Լրահոս
Օրվա լրահոսը

Խուճապի մասին

Հուլիս 20,2013 12:30

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրը մեջ խոսում է Հայաստանի վրա հարձակվելու մասին: Ընդ որում, հօգուտ այդ թեզի բերում է զանազան փաստարկներ. օրինակ՝ «Սեւանը մերն է, Երեւանը մերն է, Զանգեզուրը մերն է» եւ նման այլ անհեթեթություններ: Եթե հայաստանյան որեւէ լրատվամիջոց մեջբերում է հարեւան երկրի ղեկավարի այս խոսքերը, արդյոք դա ազգային դավաճանությո՞ւն է նշանակում: Ինձ թվում է՝ ոչ, որովհետեւ մեր ընթերցողներն ու հեռուստադիտողները պետք է իմանան, թե ինչպիսի ցնդաբանություններով է այդ մարդը լցնում սեփական ժողովրդի ուղեղը:

Հերթական ցնդաբանությունն էլ այն է, որ Հայաստանում խուճապ կա Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու կապակցությամբ: Այդպես է Ալիեւը փորձում մեկնաբանել այն «մուննաթները», որոնք Հայաստանում երբեմն հնչում են ռուսների հասցեին: Մի կողմ թողնենք, որ մենք չպիտի «փնթփնթանք» ոչ մի ազգի եւ ոչ մի պետության հասցեին. իրենք իրենց շահերն ունեն, մենք՝ մերը: Բայց ռուսների հասցեին կշտամբանքները «խուճապ» անվանելը, ինձ թվում է, նշանակում է ցանկալին դնել իրականի տեղ: Յուրաքանչյուր միջնակարգ կրթություն ունեցող մարդ գիտի, որ ԱՄՆ-ը շատ ավելի ժամանակակից զենք ուներ, քան Վիետնամը, իսկ Խորհրդային Միությունն իր զինատեսակներով գերազանցում էր Աֆղանստանին, բայց այդ երկու երկրներում գերտերություններն առանձնապես հաջողությունների չեն հասել: Ինչո՞ւ: Որովհետեւ պատերազմներում հաղթում են ոչ թե զենքով, այլ կռվելու մոտիվացիայով: Հարեւան երկրի ժողովուրդը մեզ վրա հարձակվելու մոտիվացիա չունի, եւ եթե այդ երկրի ղեկավարությունը, այնուամենայնիվ, գնա նման խելահեղ քայլի՝ մեղքը նրա վիզը:

Իսկ խուճապն ընդհանրապես լավ բան չէ՝ այն խանգարում է ադեկվատ գնահատել իրավիճակը: Ներքաղաքական կյանքում նույնպես հաճախ ընդդիմադիրները գրում են՝ «ռեժիմը խուճապի մեջ է»: Եվ այդպես 20 տարի:  Հասկանում եմ, որ դա միջոց է՝ սեփական թիմին եւ սեփական ընտրազանգվածին «դուխ տալու»: Բայց չեմ կարծում, որ խուճապը թե նախկինում եւ թե հիմա բնորոշ է  Հայաստանի որեւէ իշխանությանը: Ամբարտավանության հասնող ինքնավստահությունը՝ «մեր դեմ խաղ չկա», «ով է այն տղամարդը» եւ այլն, այո, դա եղել է եւ կա: Ես կգերադասեի, որ նրանց սրտում լիներ ոչ թե խուճապ, այլ անհանգստություն, եւ ոչ թե սեփական աթոռների (դա, անշուշտ, կա), այլ Հայաստանում եւ տարածաշրջանում կատարվող իրադարձությունների համար: Բայց Աստված մի արասցե, որ խուճապ լինի:

Մեկ էլ «խուճապ» բառը շատ են սիրում սպորտային մեկնաբանները՝ «խուճապային իրավիճակ է ստեղծվել մրցակցի  տուգանային հրապարակում»: Այդ բնորոշումն էլ հազվադեպ է համապատասխանում իրականությանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Tigran says:

    Հայաստանում խուճապ չի կարող առաջացնել հոտը, « իրենք էլի իրենց դրել են իրանց երազած տղի տեղը» աստված չանի սկսեն, հաստատ ես անգամ պետություն չեն գտնելու, որ խնդրեն միջնորդի դադարացնենք:

  2. bzjackal says:

    Խուճապ, իրոք, կարծես թե չկա:
    Սակայն ոչ սոցիոլոգիս դիտարկմամբ առկա է առավել կամ նվազ (դժվար է գնահատել) վտանգավոր իրավիճակ, երբ հասարակության մեծ մասի մոտ ապատիա է, իսկ մի այլ մասի մոտ (դա հիմանկանում քաղաքական կոչված «շրջանակներն» են)՝ լճացում կամ պարզապես բթացում: Եվ միայն մի փոքր մասն է, որ ինչ-որ բանի համար պայքարում է, ակնկալում հաջողություններ, խնդիրներ դնում ու ոգևորվում դրանց լուծումներով և այլն:

  3. Ruben says:

    Մոտիվացիայի «ֆանտաստիկ» մեկ օրինակ՝.
    Պատկերացրեք, որ եթե 1990 թ. Հայաստանի օրինական եւ անօրինական զինված խմբերը Նախիջեւանի սահմանին ոչ միայն պաշտպանվեին Ադրբեջանի ագրեսիայից, այլ միեւնույն ժամանակ հակահարված հասցնեին եւ հակագրոհով (եթե Գերագույն խորհրդի նախագահը թույլ տար) ազատագրեին Նախիջեւանի տարածքը: Հնարավոր է, որ Թուրքիան խախտեր ԽՍՀՄ-ի սահմանը: Հետեւանքները՝ ԽՍՀՄ-ը այս ձեւով չեր փլուզվի, Նախիջեւանը կլիներ հայկական, Ղարաբաղը կունենար ընդհանուր սահման Ռուսաստանի Դաշնության հետ: Իսկ Հյուսիսային Ադրբեջանի մայրաքաղաքը կլիներ Աստարան:
    Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելը (Ռուսաստանից), առաջին հերթին անհրաժեշտ է Ռուսաստանին՝ Բաքվի շրջանը (նավթը) պաշտպանելու համար, թե չէ նոյեմբերին մեկ էլ տեսար հայերը կամ պարսիկները եկան հումանիտար առաքելությամբ:
    Իսկ խուճապի են մատնված նրանք, ովքեր նստել են ճամպրուկներին:

  4. Lili says:

    Երևի Սողոմոն Թեհլերյանի գործողության կրկնությունն է այստեղ անհրաժեշտ:

    • Ruben says:

      Թեհլերյանը 1921 թվականին Դաշնակցության առաջադրանքով սպանեց Թալեաթին:
      Առաջադրանք չլիներ՝ չե՞ր սպանի…
      Իր հուշերում Թալեաթը (հր.-1946 թ), հաստատել (ճանաչել) է հայերի բռնագաղթի եւ բնաջնջման փաստը:
      Թուրքական արտակարգ տրիբունալը (1919 թ.) հեռակա կարգով Թալեաթիին դատապարտել (մեղադրել) էր մահվան՝ հայ ազգաբնակչության ոչնչացման եւ այլ հանցագործությունների համար:
      Թալեաթը, հավանաբար անհրաժեշտ էր մեռած, ոչ թե կենդանի վկա-հանցագործ:
      Օտարերկրյա «մասնագետները» հաճախ են օգտագործում դիլետանտներին, իրենց նպատակներին հասնելու համար:
      Մեզ անհրաժեշտ են մեր «մասնագետներ», իսկ դիլետանտները լիքն են:

      • Tigran says:

        հետաքրքիր միտք է: Դե որ դաշնակցությունը դիլետանտ չլիներ, Հայաստանն էլ ես տարածքի վրա չէր մնա:

        • ani says:

          Դաշնակցության մեղքերը շատ են ու ծանր: Ափսոս, որ լուծարվելու փոխարեն դեռ շարունակում են որպես կուսակցություն մնալ ու հանդգնում են ընդդիմություն իրենց հորջորջել: 10 տարի Քոչարյանի հետ երկրի քանդմանը մասնակցելուց հետո որոշեցին որ հիմա էլ շատ պատեհ կլինի ընդդիմություն ձևացնելը

  5. Համլետ says:

    Օ՝հ,ինչպիսի ամբագոռգոռ ու վերամբարձ տոն…Անհարկի է կուրորեն՝ 1988-96թթ ժողովրդի ոգին ու հոգեբանական վերելքը համեմատել այժմյան,ղարաբաղյան հանցագործ կլանի կողմից թալանված,լլկված,անպատվված,անարգված,նսեմացված,ստրկացված ժողովրդի ոգու հետ…Մեր տունը քանդում է մեր միջի՝ ավանդական թշնամին…Ներկա պահին Հայաստանի ժողովրդի առաջին թշնամին Սերժն է՝ իր ոհմակով հանդերձ…Ու նա իր կևորկովյան հոգեբանությամբ ամեն ինչ անելու է՝ ի փառս ալիևյան կլանի…Մնացածը պարապ մտավարժանքներ ու անտեղի հոխորտանքներ են…
    Պետք է ժամ առաջ ազատվել մոնղոլ-թաթարական տիպի լծից ու ավազակապետ Սերժ Սարգսյանից:

    • Ruben says:

      Ավազակապետից ազատվելու ամենաարդյունավետ ու արագ միջոցը՝ ավազակ դառնալն է, կամ էլ հարեւանուհի, ապագա «Շամիրամին» օգտագործելը (կուտ տալը):

    • Tigran says:

      Քո տոնն էլ էնպես ոչինչ ամպագոռգոռ է հնչում, ես լրիվ համաձայն եմ Անիի հետ, բայց Անի ջան հիմա դրա ժամանակը չի, հիմա պետք է արագ համախմբվել Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը, որովհետև միայն նա կարող է առաջնորդել մեզ որպեսզի ազատվենք այս մոնղոլ-թաթարական լծից, և եթե դաշնակցությունը և նրա լիդերները կարևորում են, որ սա թիվ 1 խնդիրն է հայսատանի համար կգան ու կաջակցեն, դե ասենք բացի Վահան Հովհաննիսյանից:

      • ani says:

        Դաշնակցությունը միշտ էլ ամենավճռական ու պատասխանատու պահերին գցողի ու դավաճանի դերում է եղել: Եկեք դասեր քաղենք պատմությունից և այլևս երբեք չվստահենք էն քաղաքական ուժերին, որոնք արդեն մեկ անգամ շատ վատ դերակատարում են ունեցել մեր պատմության մեջ և նման ուժերի հետ ճանապարհ չանցնենք: Ինչպես ասում են, սապատավորին միայն գերեզմանը կուղղի, իսկ դաշնակցության դավաճան ոգին՝ ինքնալուծարումը

      • Ruben says:

        Տիգրան ջան, ավելի լավ (ճիշտ) կլիներ, որ Լեւոնը և լեւոնականները համախմբվենի քո շուրջը: Դու կարող ես ընդունել ավելի խելացի, արդար, ազգանպաստ որոշումներ, տալ լուծումներ ու դիմել քայլերի, քան անողնաշար Լևոնն ու շահամոլ լեւոնականները (հհշ-ականները): Այսօր կառավարիչների, պատգամավորների, կուսակցական առաջնորդների, օլիգարխների ու գողերի 96%-ը Լևոնի ծնածն են: Հետաքրքրվիր ու կտեսնես թե ով որտեղից է ծլել:
        Կարծում եմ, որ դրանց միջից միայն Սերժիկը կցանկանա մաքրել այդ աղբը: Բայց, ցավոք, ինքն էլ է խրվել այդ ցեխի մեջ:

  6. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սրա ԱՄԵՆԱՄԵԾ մեղավորը ՀՀ իշխանությունների ԼՂՀ-ի կարգավիճակի վերաբերյալ անորոշ վերաբերմունքն է. ո՛ չ անկախությունն են ճանաչում, ո՛ չ էլ ՀՀ մաս: Այսօր, (միջազգային) իրավունքի տեսանկյունից, ՀՀ-ն ու ԼՂՀ-ն կապող ՈՉ ՄԻ de jure փաստաթուղթ չկա: Սրանից էլ օգտվում է Ադրբեջանը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031