Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրիում անցկացված ստորագրահավաքի արդյունքների վերաբերյալ ՀՀ վարչապետին ուղղված նամակի պատասխանն արդեն ստացվել է

Հուլիս 20,2013 17:04

մեղրի պատասխան1Բազմիցս մեր հրապարակումներում տեղեկացրել ենք, որ Մեղրու տարածաշրջանում 14 մետաղական հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ կառավարության կողմից տրված արտոնագրերը մտահոգության լուրջ հիմքեր են առաջացրել տեղաբնակների եւ բնապահպանների շրջանում:

Ինչպես արդեն գրել ենք, Սյունիքում գործող «Կայուն զարգացում» հ/կ-ի նախաձեռնությամբ Մեղրիում անցկացվել էր ստորագրահավաք, որի արդյունքները հունիսի 12-ին ներկայացվել էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել դադարեցնելու տարածաշրջանում հանքերի երկրաբանահետախուզական, շահագործման աշխատանքները եւ կասեցնել տվյալ ընկերություններին տրված արտոնագրերը:  Ստորագրահավաքի արդյունքներով՝ մասնակից մոտ 2400 քաղաքացիների 99%-ից ավելին դեմ է արտահայտվել Մեղրիի տարածաշրջանում իրականացվող հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներին եւ դրանց հնարավոր շահագործմանը: 5000 բնակչություն ունեցող Մեղրի քաղաքում մինչ այդ մասնակցած 18 եւ բարձր տարիքի քաղաքացիներից 2382-ը դեմ է արտահայտվել Մեղրու տարածաշրջանում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը եւ հանքերի հնարավոր շահագործմանը, 5 հոգի կողմ է արտահայտվել, իսկ 11-ը՝ ձեռնպահ:

Ինչպես Aravot.am-ին փոխանցեց «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը՝ վարչապետին ուղղված նամակի պատասխանն արդեն ստացվել է, բայց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանի կողմից:

Արմեն Փարսադանյանը նշեց, որ տեղին չի համարում, երբ վարչապետի փոխարեն պատասխանում է բնապահպանության նախարարությունը եւ այս խնդրի լուծումը տեսնում է այլ հարթության մեջ: «Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը որոշ հղումներ է կատարել ոլորտը կարգավորող օրենսդրությանը` ընդերքի մասին օրենսգրքին, փորձելով տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ կատարվում է օրենքի շրջանակներում, որին հարկ ենք համարում հակադարձել հետեւյալ պատասխաններով»,- ասաց Արմեն Փարսադանյանը եւ մանրամասնեց դրանք՝

 

1) Հասարակական հիմունքներով կազմակերպված ստորագրահավաքը ինքնին ժողովրդի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ պարզելու անաչառ մեխանիզմ է, առավել եւս, երբ քաղաքացիներին հնարավորություն է տրվում հարցի վերաբերյալ ընտրել կողմ, դեմ, ձեռնպահ պատասխանները: Իսկ ստորագրահավաքի արդյունքները կառավարությանը պետք է առաջին հերթին ուղորդի սահմանադրաության 1-ին եւ 2-րդ հոդվածները:

2)Եթե գոյություն չունի տնտեսագիտական վերլուծություն, նոր աշխատատեղերի ստեղծման եւ հանքարդյունաբերական ընկերությունների կողմից վճարվող հարկերի հաշվին տնտեսության զարգացման պնդումները համարում եմ անհիմն: Իսկ միգուցե տնտեսագիտական վերլուծությունների արդյունքում պարզվում է, որ տարածաշրջանում հանքարդյունաբերության ընդլայնման արդյունքում գյուղատնտեսության ոլորտը տասնապատիկ չափով անկում կունենա: Չէ որ Մեղրին համարվում է քաղցրահամ մրգերի երկիր եւ հանքարդյունաբերության զարգացման արդյունքում մեղրեցիները բերք ստանալու եւ այն իրացնելու խնդիրներ կունենան:

3) Մետաղական հանքերի որոնողական աշխատանքները իրականացվում են Մեղրի համայնքին կից` բարձրադիր գյուղական համայնքներում, որոնց գործունեության ազդեցությունը ակնհայտ է Մեղրի համայնքում, քանի որ բարձրադիր վայրերից բոլոր գետակները թափվում են Մեղրի գետը, որով եւ ոռոգվում են տարածաշրջանի այգիները: Այս պարագայում անհրաժեշտ էր առաջին հերթին բանակցել Մեղրիի քաղաքապետարանի եւ բնակչության հետ առհասարակ:

4) Հարկ եմ համարում կառավարության համապատասխան պաշտոնատար անձանց հիշեցնել տեղեկատվության ազատության մասին օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետը, որի ժամկետների խախտումով է տրվել վարչապետին ուղղված նամակի պատասխանը:

Մեղրեցիները բազմիցս են նշել, որ կտրականապես դեմ են տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացմանը եւ չեն պատրաստվում նահանջել եւ առաջիկայում կհայտարարեն իրենց պայքարի հետագա գործողությունների մասին:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031