Հուլիսի 13-ին, երբ Հրաչյա Հարությունյանի բեռնատար մեքենան բախվել էր ավտոբուսին՝ խլելով 18 մարդու կյանք, ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ հայ վարորդին նախկինում մի քանի անգամ տուգանել են ճանապարահային երթեւեկության կանոնները խախտելու համար:
«Կոմսոմոսլակայա պրավդա» թերթը գրում է, որ իր ձեռքի տակ ունի փաստաթուղթ, որտեղ նշված է, թե ինչ խախտումներ է կատարել Հարությունյանը եւ ինչքան տուգանք են նշանակել: Ներկայացնում ենք «ԿՊ»-ի հրապարակած խախտումների ցանկը:
2012թ. հունվարի 30. Խոչընդոտը շրջանցելիս դուրս է եկել հանդիպակաց ուղղության վրա, խախտումը գրանցվել է Մոսկվայի Հարավային շրջանում: Տուգանքը եղել է 1000 ռուբլի, այն վճարված չէ:
2012թ. մարտի 14. Երթեւեկության նշաններին կամ գծանշաններին չհետեւելու համար, խախտումը գրանցվել է Կենտրոնական շրջանում: Տուգանքը եղել է 300 ռուբլի, այն վճարված չէ:
Կարդացեք նաև
2012թ. մարտի 16. Անսարքության առկայությամբ մեքենա վարելու համար, խախտումը գրանցվել է Չեխովի շրջանում: Տուգանքը եղել է 100 ռուբլի, այն վճարված չէ:
2012թ. հոկտեմբերի 22. Երկաթուղային անցումներ, ավտոճանապարհների վնասում, ճանապարհային երթեւեկության դիտավորյալ խափանում, խախտումը գրանցվել է Մերձմոսկվայի Նարո-Ֆոմինսկի շրջանում: Տուգանքի չափը եւ վճարման մասին տեղեկությունը նշված չէ:
2012թ. հոկտեմբերի 29. Երկաթուղային անցումներ, ավտոճանապարհների վնասում, ճանապարհային երթեւեկության դիտավորյալ խափանման համար, խախտումը գրանցվել է Մոսկվայի Հյուսիսային շրջանում: Տուգանքը եղել է 1500 ռուբլի, վճարման մասին տեղեկությունը բացակայում է: Նույն խախտումը նույն օրը եւ նույն վայրում, բայց առանց տուգանք չափի եւ վճարման տեղեկության, նշված է եւս մեկ անգամ, հնարավոր է կրկնած լինեն:
2012թ. նոյեմբերի 5. Երթեւեկության նշաններին կամ գծանշաններին չհետեւելու համար, խախտումը գրանցվել է Մոսկվայի Կենտրոնական շրջանում: Տուգանքը եղել է 300 ռուբլի, այն վճարվել է նոյեմբերի 17-ին:
2012թ. դեկտեմբերի 9. Երթեւեկության մեջ առավելություն չտալու այն փոխադրամիջոցին, որն այդպիսի իրավունք ունի, խախտումը գրանցվել է, Հյուսիսային շրջանում: 100 ռուբլի տուգանքը վճարվել է նույն օրը:
2012թ. դեկտեմբերի 9. միակողմանի ճանապարհով հանդիպակաց ուղղությամբ երթեւեկելու համար: 5000 ռուբլի տուգանքը վճարվել է դեկտեմբերի 11-ին: Խախտման վայրը նշված չէ:
Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մելցեւը «Ռոսիա 1» հեռուստաեթերի «Ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ`21:15 րոպեին, նշել է, որ Հարությունյանի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մասին ոչ մի տեղեկություն չկա եւ չի կարող լինել:
«ԿՊ»-ն նաեւ գրում է, որ իրենց ներկայացրած գրությունը ցույց է տալիս, որ Հարությունյանը առաջին անգամ չէ Ռուսաստանում, մինչդեռ նրա ընտանիքի անդամներն ասում են, որ սա նրա առաջին այցն էր Ռուսաստան: Անհասկանալի է, թե որտեղից է «ԿՊ»-ն նման տեղեկություն ստացել, իսկ վերը նշված հաղորդման մեջ Մելցեւը նշում է, որ վարորդը ավելի քան 10 տարի է աշխատում Ռուսաստանում: