Լրահոս
Օրվա լրահոսը

50 դրամ՝ ի պետս մեր երջանկության

Հուլիս 22,2013 11:00

Անցյալ շաբաթվա վերջին մի հետաքրքիր հայտարարություն եղավ. պարզվեց, որ հայրենի իշխանությունները զօր ու գիշեր մեր մասին մտածելով եկել են այն եզրակացության, որ հանուն մեր իսկ՝ հայաստանցիներիս շահերի գազի ու էլեկտաէներգիայի սակագինը բարձրացնելուց հետո, հիմա էլ հանուն մեր իսկ՝ տրանսպորտով երթեւեկելու սովոր հասարակ քաղաքացիներիս շահերի ամբողջ 50 դրամով թանկացնում են ավտոբուսների եւ երթուղային տաքսիների ուղեվարձերը: Համենայն դեպս՝ բացի ինչ-որ անհասկանալի հաշվարկներից, որ ներկայացվեցին մեզ՝ այդ ցնցող լուրից երջանկությունից գլուխներս կորցրած քաղաքացիներիս, նաեւ ասվեց, թե ուղեվարձը բարձրացվում է, որպեսզի, ուշադրություն՝ բարձրանա սպասարկման որակը…

Էստեղ արդեն շնորհակալություն հայտնելը քիչ է, էստեղ արդեն հայրենի իշխանությունների անահման հոգատարության նկատմամբ երախտագիտության զգացումը վերածվեց հուզմունքի, որ փղձուկի տեսքով կոկորդովս բարձրանալով՝ ուղղակի խեղդամահ էր անում երջանկության յոթերորդ երկնքում հայտնված նվաստիս…

Դե ո՞նց չերջանկանաս, պարզվում է, որ ընդամենը յուրաքանչյուր ուղեւորից 50 դրամ ավելի գանձել է անհրաժեշտ, որպեսզի՝

ա) «Գազելի» եւ ավտոբուսի վարորդը աշխատանքի դուրս գա սափրված,

բ) նույն այդ վարորդը ղեկին նստի ոչ թե «սպարտիվկայով» կամ «շորտիկներով» ու չստերով, այլ գոնե ջինսե տաբատով ու բոթասներով,

գ) նույն այդ վարորդը երթուղու ընթացքում երեք անգամի փոխարեն գոնե մեկ անգամ ծխի կամ ընդհանրապես չծխի,

դ) անջատի իր ձայնարկիչի ռաբիս երաժշտությունը,

ե) բջջայինով չխոսի,

զ) չգոռա ուղեւորի վրա. «մանր տու, մանր չունեմ…»,

է) կանգառից դուրս կտրուկ չարգելակի՝ լրացուցիչ ուղեւոր փախցնելու համար,

ը) ավելացրեք ինքներդ…

Դե հիմա ասեք, շա՞տ է այդ 50 դրամը, թե՞ ոչ… Իհարկե, շատ չէ: Ինձ որ մնար վերը թվարկված բոլոր կետերը կատարելու համար ես տրանսպորտը կրկնակի կթանկացնեի…

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. – Իսկ հիմա ավելի լուրջ. թվարկածներս տրանսպորտում սպասարկման որակը բարձրացնելու նվազագույն քայլերն են, որոնց համար որեւէ լումա ավելացնելու անհրաժեշտություն չկա: Իսկ թե ինչ է իրական որակյալ եւ արժանապատիվ տրանսպորտը, կիմանա նա, որ գոնե մեկ անգամ եվրոպական որեւէ քաղաքում երթեւեկել է ավտոբուսով կամ տրամվայով…

 Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031