Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե հակառուսական հիստերիա է պետք, այլ ՌԴ-ի հետ նոր դիվանագիտություն

Հուլիս 20,2013 13:15

Մարքսիստը ռուսամետ ուժերին միավորման կոչ է անում

2008 թվականի սեպտեմբերի 15-ին Մատենադարանի մոտ ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքում այն ժամանակ ՀԱԿ անդամ, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի ռուսերեն լեզվով եւ «ռուսամետ» ելույթը անակնկալի բերեց շատերին, այդ թվում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իր՝ Հակոբյանի համար, այն դարձավ ճակատագրական, այն առումով, որ ՀԱԿ-ում նրա՝ առանց այդ էլ ոչ միանշանակ ընկալումը վերաճեց, մեղմ ասած, հանդիմանանքի: «Առավոտի» հետ զրույցում երեկ Դավիթ Հակոբյանը ցավ ու ափսոսանք արտահայտեց, որ այն ժամանակ ոչ ընդդիմադիր, ոչ էլ իշխանական պարագլուխներն այդքան ճկուն չգտնվեցին՝ հասկանալու համար իր քայլը՝ երկրորդական իրավիճակ համարելով հետընտրական զարգացումները՝ առաջնությունը տալով հայ-ռուսական փոխհարաբերություններին: Հիշեցնենք, որ ավելի ուշ Մարզահամերգային համալիրում նախագահի եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առիթով կազմակերպված հանդիպման ժամանակ էլ մարքսիստը խոսել էր հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման մասին, քանի որ, ըստ նրա, իրենց դիվանագիտական հաղթանակների զոհասեղանին ՌԴ-ն «ողջակիզում էր Հայաստանին»: «Կարեւոր չէր՝ ով  կլիներ ՀՀ նախագահը, կարեւոր էր, թե ՌԴ-ի հետ այդուհետ ի՞նչ հարաբերություններ են լինելու»,- այսօր էլ համոզված է Հակոբյանը՝ հատկապես հայ-ռուսական ներկայիս փոխհարաբերությունների համատեքստում: Հիշեցնենք, որ իր հանրահավաքային ելույթում Հակոբյանը խոսում էր այն մասին, որ պանամերիկյան հեգեմոնիզը վտանգավոր է համաշխարհային  հանրության համար, քանի որ ԱՄՆ-ին դարձնում է համաշխարհային ժանդարմ: Հակոբյանը դրան որպես հակակշիռ առաջարկում էր ստեղծել նոր աշխարհաքաղաքական կենտրոն՝ ի դեմս ԽՍՀՄ նախկին պետությունների «նոր որակի միության»: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, հատկապես Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր հարաբերությունների կարգավորման ֆոնին, մարքսիստը գտնում է, որ Հայաստանի տեղը ՌԴ-ի կողքին է, բայց ոչ որպես ստրուկ. «Կա՛մ Ռուսաստանի հետ կմոխրանանք, կա՛մ Ռուսաստանի հետ կհառնենք մոխրից: Երրորդ տարբերակ չկա»: ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ՀՀ իշխանությունների մղումը մեր զրուցակիցը բացատրում է իրենց օֆշորային գումարները ապահովագրելու ցանկությամբ: Բացի այդ, ըստ նրա՝ եթե ՀՀ իշխանությունները չստորագրեն Ասոցացման համաձայնագիրը, Եվրոպան միանգամից կպահանջի Հայաստանի հինգ միլիարդ դոլարի վարկերը, եւ երկիրը կհայտնվի դեֆոլտի իրավիճակում:

Այս իրավիճակում մեր զրուցակցին դուր չի գալիս այն, որ Հայաստանում ստեղծվում է Ասոցացման համաձայնագրի կողմնակիցների «եվրոպամետ պլատֆորմ՝ ինչ-որ ոչ քաղաքական ճնճղուկների գլխավորությամբ», որը «դառնում է Արեւմուտքի լակեյների պլատֆորմ»՝ այն հիմնավորումներով, թե իբր ՌԴ-ն հետադիմական է, կոռուպցիոն է, ոչ ժողովրդավարական: «Այսօր անհրաժեշտ է ռուսամետ ուժերի միավորում եւ հայ-ռուսական պլատֆորմի, էվոլյուցիոն նոր միության ձեւավորում: Ժողովուրդը դա իշխանությունը չէ: Իշխանության կամքը դեռեւս ժողովրդի կամքը չէ, եւ եթե իշխանությունն ասում է՝ Եվրամիություն, ապա ժողովուրդն ասում է՝ Սովետական Միություն»,- ասում է մեր զրուցակիցը: Մարքսիստը գտնում է, որ Հայաստանը պետք է նաեւ արցախյան դիվանագիտության հարցում օգտվի ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հակասություններից՝ հարց առաջադրելով՝ ճանաչել Արցախի հայկական հանրապետությունը՝ 15 հազար քառակուսի կիլոմետրով, իբրեւ տվյալ պետության ներքին քաղաքական սուբյեկտ: «Դրե՞լ է մեր դիվանագիտական կորպուսն այդ հարցը: Ոչ»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ 300 տարի շարունակ եվրոպական պետությունները հայկական հիմնահարցը «վիժեցնող պետություններն են», բայց այսօր մենք «ոչխարային բնազդով» դարձյալ գնում ենք Եվրոպա: «Հայաստանի իշխանությունը նոր տնտեսական քաղաքականության փոխարեն՝ դեռ նախորդ պարտքերը չմարած, Եվրոպայից բերում է 60 միլիոն եվրո, եւ դնում են Բագրատաշենի անցակետի տեխնիկական մոդեռնիզացիայի եւ արդիականացման վրա: ՀՀ երրորդ հանրապետության պատմության 25 տարիների ընթացքում այդ անցակետով 60 միլիոն եվրոյի ապրանքաշրջանառություն չի եղել: Այդ ինչի՞ վրա է դրվում այդ փողը: Ես համոզված եմ, որ այդ գումարի 75 տոկոսը դարձյալ գնալու է օֆշորային գոտիներ: Այդ ո՞ր ժողովրդավարական համակարգով եք մեր ժողովրդին այսօր գայթակղում: Եվրոպական ժողովրդավարական համակարգը շատ հեռու է ժողովրդավարական լինելուց: Ստրկական Հռոմի դեմոկրատիան ավելին էր, քան այսօրվա Եվրոպայինը: Եվ եթե ՀՀ իշխանությունները ժողովրդին հրապուրում են եվրոպական դեմոկրատիայի դեկլարացիայով, ապա ինչո՞ւ հայաստանյան աշխատուժի վճարման համակարգը չեն բերում եվրոպական չափանիշներին՝ մեկ ժամի դիմաց 8-10 դոլար վճարելով: Մեզ սպառնում է կեղծ ու պիղծ ժողովրդավարական արժեքը, որը բացարձակապես սնանկ է ու միտված է ՀՀ իշխանությունների երկրորդ սրոկն ատբիտ անելուն, բայց օֆշորային հարցերով չի կյանքը, հայկական հարցը՝ արցախյան հարցը այնպիսի փուլում է, որ նոր դիվանագիտական դոկտրին է պահանջում»:

Մեր դիտարկումներին՝ ՌԴ-ն, որին այդքան եւ այդպես մոլեռանդ ձգտում է մարքսիստը, նվաստացնում է հայ մարդուն, նախկին ազատամարտիկին, մեկ միլիարդ դոլարի զենք է վաճառում Ադրբեջանին եւ գազի սակագինն է բարձրացնում Հայաստանում, Դավիթ Հակոբյանն ասաց. «Զենքի մատակարարումը Ադրբեջանին առաջին ապտակն էր Հայաստանին, քանի որ նրանց փորձագետներն արդեն վերլուծել էին ՀՀ իշխանությունների պահվածքը: Բայց առնվազն 2-3 տարի է անհրաժեշտ այդ տեխնիկային տիրապետող մարդիկ պատրաստելու համար: Ադրբեջանական պերսոնալը դրան դեռ պատրաստ չէ, այնպես որ՝ այդ զենքը չի կարող Հայաստանի դեմ օգտագործվել: Այդ օղակը ՌԴ-ն դեռ պահում է իր ձեռքին: Իսկ վարորդի դեպքին այդքան մեծ էսկալյացիա տալն ինձ հիշեցնում է 1990-ականների՝ ՀՀՇ-ի բորբոքած հակառուսական հիստերիան, ինչի արդյունքում Տեր-Պետրոսյանն ու Մանուկյան Վազգենը ստիպված եղան գնալ Ելցինի ոտը: Այստեղ ոչ թե հիստերիա է պետք, այլ ՌԴ-ի հետ նոր դիվանագիտություն: ՌԴ-ն մեզ զգուշացնում է հետեւանքների մասին: Ինչ մնում է գազի գնին՝ ոչ թե ռուսական կողմն է գազը թանկացնում, այլ հայկական կողմն իր նախկին շահույթներից չի ցանկանում զիջել մի գրոշ անգամ, չի ելնում իր ժողովրդի կարգավիճակից: Դրա ապացույցն է նաեւ մնացյալ ապրանքների գների աճը: Եթե միջնորդ օղակը վերցնում է ավելի շատ, քան ռուսն է սահմանի վրա գազ տալիս, ինչո՞ւ էդ միջնորդ օղակը պետական չի, ու պետական գանձարան չեն գնում այդ գումարները: Ինչո՞ւ են վարկը բերում 2 տոկոսով, տալիս միջնորդ բանկերին, նրանք էլ 13-14 տոկոսով տալիս են մարդկանց եւ այլն: Որովհետեւ նախագահն ու վարչապետը չեն մտածում պետական գանձարանի մասին»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Եվ գնահատականներն են ճիշտ,և՝ հետևությունները…Նույն Եվրոպան հրահրեց 15 թվականը,իսկ մենք,ավելի ճիշտ՝ Սերժն իր ,,էլիտար,, խունտայով նորից մեզ տանում է կործանման…Պոկեր խաղացողի ու ավազակապետի հոգեբանությունը մեծ քաղաքականության բնագավառում վեր է ածվել արկածախնդրության ու գռփածը ամեն գնով պահպանելու մոլուցքի…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031