Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կեղծ լուրը դառնում է պատուհաս

Հուլիս 20,2013 12:40

 Ի՞նչ է իրականում տեղի ունեցել երիտասարդական ճամբարում. սեքսապաթոլոգը դնում է իր մասնագիտական վերջակետը

Այս թեման, ցավոք, վերջերս դարձել է ամենաքննարկվողներից մեկը, ինչը, իհարկե, ինձ՝ որպես մասնագետի եւ քաղաքացու, մտորելու տեղիք տվեց: Երբ որեւէ մեկի անզգույշ ասված խոսքը դառնում է պատուհաս, ակամայից հիշում ես հայկական ասացվածքի մեղմացված տարբերակը՝ մեկը քարը հորը գցեց, հազար խելոք հավաքվեցին՝ չկարողացան հանել: Ահա եւ նմանատիպ իրավիճակ ստեղծվեց վերջերս, երբ ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարվեց, թե «Շողիկ» ճամբարում երեխաների սեռական դաստիարակության դասընթացի ժամերին ցուցադրվել են պոռնոֆիլմեր, կանանց եւ տղամարդկանց մերկ մարմիններ»: Մի ակնթարթում այս ստահոդ հայտարարությունը դարձավ տասնյակ հոդվածների վերնագիր: Բազմաթիվ լրատվամիջոցներ վերընթաց ու «շիկացած» ռեյտինգային սանդղակ ապահովելու նպատակով առանց պարզելու նյութի իսկությունը հեւիհեւ սկսեցին նույնությամբ վերահրապարակել այդ բարբաջանքը՝ բացարձակ չմտածելով, որ նման անզգույշ եւ անուշադիր աշխատանքի արդյունքում մի ամբողջ հանրություն կհայտնվի լարվածության եւ ապատեղեկատվության մթնոլորտում: Եվ այդպես էլ եղավ: Ցանկացած երեւույթի մասին խոսելիս պետք է առաջնորդվել փաստերով, ոչ թե զարկ տալ անառողջ երեւակայությանը եւ օդում անհաջող կրակել: Իսկ փաստը հետեւյալն է. անցյալ տարի՝ օգոստոսին, «Շողիկ» ճամբարի կազմակերպիչների հրավերով հասարակական հիմունքներով երկու անգամ այցելել եմ Հանքավանի ճամբար՝ դասախոսություն կարդալու: Հրավիրող կողմը, նախապես համացանում ծանոթանալով իմ հանրամատչելի նյութերին, ցանկություն էր հայտնել, որ դասախոսությունը նվիրված լինի սեռական դաստիարակության հարցերին: Նախապես քննարկվել էին դասախոսության անցկացման ձեւաչափը, տեւողությունը եւ օրերը: Հաշվի առնելով հեռավորության խնդիրը եւ ժամանակի սղությունը՝ որոշվեց դասախոսությունը անցկացնել 2 անգամ՝ 2 տարբեր օրերի՝ ճամբարի մասնակիցներին բաժանելով 2 մեծ խմբի: Ընդհանուր առմամբ 2 օրվա դասախոսություններին ներկա են եղել 250-ից ավելի մասնակիցներ, ընդ որում՝ ոչ թե 13-17 տարեկան անչափահասներ, ինչպես թյուրիմացաբար ասվել է մամլո ասուլիսին, այլ 17-30 տարեկան երիտասարդներ, այդ թվում` ներկա են եղել թե՛ ճամբարի տնօրենը, թե՛ կազմակերպիչները, հոգեբանը, մանկավարժը, ինչպես նաեւ դասախոսությանը հրավիրված հատուկ հյուրերը: Բայց նույնիսկ եթե դասախոսությանը ներկա լինեին 13-17 տարեկան պատանիները, սեռադաստիարակչական այդ ծրագիրը նախատեսված է նաեւ նրանց համար եւ որեւէ խնդիր չի հարուցում, քանի որ ցանկացած անձ ունի սեռապես կիրթ լինելու իր իրավունքը, եւ սեռական դաստիարակությունը նախատեսված է նաեւ դեռահասների համար՝ ըստ տարիքային եւ բովանդակային առանձնահատկությունների:

Երկու օրերի դասախոսությունները տեւել են գրեթե 3 ժամ, ինչը նախատեսվածից շատ էր՝ հարցերի եւ քննարկումների պատճառով: Ներկաների մոտ դասախոսությունն առաջացրել էր բուռն հետաքրքրություն, ինչն արտահայտվեց բաց եւ անկեղծ հարցերով, ընդ որում՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր: Նկատելի էր տղաներից մի քանիսի ագրեսիվ վարքը, որը արտահայտվում էր աղմուկով եւ ազատ ելումուտով:  Հանդիպման ժամանակ քննարկվել են երիտասարդների սեռական առողջության հիմնահարցերը՝ սեռական դաստիարակության սխալները, ամուսնական նորաստեղծ ընտանիքի խնդիրները, թեթեւամիտ սեռական կենսակերպի եւ սեռավարակների հետեւանքները, ամուսնական առաջին գիշերվա, պահպանակների վերաբերյալ տարածված սխալ կարծրատիպերը եւ այլն:

Դասախոսություններն ուղեկցվել են հանրամատչելի եւ բացատրական սլայդներով, որոնք ավելի հետաքրքրիր են դարձնում դասախոսությունը եւ հեշտացնում նյութի ընկալումը: Երկու օրերի դասախոսություններն էլ բարեհաջող են ընթացել՝ ավարտվելով ծափահարություններով, գոհունակությամբ եւ շնորհակալական խոսքերով:

Բոլորովին անսպասելի էր եւ խիստ զարմանալի, երբ այս տարվա մայիսին ինձ զանգահարեցին ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունից եւ հայտնեցին, թե գրեթե մեկ տարվա պատմություն ունեցող դասախոսության կապակցությամբ ստացել են բողոք, ինչի կապակցությամբ հրավիրում են համապատասխան մեկնաբանություն տալու: Իրավիճակը հասկանալու եւ չարության արմատը գտնելու նպատակով զանգահարեցի գլխավոր կազմակերպիչներից մեկին եւ տեղեկացա, որ ստեղծված տհաճ իրավիճակը անձամբ ինձ չի վերաբերում, դա իրենց կազմակերպության ներքին խնդիրն է եւ լարված միջանձնային հարաբերությունների ու խռովքների հետեւանք, ինչի համար հայցում են իրենց ներողամտությունը եւ խոստանում կարճ ժամանակահատվածում շտկել այդ անառողջ քաոսը: ՀՀ ԱՆ-ում համապատասխան մեկնաբանություններից հետո տեղեկացա, որ վարույթը ավարտվել է: Երկու ամիս անց՝ բոլորովին վերջերս, զարմանքի հերթական ալիքը պատեց, երբ տեղեկացա, որ ասուլիսներից մեկի ժամանակ անդրադարձ է եղել վերոնշյալ երիտասարդական ճամբարի դասախոսությանը՝ փորձելով այն արժանացնել հերոստրատյան հռչակի եւ հնչեցնելով անլուրջ եւ վտանգավոր մտքեր: Ասուլիսի այդ հատվածը դարձավ հանրության բուռն քննարկման թեմա, ինչն էլ հիմք հանդիսացավ, որպեսզի այդ կնճռոտ պատմությանը տամ իմ մասնագիտական գնահատականը եւ վերլուծությունը:

Ընդհանրապես, նման թեմաների համառ եւ տեւական քննարկումը անցանկալի է եւ վտանգավոր, քանի որ հաճախ արդյունքում ապատեղեկացված եւ սիրողական կարծիքները միախառնվում են՝ ստեղծելով քաոսային տհաճ իրավիճակ: Հայտնի խոսքն ասում է՝ երբ անկարող ես օգնել, գոնե մի վնասիր: Եվ հոնքը շտկելու փոխարեն աչքը մի հանիր…

ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Սեքսապաթոլոգ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031