Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Մեղրիի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին ասել է, որ հուլիսի 20-ին, ժամը 01:00-ի սահմաններում Մեղրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մեղրիի բաժին հայտնել են, որ սուր կտրող ծակող առարկայի հարվածներից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Մեղրիի բնակիչ, 28-ամյա Նելի Ա.-ի դին: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Չարենցի փողոցի թիվ 1 շենքի մոտից: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ լուսաբացին Նելի Ա.-ին սպանելու կասկածանքով Մեղրիի ոստիկանները ոստիկանություն են բերման ենթարկել նրա ամուսնուն՝ 34-ամյա Միխայել Վարդանյանին, որը որպես կասկածյալ ձերբակալվել է:
Իսկ ոստիկանությունը դեպքի առթիվ տեղեկացնում է, որ Հուլիսի 20-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից մահացած` իրենց մոտ է տեղափոխվել Ագարակ քաղաքի բնակչուհի, 1984 թ. ծնված Նելլի Աղայանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ շքամուտքում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Ն. Աղայանի մարմնի տարբեր մասերին դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել եւ նրան սպանել է ամուսինը` 1979 թ. ծնված Միխայել Վ.-ն: Նույն օրը, ժամը 01.30-ին, Միխայել Վ.-ն ներկայացել է ոստիկանություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: