Լրահոս
Օրվա լրահոսը

Նախախորհրդարան. Ժողովուրդը հաղթահարում է հուսահատությունը

Հուլիս 21,2013 14:53

Իր հայրենադավ եւ ազգուրաց կառավարման ավարտը տեսնող վարչախումբը ձգտում է հնարավորինս շուտ եւ շատ նյութական օգուտ կորզել երկրից եւ ժողովրդից, ինչի նպատակով ձեռնարկում է կեղեքման ու թալանի նորանոր միջոցներ:

Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացմանը հաջորդեց քաղաքային երթուղային ավտոտրանսպորտի վարձավճարի մեկուկես անգամ թանկացումը:

Վարչախմբի այս քայլերի նկատմամբ մեր ժողովուրդն իր խորը վրդովմունքն ու ընդվզումն արտահայտում է տարբեր ձեւերով: Ամռան այս սեզոնին գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման ազդեցությունը դեռեւս զգալի չէ, ուստի մարդիկ հիմնականում պայքարում են ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման դեմ:

Այս հարցում ուրախալի է ոչ միայն երիտասարդների ակտիվությունը, այլեւ մեր մյուս համաքաղաքացիների մի զգալի մասի մասնակցությունը: Պայքարի հաղթական ավարտի համար առավել քան հուսադրող է նաեւ այն հանգամանքը, որ չնայած վարորդները տուժում են, երբ երիտասարդներն ու նրանց արարքից ոգեւորված մյուս ուղեւորները վճարում են վարձավճարի նախկին՝ 100 դրամի չափով, սակայն ըմբռնումով են վերաբերում եւ նույնիսկ սատարում են պայքարող քաղաքացիներին:

Նախախորհրդարանն արձանագրում է, որ մեր ժողովուրդը հաղթահարում է անցնող ամիսների ընթացքում դասական քաղաքական դաշտի փոշիացման ու նրա առաջնորդների հեղինակազրկման հետեւանքով առաջացած հուսահատությունը եւ ինքնակազմակերպվելով՝ տեր է կանգնելու իր երկրին ու ճակատագրին:

Նախախորհրդարանը բարձր է գնահատում իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդ ակտիվիստների գործողությունները, բոլոր ուղեւորների, ինչպես նաեւ մարդկային ու քաղաքացիական կեցվածքով աչքի ընկնող վարորդների համերաշխությունն ու համախմբումը կեղեքիչ համակարգի դեմ պայքարում:

Այս համերաշխ պայքարն արդեն արդյունք է տալիս եւ շարունակելու դեպքում անպայման կհասնի հաղթանակի:

Նախախորհրդարանն այս վճռորոշ պահին բոլոր ուղեւորներին ու վարորդներին կոչ է անում հաղթահարել անձնական ու հոգեբանական պատնեշները, ապագայի շահը ավելի բարձր դասել օրվա շահից եւ էլ ավելի համախմբվելով միանալ այս պայքարին, ամեն կերպ աջակցել ու սատարել երիտասարդ ակտիվիստներին եւ հետզհետե ուժեղացնել ճնշումը՝ կեղեքիչների դեմ երկրի տեր ժողովրդի հաղթանակն ապահովելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031