Սեպտեմբեր 21 եւ 22-ին Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի նախաձեռնութեամբ Քէօլն քաղաքում կը կազմակերպուի «2015 եւ Մենք» խորագրով Հայ Երիտասարդական Համագումար: Համագումարին մասնակցելու են հրաւիրուած Գերմանիայում ապրող 18-ից 30 տարեկան հայ երիտասարդներ:
Համագումարի հիմնական նիւթն է` Հայոց Ցեղասպանութեան նկատմամբ վերաբերմունքը Գերմանիայում: Երիտասարդները հրաւիրուած են իրենց գաղափարներով ու մտքերով աջակցելու Համագումարի աշխատանքներին ու Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակը ոգեկոչելու նախաձեռնութիւնների նախապատրաստման: Համագումարի ընթացքում լինելու են նիւթին առնչուած բանախօսութիւններ, որոնց շուրջ ապա աշխատանքային խմբերում տեղի կ’ունենան քննարկումներ:
Համագումարի կազմակերպման իրենց աջակցութիւնն են բերում Գերման-Հայկական Ընկերակցութիւնը եւ ՀայFM համացանցային երիտասարդական Ռադիօյի աշխատակազմը: Բացի Առաջնորդարանից Համագումարին իրենց նիւթական աջակցութիւնն են բերում նաեւ Քէօլնի քաղաքապետարանը, ինչպէս նաեւ Քէօլնի Հիտլերեան Ժամանակաշրջանն Ուսումնասիրող Փաստա-Վաւերագրական Կենտրոնը:
Դիւան Առաջնորդարանի