Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունեցվածքդ զոհաբերի՛ր Աստծուն, եթե ուզում ես փակվեն քո պարտքերը» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 20,2013 21:36

«Վերածնունդ» հոգեւոր կենտրոնը իր ծառայություններն  է առաջարկում ամեն շաբաթ: Ըստ հայտարարության` աղոթք է արվում ժառանգական եւ ձեռքբերովի անեծքների, հիվանդությունների, թուղթուգրերի, ցավերի դեմ: Սուրբ հոգու ուժով մարդիկ ազատվում են վախի, միայնության, մահվան մտքերից, դժբախտության եւ աղքատության կապանքներից: Որոշեցի սեփական մաշկի վրա փորձել:

Շենքի մուտքից լսելի էին տարբեր կրոնական երգեր, հենց այդ երգերն էլ  տանում էին դահլիճ, որտեղ էլ կատարվելու էր արարողությունը: Դահլիճը լիքն էր, կային տարբեր տարիքի, սեռի, զբաղվածության մարդիկ, նույնիսկ զույգեր կային: Նրանց հիմնական մասը ձեռքերը վերեւ բարձրացրած երգում եւ պարում էր: Բեմում մի ամբողջ նվագախումբ էր, ինչպես հետո պարզվեց նրանց անվանում էին «Փառաբանության խումբ»: Նրանք ոչ մի բանով չէին տարբերվում պրոֆեսիոնալ խմբերից. Կային մեներգչուհի, բեքվոկալիստներ, հարվածահար, դաշնակահարներ, կիթառահար: Մեներգչուհին բեմում վազվզում, թռչկոտում էր, իսկ հանդիսատեսը փորձում էր կրկնել նրա շարժումները: Շատ ռոք խմբեր կերազեին նման «դրայվ» ունենալ իրենց ելույթների ժամանակ:

Դահլիճում կային նաեւ երեխաներ, որոնք հաճախ աղմկում էին եւ որոնց ծնողները անընդհատ սաստում էին` ձայն չհանել: Ուշադրությունս գրավեց մի երեխա, որը պարբերաբար դողումէր, մայրը սկզբում փորձում էր նրան հանգստացնել, բայց հետո հասկանալով, որ վիճակը վատանում է փորձեց դուրս հանել, սակայն խորհուրդ տվեցին` ոչինչ, թող մնա:

Դահլիճում կային նաեւ անվտանգության աշխատակիցներ, որոնք ունեին հատուկ կրծքանշաններ, նրանք հետեւում էին կարգուկանոնին, իսկ կանայք, ովքեր գիտեին երգերի բառերը եւ պարային շարժումները, մարդկանց տրամադրում էին պարել երգերի տակ:

Դահլիճի նստարաններին կային մի քանի հարցաթերթիկ եւ ծրար, որոնց իմաստը բացատրեց «հովիվը»: Պարզվեց` ծրարում պետք է դնել փող, որը պետք է լինի եկամուտի տաս տոկոսը, ցանկացողները, լրացնելով կանաչ հարցաթերթիկները, կարող են դառնալ գործընկերներ եւ պարբերաբար գումար փոխանցել կենտրոնին, իսկ դեղին հարցաթերթիկ լրացնողները հնարավորություն կունենան մասնակցելու կենտրոնի Ուկրաինայում գտնվող «Մովսեսի սար» քոլեջի դասընթացներին:

Ի տարբերություն կրոնական այլ կազմակերպությունների` այս մեկում կանայք գերակշռում էին, որոնց հիմնական քարոզն էր. «Ունեցվածքդ զոհաբերի՛ր Աստծուն, եթե ուզում ես փակվեն քո պարտքերը եւ աղքատությունդ չքանա: Տվե՛ք եւ կտրվի ձեզ»:

Պարզվեց` սա ուկրաինական «Մովսեսի սար» կրոնական կենտրոնի մասնաճյուղն է, նման մասնաճյուղեր կան նաեւ Գյումրիում, Մեծամորում եւ Վանաձորում: Կենտրոնի խորհրդանիշը աղավնին է, իսկ կարգախոսը` «Աստծո հետ անհնարին ոչինչ չկա»:

Երբ բեմ բարձրացավ սլավոնական արտաքնով, ուկրաինական խոսելաոճով տղամարդ, դահլիճում տիրեց աժիոտաժ: Տղամարդը սկսեց աղոթել ռուսերեն եւ երեւի թե` լատիներեն: Աղոթքի ժամանակ հերթ գոյացավ բեմի մոտ եւ լսվեցին կնոջ աղաղակներ: Մի կին բացատրեց. «Սատանային է հանում մարդկանց միջից: Էդ ժամանակ գլուխդ պտտվում է, սկսում ես հազալ, գղտալ … Ես այդպես եմ բուժվել»:

Երբ տղամարդը ձեռքը դնում էր մարդկանց վրա, նրանցից ոմանք ընկնում էին ու սկսում լացել, իսկ անվտանգության աշխատակիցները փորձում էին բռնել նրանց: Բեմ բարձրացած մարդկանց մեջ էր նաեւ այն մայրը իր հիվանդ աղջկա հետ, որոնց միջից էլ տղամարդը «դուրս քշեց» չար ոգուն: Արարողությունից հետո նա հայտարարեց. « Սա նորմալ է, սա աստվածաշնչային է»:

Իսկ վերջում ցուցադրվեց մի տեսանյութ, որը բացահայտ գովազդում էր կենտրոնի ծառայությունները եւ բացատրում էր հիվանդությունների եւ անեծքների չար սկզբունքը:

PrevPhoto
NextPhoto

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լուսինե says:

    Ինձ թվում է, որ բոլոր աղանդավորներից տրանսպորտի վարձը պիտի կրկնակի գանձել, եթե սրանք իրանց եկամուտի 10 տոկոսը պատրաստ են տալու ամեն պատահած թափթփուկի:

  2. Spartak says:

    Հարգելի Ամի Չիչակյան, գրածիդ իմաստը ո՞րն էր:Խրախուսո՞ւմ ես, գովազդո՞ւմ ես այս կազմակերպությունը, թե՞ հայրենակիցներիդ հորդորում մեկ անգամ փորձել:Հա, դու քո մաշկի վրա փորձեցի՞ր:Գոնե քո վերաբերմունքն արտահայտեիր:Սա այն դեպքը չէ, երբ լրագրողը հեռու պետք է մնա սուբյեկտիվ մեկնաբանություններից:Այս դեպքում գործ ունենք աղանդի հետ,նկարագրությունը քիչ է, ասելիքդ պետք է հակադարձ զգացողություն պիտի առաջացներ:Կներես խորհուրդ տալու համար:Աղանդի մասին չլիներ՝ ոչինչ չէի ասի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031