներից պոկ չեկող-հաշմասայլակներին գամվածները խոսեեե՜ն: Բա, եթե անդեմ-խուլ պատերի բթամիտ-տկարամիտ-տմարդիների անտարբերությունից՝ նրանց հարազատներն ու մտերիմները խոսեեե՜ն: Բա… կռիվ է, պատերազմ է, ամեն-ինչ էլ պատահում է՝ հալվա չեն բաժանում. մարդը՝ ոնց տեսել ու ոնց տեսնում է՝ էդպես էլ գրում է՝ խի՞ եք ձեզ պատեպատ տալիս: Արդարությունից ամեն-մեկդ խոսում է, խոսում է ամեն-մեկդ արդարությունից՝ ժամերո՜վ, բայց ուզում է, անպայման ուզում է, որ տողի հերոսը՝ ինքը լինի, ինքը ներկայացված լինի որպես հերոս: Ինքը լինի կենտրոնում եւ՝ անթերի: Անթերի եւ՝ կենտրոնում: Մինչդեռ, մեր մե՜ծ բանաստեղծն է ասել՝ «Ավա՜ղ աշխարհ, առանց թերության՝ դու մարդ չե՜ս կերտում»: Իսկ դո՞ւք՝ կենտրոնում եւ՝ անթերի: Կենտրոնում եւ՝ անթերի՝ ա՜յ քեզ՝ արդարություն, ու, ա՜յ քե՛զ՝ արդարամտություն…  Բայց Ծատուրը մեջ ընկավ ու մեջ մտավ ու խանգարեց Լյովային՝ խոսքը շարունակել, ու Լյովային մոտենալով ու նրան դիմելով՝ ասաց… էդ «շուշեքի» մասին, որ ասում է… բայց… տղերքը մի չորս  հակատանկային էլ են դրել ներքեւի ճանապարհների վրա, եւ Լյովան  ներվային ասաց՝ էդ քիչ է, եւ ընդհանուր ասաց՝ սարքեցի՞ք էդ նռնականետը, եւ Դավիթն ասաց՝ կարծում եմ՝ Արսենի հետ սարքել ենք, բայց երեք նռնակ է մնացել եւ ափսոսացինք ստուգելու համար՝ կրակենք։ Ու Լյովան լռեց, մի քիչ մտածեց, ձեռքը  գցեց ընկալուչին, հետ քաշեց եւ կյանքում առաջին անգամ մե՜ծ  պարտավորություն վերցրածի նման ու ձայնով ասաց, կարգադրեց, ասաց՝ Զավեն՝ դո՜ւ, եւ Համիկ՝ դո՜ւ, թաքո՜ւն ու զգո՛ւյշ, անվտանգ հասեք դպրոցի ներքնահարկը եւ կազմակերպեք, կազմակերպեք՝  թող ժողովուրդը մի մարդու նման դուրս գա էդ ներքնահարկից, դուրս գա էդ ներքնահարկից ու գյուղի կողքի ձորակով Քերծը բարձրանա։ Բոլորը՝ կի՜ն, երեխա՜, ծե՜ր, հիվա՜նդ՝ բոլորը՜… Ու ասեք, թող՝ ծերերին, երեխաներին, հիվանդներին շալակեն ու թաքուն, թաքուն՝ առանց ձեն-ձունի, Քերծը բարձրանան եւ անտառում խորանան։ Ասեք, թող  չվախենան, բան չկա, ուղղակի, մի երկու օր թող Քերծի գլխի անտառում ապրեն։ Թող Քերծի գլխի անտառում ապրեն մի երկու օր։ Ու բան է, Աստված չանի, եթե մեզ մի բան պատահի, թուրքը կվախենա Քերծը բարձրանա ու անտառում խորանա։ Կվախենա թուրքը… Էդ կազմակերպեք, ժողովրդին հասցրեք ձորակն ու նորից հետ եկեք, հետ եկեք նորից՝ կռիվն էստեղ է լինելու… Լյովան ասաց, ու խորը շունչ առավ-արտաշնչեց եւ ասաց՝ Էդգա՞ր, եւ էդգարն ասաց` հա՜, ասում ես՝ կռիվն էստեղ  է՞ լինելու, եւ Լյովան գլխով արեց-հաստատեց, ու Էդգարը երկու ձեռքով գլուխը բռնեց ու գլուխը բռնած՝ երկա՜ր-շինծու ասաց` վա՜յ, մամա՛։ Ու նորից ասաց՝ վա՜յ, մամա՛, թե խի՞ ինձ անգրագետ ծնեցիր ու էս ազատատենչ չոլերում թողեցիր՝ Էդգարը վաղը մեռա՜վ-անասնաբույժ չդառա՜վ: Չդառա՜վ Էդգարն անասնաբույժ ու չհասցրեց, չհասցրեց կովերի  ջերմաստիճանը չափել, չհասցրե՛ց։ Ու գյուտ արածի նման-Լյովային դիմելով՝ ասաց՝ ասում եմ, Լյովա՛, ասում եմ՝ չի լինի՞՝ մենք թողնենք-թաքուն-կողքի ապահով գյուղը քաշվենք, ու մեր վրա եկող թուրքերը գա՜ն… ու կեսը՝ խրամատի էս ծերի՜ց, կեսը՝ խրամատի էն ծերի՜ց… ու մտածեն, թե մենք խրամատի մեջտեղն ենք, ու մեզ՝ «մեջտեղ» դրած՝ իրար վրա կրակեն-իրար տան կոտորեն՝ լա՜վ, բոլ-բոլ փամփուշտներ ունեն, թող՝ իրար գլխի թափեն՝ պրծնենք դրանցից: Ու Լյովան ասաց՝ պա՜հ, իսկի Նապոլեոնը չէր կարող քո նման-»խորքով» մտածեր՝ իսկական ստրատեգ ես, ու Էդգարը խաղի մեջ մտած, ասաց՝ Նապոլեոնին էդքան խելք որտեղի՞ց, էլի մեր Վասիլ թագավորին ասեիր… Ու հետո, տղաների քռքռոցների տակ պպզեց-թիկն տվեց խրամատի պատին ու ասաց՝ ո՞ւր  ես, է՜, Անդրանիկ-փաշա, ո՞՛ւր ես, մի վեր կաց-սուրդ վերցրու-արի-տես, թե ինչե՜ր է կատարվում։ Սուրդ վերցրած-արի-տես, թե ինչեեե՜ր է կատարվում էս աշխարհում: Եւ Աշոտն ասաց` Էդգա՛ր, Անդրանիկ-փաշան թրով-ձիով ի՞նչ պիտի անի էս դարում՝ տանկերի՜, հրանոթների՜, գնդացիրների՜, ինքնաձիգների՜ դեմ։ Ու Էդգարն ասաց՝ ոչի՜նչ, ոչի՜նչ, թող գա Անդրանիկ-փաշան՝ անունը հերիք է, եւ Աշոտն ասաց՝ բա ձի՞ն, ձի՛ն, Անդրանիկ-փաշայի ձին «Ջիփ» չի՛, է՞, որ պետական բենզին լցնես ու քածերով տրտինգ տաս պարապ-ամբողջ օրերով, Անդրանիկ-փաշայի ձին ընտիր գարի է ուտում՝ ազնվացեղ է։ Ու էդգարն ասաց՝ ոչի՜նչ, ոչի՜նչ, միայն թե գա Անդրանիկ-փաշան, միայն թե գա՜. ձիուն էլ կնայե՜մ, իրեն է՜լ. ոտքերը իրիկունները կլվանա՜մ՝ զինվորի նամահոտն անցնի, բարձը թափ կտա՜մ ու փափուկ գլխատակին կդնե՜մ, ձին կտանեմ ջուրը՜՝ ջուր կտա՜մ-սանձից բռնա՜ծ-կթիմարե՜մ, ընտիր գարի կտա՜մ,  ծամերն ու պոչը կսանրե՜մ՝ միայն թե Անդրանիկ-փաշան ձայնս լսի ու վեր  կենա-գա՜։ Թող վեր կենա՛-գա՜ Անդրանիկ-փաշա՛ս: Հետո մի կարճ ժամանակ լռեց՝ «մտածում էր», եւ ասաց, ասաց՝ Լյովա՛, քեզանից չէի սպասում ու քեզանից չէինք սպասում, բայց  հալա՛լ է քեզ, հալա՛լ է քեզ, որ ինքնակամ պատասխանատվություն վերցրեցիր ու երեխեքին ու ժողովրդին հանել տվեցիր դպրոցի ներքնահարկից: Ժողովրդին հանել տվեցիր անպաշտպան դպրոցի ներքնահարկից: Ի՞նչ իմանանք՝ թուրքն ինչքանո՞վ կգա, ինչո՞վ կվերջանա, կկարողանա՞նք դեմներն առնել. ամբո՜ղջ ժամանակ աչքիս առաջն է, աչքիս առաջն է էս ամբողջ ժամանակ՝ թուրքերը մտել են… կանանցո՜վ, ծերունիներո՜վ, երեխեքո՜վ, աղջի՛կ-երեխեքո՜վ լցված դպրոցի ներքնահարկն ու… էդգարի ձայնը դողաց, առաջին անգամ չկարողացավ իրեն տիրապետել, ու Մակենան ասաց` հը՛՞, լրջացա՞ր վերջապես, եւ էդգարն ասաց՝ ի՛մ արեւ, էս կյանքը նե՛նց զուլո՜ւմ է, նե՜նց զուլում է էս կյանքը՝ ի՞նչ ենք տեսել, որ,  տղե՛րք: Ի՞նչ ենք տեսել, որ… է՛ս ե՞րբ մեծացա, ե՞րբ դպրոց  գնացի, ե՞րբ ամուսնացա-երեխեք  ունեցա, մազերս ե՞րբ սպիտակե՜ց՝ բա՜ն  չհասկացա էս կյանքից, ի՛մ  արեւ, բա՜ն  չհասկացա։ Ու հետո ասաց՝ տղե՛րք, վաղ-առավոտյան կամ էս գիշեր կռիվ է լինելու, էս գիշեր կամ վաղ-առավոտյան կռիվ է լինելու՝ հաստատ է, ու եկեք-պայմանավորվենք, եկեք-պայմանավորվենք… քանի՞ հոգի ենք ամբողջ ճակատում մեր գյուղից… Իմ իմանալով՝ ամբո՜ղջ-մեր գյուղից 92 կռվող ունենք, չէ՞… Եկե՛ք-պայմանավորվենք, որ էս ամեն-ինչից հետո, պատերազմից-կռվից հետո, կենդանի մնացածներս, մեզանից նա, ով կենդանի մնաց՝ զոհվածների երեխեքին տիրություն անի, տիրություն անի զոհվածների երեխեքին… Հո  չե՞մ ասում՝ հաց տա՜, փող տա՜… Ո՜չ, ո՛չ մի դեպքում, ուղղակի, դըպրոց գնացող կամ գյուղամիջում խաղացող… որ զոհվածի երեխա տեսնենք, ասենք՝ ո՞նց ես,  դասերդ ո՞նց ես սովորում, լա՞վ ես սովորում… Գիտե՞ս, որ  Էդգարն իմ ընկերն էր ու լավ հանաքչի էր… Դե՜, նենց էլի, մանկության  տարիներին ո՜նց է լինում, երեխայի հետ ո՞նց են խոսում… որ մենակություն  չզգա… Ես փոքր ժամանակ ոգեւորվում էի, անասելի ոգեւորվում էի, երբ գյուղամիջում մեկնումեկը՝ կոնֆետ էր տալիս, կամ մի ջերմ բան  էր ասում ինձ՝ ոգեւորվում էի՜:

 

 Շարունակելի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031