«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը հերքում է, որ հուլիսի 18-ին կայացած մարզխորհրդի նիստում խիստ է խոսել Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի հետ:
NEWS.am-ի հետ զրույցում Աղասի Հակոբջանյանն ասել է, որ ինքը ընդամենը շատ կարճ շնորհավորել է մարզպետին եւ բարձրացրել է այն բոլոր հարցերը, որոնք ծառացած են Սիսիանի առջեւ: «Սիսիանում ասֆալտապատված փողոցներ ունենալու հարցն եմ բարձրացրել, ասել եմ, որ Սիսիանում ունենք վթարային շենք, որը քանդել հնարավոր չէ: Նաեւ ասել եմ, որ վերջերս ջրհեղեղ է եղել Սիսիանում եւ խնդրել եմ օգնել վերացնել հետեւանքները»,- ասել է ԲՀԿ-ական քաղաքապետը` նկատելով, որ մարզպետը այդ ամենը շատ նորմալ է ընդունել եւ դրական արձագանքել:
Աղասի Հակոբջանյանն ասել է, որ պատրաստվում է նորմալ աշխատել ՀՀԿ-ական մարզպետի հետ, իր կուսակցական պատկանելիությունը որեւէ խոչընդոտ չի կարող հանդիսանալ, իրենք քաղաքականությամբ չեն զբաղվելու, միայն տնտեսությամբ են զբաղվելու, նորմալ կաշխատեն. «Ինչի՞ պիտի չկարողանա մարզը ղեկավարել, կրթությունը չի՞ բավարարում, ես կարծում եմ` շատ լավ էլ կաշխատի:
Աղասի Հակոբջանյանը չի պատասխանել հարցին, թե Սուրիկ Խաչատրյանից եւ Վահե Հակոբյանից ում կնախընտրեր տեսնել մարզպետի պաշտոնում. «Զուգահեռներ մի անցկացրեք, կապրենք, կտեսնենք»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: