ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը այսօր` Հուլիսի 20-ին տեղեկացնում է, որ Հուլիսի 17-ին Ուրուգվայի Նախագահական պալատում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնելու մասին պաշտոնական հայտարարության առիթով: Միջոցառմանը ներկա էին Ուրուգվայի մշակույթի եւ կրթության նախարարը, Արգենտինայում եւ Ուրուգվայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, կառավարության, օրենսդիր մարմնի երկու պալատների, հասարակական կազմակերպությունների, ուրուգվայահայ համայնքի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Սկզբում ընթերցվել է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի ուղերձը, որով վերջինս ողջունում էր նախաձեռնությունը եւ նշում, որ թանգարանի հիմնումը կօգնի վառ պահել հիշողությունը մի ցեղասպանության մասին, որը ցնցել է համայն մարդկությունը։ Ելույթներով հանդես են եկել Ուրուգվայի մշակույթի եւ կրթության նախարարը, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը եւ դեսպան Մելիքյանը։
Հայաստանի կառավարության անունից խորին երախտագիտություն հայտնելով Ուրուգվայի իշխանություններին եւ նախաձեռնության հեղինակներին` դեսպանը նշել է, որ սա եւս մեկ կարեւոր եւ պատմական քայլ է արդարության վերականգնման ճանապարհին եւ հերթական հիմնավոր պատասխանը ժխտողականությանն ու այլատյացությանը։
Թանգարանի կառուցումը սկսելու նպատակով առաջիկայում կձեւավորվի պետական հանձնաժողով։