Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Շանթով» շահեց հայ թատրոնն ու հայ դրամատուրգիան

Հուլիս 20,2013 12:50

Վստահեցնում է «Համազգային» հայ կրթական-մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը

Վերջին շրջանում ակտիվություն է նկատվում թատերգության ոլորտում. անց են կացվում մրցանակաբաշխություններ, որոնք նպատակ ունեն բացահայտելու հատկապես բեմական գրականության մեջ արձանագրվող տեղաշարժերը, այդպիսով խթանելով թատրոն-գրականություն կապը: Ասվածի վկայություններից մեկն էլ վերջերս «Համազգային» հայ կրթական-մշակութային միության կողմից անցկացված «Լեւոն Շանթ» մրցանակաբաշխությունն է: Արդեն հայտարարվել են արդյունքները, հրապարակվել մրցանակակիրները. 5 լավագույն գործերը ստացան դրամական պարգեւներ, իսկ առաջիկայում մրցանակաբաշխությանը մասնակցած 12 պիեսները, այդ թվում՝ մրցանակակիր, կհրատարակվեն ժողովածուով: Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր տարեսկզբին:

«Առավոտի» հետ զրույցում «Համազգային» հայ կրթական-մշակութային  հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը խոսելով մրցույթի մասին, դրա  նպատակներից հատկապես  առանձնացրեց հայ թատերգության ու թատրոնի ավանդույթների շարունակության, թատերգության ժանրում ստեղծագործող նոր անունների, ինչպես նաեւ ժանրային նոր ուղղությունների բացահայտումը:

«Ըստ էության, մրցանակաբաշխությունը մեր դրամատուրգիայի տնտեսության հետախուզում էր, նպատակ ունենալով թատրոնի լեզվով ճշտելու՝ ով է մեր ժամանակների հերոսը եւ մեր ժամանակը ինչ անդրադարձ է գտել թատերգության մեջ, քանի որ շարունակ հնչում է տագնապ, թե հայ թատրոնը տեղապտույտի մեջ է, անդրադարձ չի կատարվում մեր ժամանակի զարկերակին կամ թատերգությունը՝ որպես գրական ժանր, դադարել է կենսունակ լինելուց»,- նշեց Լիլիթ Գալստյանը:

Խնդրեցինք  ասվածը մանրամասնել  անցկացված մրցանակաբաշխության օրինակով: Մեր զրուցակիցը նախ նշեց շուրջ 6 ամիս շարունակ, իր խոսքերով՝ բազմաչարչար ժյուրիի աշխատանքը, որի անդամներն էին բեմադրիչ Ռուբեն Բաբայանը, ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը, արձակագիր Ռուբեն Հովսեփյանը, գրաքննադատ Արքեմնիկ Նիկողոսյանը եւ ինքը. «Իսկապես չէինք սպասում, որ կունենանք  51 հայտ, որից 12-ը՝ Սփյուռքից, այդ թվում՝ Անգլիայից, Բուլղարիայից, Իրանից եւ այլն»: Իսկ թե ով է մեր ժամանակի հերոսը, Լիլիթ Գալստյանի խոսքերով՝ «Ժյուրին բացահայտել է երկու թեմա, որ մշտապես անհանգստացնում ու ցավեցնում է հայերիս. դա արտագաղթն է եւ արցախյան ազատամարտը: Իսկ հերոսը, պարզեցինք, որ մեր կողքին ապրող ու մեր դառնությունը կիսող մարդն է, որն ամեն վայրկյան հայրենիքի, սեփական արմատի թանկության գիտակցության, արժանապատվության գոյի ու փնտրտուքի մեջ է եւ ասածս  հաստատում են նաեւ պիեսների վերնագրերը՝ «Գնացքի երկու տոմս», «Տունը սահմանի վրա» եւ այլն»:

Մեր զրուցակցին զայրացրեց դիտարկումը, թե օրավուր աճող արտագաղթի պայմաններում դրսում տաքուկ անկյուն փնտրող հայ թափառականն էլ է ժամանակի հերոս: «Հայը հայ է՝ երկրագնդի որ անկյունում էլ լինի: Նրանցից շատերի մեջ կա հայրենիքին, իրենց արմատներին տեր կանգնելու գենը: Կերպարներ ունենք, որոնք իսկապես պինդ հայ են, թեեւ օտար հողում, բայց երկու ոտքով իրենց արմատներին կառչած են,- պաթետիկ տոնով ասաց մեր զրուցակիցը, հավելելով,- գեղարվեստական արժեքի չափանիշը, ի վերջո, դեռ թեման չէ: Հասկանում եմ, որ նման թեմաներն անխուսափելի են եւ կզարմանայի, որ 21-րդ դարասկզբին մեր դրամատուրգիան չանդրադառնար դրանց: Պիտի նշեմ, որ գրվածքներում ոչ թե թեման էր ուղղորդողը, այլ ուղերձը»:

Հարցրինք, թե ինչ ճակատագիր է սպասվում մրցույթի գլխավոր մրցանակակրի՝ Գուրգեն Խանջյանի պիեսին: «Խանջյանի «Արտավազդ-Շիդարը» կբեմադրվի՝ այստեղ որեւէ կասկած լինել չի կարող, իսկ պիեսը առանձնացավ մյուս գործերից իր գեղարվեստական թատերգության յուրօրինակությամբ»,- եղավ պատասխանը: Լիլիթ Գալստյանը համոզմունք հայտնեց, որ իրենց կողմից անցկացված մրցանակաբաշխությամբ շահեց հայ թատրոնն ու հայ դրամատուրգիան:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031