Կապանի Օրհուս կենտրոնում բնապահպանական աշխատանքային խումբը հանդիպել է ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանին:
Կենտրոնից տեղեկացանք, որ փոխմարզպետին են ներկայացվել աշխատանքային խմբի Մեղրու տարածաշրջան այցելության մասնագիտական տեսակետները եւ Մեղրի գետավազանում շահագործման թույլատրություն ստացած լեռնահանքային ձեռնարկությունների կառուցման գործընթացը չկանգնեցնելու դեպքում Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությանն սպառնացող վտանգները:
Մասնագետների կարծիքով, Մեղրի գետի ջրավազանի համայնքների այսօրվա պտղաբուծության մեծ արժեքը եւ բարձր պահանջարկը հանքարդյունաբերության հետեւանքով իսպառ կվերանա, քանի որ ծանր մետաղներից զատ գետավազան կլցվի նաեւ մեծ քանակությամբ արսենիում: Մեղրին չի կարող արտահանել իր գյուղատնտեսական արտադրանքը ոչ մի արտերկիր: 20-30 տարի հետո էլ, երբ սպառվեն հանքաարդյունաբերական պաշարները, հանքուղիներից դուրս եկող ծանր մետաղներով եւ արսենիումով հարուստ ջրերը ընդմիշտ կապականեն այդ զուլալ գետակը, ինչպես դա տեղի ունեցավ Կապանի Կավարտ գետակի հետ, որը մահացած ջուր է եւ պիտանի չէ ոչ մի բանի համար: