Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ծրագիրս ընդգրկում է երգարվեստի բոլոր ժանրերը՝ բացի ռաբիսից»

Հուլիս 20,2013 12:55

anna Երգչուհի Աննա Մայիլյանը՝ իր ղեկավարած հին ու նոր կոլեկտիվների մասին

Շուրջ 20 տարի բեմական գործունեություն ծավալած երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը ցանկալի հյուր է ինչպես հայրենի հանդիսատեսի համար, այնպես էլ՝ օտարազգի: Շուրջ 15 տարի առաջ  նրա հիմնած «Վարպետներ» անսամբլը, որի գործունեությունը տեւեց մոտ 7 տարի, պատկերավոր ասած՝ տարին 12 ամիս համերգային շրջագայությունների էր մեկնում արեւմտյան երկրներ: Ընդ որում՝ ոչ թե Սփյուռքի, այլ հեղինակավոր համերգային կազմակերպությունների հրավերով, ներկայացնելով հիմնականում հոգեւոր երաժշտություն, կոմիտասյան մշակումներ, ժողովրդական ու գուսանական արվեստ, ինչպես նաեւ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Արդեն մի քանի տարի է, ինչ  Աննա Մայիլյանը հիմնել է «Մայիլյան» վոկալ տրիոն, որի առաքելությունը նույնն է՝ Հայաստանում եւ արտերկրում երգարվեստի տարբեր ժանրերի հայ հեղինակների երգերի տարածումը: Վերջերս «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում «Առավոտը» ներկա էր «Մայիլյան» վոկալ տրիոյի (Աննա Մայիլյան, Արմինե Խաչատրյան, Եվա Եգանյան) համերգին (լուսանկարում): Ինչպես միշտ, ներկայացված ծրագիրը «չափված-ձեւված» էր՝ ընդգրկելով երգարվեստի համարյա բոլոր ժանրերը: Կարծում ենք՝ երգչուհու համար անակնկալ չէր ունկնդրի չափազանց ջերմ վերաբերմունքը, ինչն արտահայտվում էր բրավոներով ու բիսերով:

Երեկոյի ավարտին հանդիպեցինք երգչուհուն: Կեսկատակ-կեսլուրջ հարցրինք, թե երգարվեստում կա՞ այդպիսի մի ժանր, որին չի անդրադառնում: Ճանաչված արվեստագետի պատասխանը հակիրճ էր ու դիպուկ.

«Մշտապես անդրադառնում եմ երգարվեստի բոլոր ժանրերին՝ բացի ռաբիսից»:

Երգչուհուն խնդրեցինք ի վերջո պարզաբանել, թե ինչու ավարտվեց  «Վարպետների» եւ սկսվեց վոկալ տրիոյի գործունեությունը: «Վարպետները» նախագիծ էր, որը, բնականաբար, ունեցավ սկիզբ եւ ավարտ»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, թե տրիոյի պարագայում երգերը ներկայացվում են ակապելլա՝ եռաձայն, մեկ-մեկ էլ անհրաժեշտություն է դառնում դաշնամուրային նվագակցությունը: Տրիոյի երկու անդամներին ներկայացնելով՝ շեշտեց, որ Արմինեն իր ասպիրանտն է, ներկայումս սովորում է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի իր դասարանում, իսկ  Եվան «Շանթ» TV-ով անցկացված «Ժողովրդական երգիչ» նախագծի 3-րդ մրցանակակիրն է:

Զրույցի ընթացքում պարզեցինք, որ գարնանը տրիոն համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, եւ դա կոլեկտիվի առաջին համերգային ուղեւորությունը չէ արտերկիր:

Դիտարկմանը՝ ունենալով ոչ պետական կարգավիճակ, ժամանակին Աննա Մայիլյանի ղեկավարած «Վարպետների» ու «Մայիլյան» վոկալ տրիոյի համար արտերկրյա  հյուրախաղերը կարծես խնդիր չեն…, երգչուհին նշեց, որ իր կարիերայի սկզբում հյուրախաղերը գերնպատակ չեն եղել. «Պարզապես անունս գրանցված է արտերկրյա տարբեր գործակալություններում, թվով 15 CD-ներս էլ իրենց գործն անում են… Սա է վերջին շրջանում վոկալ տրիոյի հաճախակի շրջագայությունների պատճառը»:

Ռեպլիկին՝ երբեւէ մտքով չի՞ անցել տրիոյին տեսնել պետական կարգավիճակում, մանավանդ որ կոլեկտիվը հայաստանյան երաժշտական դաշտում իր տեսակով միակն է, Աննա Մայիլյանը ժպտալով ասաց. «Նման պատվից ո՞վ կհրաժարվի…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031