Հուլիսի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Տաշեղ» (A Splinter) խմբի երևանյան համերգը, որում խումբը ներկայացրեց 17 կատարում: Երգերը երկլեզու էին` հայերեն եւ անգլերեն:
Ինչպես հայտնում է մեներգիչ Աշոտ Թադեւոսյանը` սկզբնական շրջանում երգել է միայն ծանոթների ու բարեկամների համար, այնուհետեւ խումբ է հավաքել, եւ այն կոչել են «Տաշեղ», այսինքն` ընդհանուրից պոկված մի կտոր:
Նշենք, որ «Տաշեղ»-ի երգերը հիմնված են իրական դեպքերի վրա՝ ընդգրկելով զանազան թեմաներ՝ սիրուց մինչև պատերազմ, ինչպես նաեւ կատակ-երգ` նվիրված մերօրյա աղջիկներին: Համերգային ծրագիրն ավելի հետաքրքրացնելու համար Աշոտ Թադեւոսյանը պատմում էր յուրաքանչյուր երգի ծնունդը:
Հետաքրքրաշարժ էր, հատկապես, «Աղջիկներին» երգը, որը հանդիսատեսն ընդունեց ժպիտներով եւ բուռն ծափողջյունով, իսկ «Թաղում»-ը զարմացրեց, քանի որ երգիչը պատկերացրել էր սեփական թաղումը:
Կարդացեք նաև
Պարզ եւ հասարակ երգեր, որոնց շնորհիվ խումբն արժանացել է ArmenianPulse-ի 2012 թվականի «լավագույն խումբ» մրցանակին:
Համերգին մասնակցեցին Լոս Անջելեսից ժամանած խմբի ղեկավար, երգիչ-երգահան Աշոտ Թադեւոսյանը, Վահան Արծրունու խմբի և Lighthouse New Jazz Project-ի կիթառահար Վարդան Գասպարյանը, Miqayel Voskanyan եւ Friends Band-ի հարվածային գործիքների վարպետ Էդուարդ Հարությունյանը եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնտրաբասսիստ Տիգրան Ոսկանյանը: Ձայնակցողներն էին Հռիփսիմե Աղաբաբյանը և Մելինե Հակոբյանը:
Ինչպես տեղեկացանք` այս համերգը «Տաշեղ»-ի երկրորդ ելույթն է Հայաստանում: Աշոտ Թադևոսյանը հայրենիքից կմեկնի մոտ 1 շաբաթից և ցանկություն ունի հետագայում եւս մեկ անգամ հանդես գալ հայրենիքում` հայ հանդիսատեսի առջեւ:
Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ