Հայտնի է, որ Պոդոլսկ քաղաքի մատույցներում խոշոր վթարի կասկածյալ, ՀՀ քաղաքացի 46-ամյա Հրաչյա Հարությունյանին տեղափոխել են Մոսկվայի «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունք` հետազոտության: Հաստատելով այս լուրը, Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մալցեւը «ԳԱԼԱ» հեռուստւաընկերությանն ասել է, որ դա արտառոց բան չէ, այլ քննչական մեկուսարանի այս կլինիկայում կան սենյակներ այն մարդկանց համար, ովքեր քննիչի որոշմամբ գտնվում են հոգեբույժների հսկողության տակ:
Հրաչյա Հարությունյանը ձեռքի կոտրվածք ունի: Ինչը տարօրինակ է. Հրաչյա Հարությունյանի ձեռքը ինչպե՞ս կարող էր կոտրված լինել վթարի արդյունքում այն դեպքում, երբ նա երկրորդ իսկ օրը դատարանում, երբ նրան այնտեղ բերել էին կանացի ծաղկավոր խալաթով, երկու ձեռքերով ծածկում էր իր դեմքը:
«ԳԱԼԱ»-ի հարցազրույցը Հրաչյա Հարությունյանի փաստաբան Մալցեւի հետ:
-Պարոն Մալցեւ, ինչպե՞ս է մեր հայրենակից Հ. Հարությունյանի առողջական վիճակը, նա հիմա որտե՞ղ է գտնվում, ի՞նչ վիճակում է, հոգեբանական օգնություն ցուցաբերվե՞լ է արդյոք Հրաչյային:
Կարդացեք նաև
-Իր առողջական վիճակը նորմալ է, նա գտնվում է «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում (թիվ 2 հիվանդասենյակում), քննչական մեկուսարանում է: Նա գտնվում է ֆիզիկապես նորմալ վիճակում, բարոյական եւ հոգեկան վիճակը՝ նույնպես… Ոչինչ, նա հանգստացել է նրանից հետո, երբ իրեն այցելեցին ՌԴ-ում գտնվող ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները, նրա վիճակը նորմալացավ եւ ասաց՝ կապրենք, բոլորին էլ շնորհակալություն հայտնեց աջակցության, օգնության համար, նաեւ բարեւներ ուղարկեց այդ ժամանակ իր ընտանիքին, իսկ ընդհանուր առմամբ նրա վիճակը նորմալ է:
-Նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրնե՞ր ունի:
-Դա կապված է դատահոգեբուժական փորձաքննության հետ, միայն այդ պատճառով նա հիմա գտնվում է այդտեղ, նա դատահոգեբուժական կանոններով է այդտեղ հիմա, ուրիշ ոչ մի պատճառ չկա, քանի որ ՌԴ օրենսդրությամբ քննչական մարմինները պարտավոր են դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնել յուրաքանչյուր ամբաստանյալի նկատմամբ:
-Հրապարակվեցին նաեւ տեղեկություններ, թե Հրաչյան ինքնասպանության մասին է խոսել, երբ իմացել է 18 զոհերի մասին, կա՞ նման բան:
-Ոչ, նման բան չկա` հարյուր տոկոսով:
– Պարոն Մալցեւ, ռուսական լրատվամիջոցները այսօր միայն (դեպքից օրեր անց) հրապարակեցին, որ Հրաչյա Հարությունյանը ձեռքի կոտրվածք ունի: Այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը:
-Այո´, դա ճիշտ տեղեկություն է, նրա ձեռքը կոտրվել է:
-Գիտեք, այդ դեպքում զարմանալի է. նա դատարանի դահլիճում հենց երկրորդ օրը վթարից հետո ինչպե՞ս էր երկու ձեռքերով փակել դեմքը:
-Բանն այն է, որ նրա ձեռքը ցավում է, ձեռքը կոտրված է դաստակի հոդի հատվածում, այնպես որ դեմքը փակելուն չէր խանգարում, բայց կոտրվածք կա, մատները դժվարանում է շարժել:
-Հրաչյա Հարությունյանը մինչ այժմ չի զրուցել ընտանիքի անդամների հետ: Ոչ մի կերպ հնարավո՞ր չէ արդյոք կազմակերպել հեռախոսազրույց գոնե դեսպանատան աշխատակիցների միջամտությամբ կամ Ձեր օգնությամբ:
-Դե դա, գիտեք, քննչական մեկուսարան է, այդտեղից զանգահարելն արգելված է:
-Մեքենայի, որը վարում էր Հրաչյան, եւ որը վթարվեց, տեխնիկական վիճակի, անսարքության մասին ինչ կարող եք ասել:
-Դեռ փորձաքննության արդյունքները պարզ չեն, այդ գործընթացը շարունակվում է, դրա համար ոչինչ էլ ասել չենք կարող: Կարող եմ ասել նաեւ, որ ուրիշ ոչ մեկին այս պահի դրությամբ մեղադրանք չի առաջադրվել: