Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների եւ երիտասարդական կառույցների մասնակցությամբ «Ավելի մաքուր Երեւան» կարգախոսով ծրագրի շրջանակում մաքրման աշխատանքներ են իրականացվել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հնավայրի տարածքից թափոնների հեռացման աշխատանքներին ներգրավվել են աղբատար եւ մասնագիտացված այլ մեքենասարքավորումներ: Երեւանի քաղաքապետարանը հոգացել էր նաեւ մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաների ապահովումը:
Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ ծրագրի մեկնարկից մինչ օրս մաքրման աշխատանքներ են իրականացվել 4 վայրերում, ուր տարածքները բերվել են պատշաճ տեսքի: Սա, ըստ վերջինիս, կնպաստի, որ քաղաքացիները ավելի ուշադիր եւ հոգատար լինեն հարազատ քաղաքի նկատմամբ:
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության եւ իրականացված աշխատանքների համար, նշել է, որ հատկապես ամռան այս շրջանում, երբ թանգարան շատ են այցելում զբոսաշրջիկները, մաքրման գործում աջակցությունը տեղին էր եւ կարեւոր՝ տարածքի պահպանման տեսանկյունից:
Կարդացեք նաև
Նախատեսվում է «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում հաջորդ շաբաթ մաքրման աշխատանքներ իրականացնել «Փարոս» անտառպուրակի տարածքում: