Երեւանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ պայքարողխումբը թռուցիկ է բաժանում եւ կոչ անում տրանսպորտից օգտվելիս վճարել միայն 100 դրամ, քաղաքապետարանի սահմանած 150 դրամի փոխարեն:
Թռուցիկում ասվում է.
«Հուլիսի 20-ի առավոտից սկսում ենք երթուղայիններում թռուցիկների տարածումը, ցուցադրական 100 դրամների վճարումը, մարդկանց իրազեկումը, հիմնավորումը, թե ինչու պետք է վճարել 100 դրամ: Արդեն կազմվել են մի քանի խմբեր, որոնք քաղաքի տարբեր հատվածներում առավոտից կաշխատեն: Եթե կան այլ մարդիկ, որոնք ցանկանում են մասնակցել ու ներգրավված չեն այդ խմբերում, կարող են միանալ ֆեյսբուքյան միջոցառմանը, կազմել իրենց խումբը եւ անցնել գործի, կամ դա իրականացնել միայնակ` տպելով թռուցիկի տեքստը կամ գրելով ֆեյսբուքյան միջոցառման մեջ եւ եթե կլինեն պատրաստի տպված թռուցիկներ վերցնել դրանք: Նույնիսկ թռուցիկի բացակայության պարագայում նստում ենք երթուղայիններ, դեմոնստրատիվ վճարում ենք 100 դրամը` բացատրելով վարորդին եւ մյուս ուղեւորներին, թե ինչու է դա արվում եւ կոչ անելով մյուս ուղեւորներին եւս վճարել 100 դրամ:
Թռուցիկի տեքստը՝
Կարդացեք նաև
ՉԵ՛ՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՎԵԼՅԱԼ 50 ԴՐԱՄ
Հայաստանցի, քեզ խաբում են՝ հայտարարելով, թե տրանսպորտի 50-100% թանկացումը ընդհանուր թանկացումների անխուսափելի հետեւանքն է։ Հանրային տրանսպորտը թանկացնում են 50-100%՝ շատ ավելի բարձր տոկոսով, քան թանկացումներն է։ Ավելին, դիզվառելիքը չի թանկացել, բայց դրանցով աշխատող ավտոբուսների ուղեվարձը նույնպես պատրաստվում են դարձնել 150 դրամ:
ՄԻ՛ ԹՈՂ ՔՈ ՀԱՇՎԻՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ ԳԵՐՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱՆ
Չորս անձից կազմված միջին վիճակագրական ընտանիքի ամսական ծախսը այս թանկացումով կավելանա ամենաքիչը 10000 դրամով: Ո՞ւր է գնալու այս գումարը, արդյո՞ք դրա արդյունքում թեթեւանալու է վարորդների հոգսը կամ բարձրանալու է սպասարկման մակարդակը։ Ո՛չ, հայաստանցու գրպանից պակասող այս գումարի հաշվին ընդամենը էլ ավելի մեծանալու են այն օլիգարխների շահույթները, որոնց պատկանում են երթուղային ավտոբուսների գծերը։
ԲՈՅԿՈՏԻ՛Ր ԹԱՆԿԱՑՈՒՄԸ
Ի՞նչ անել։ Հաշտվել այս թանկացման հետ ու հնազանդվե՞լ։ Բայց եթե այս թանկացման նախաձեռնողները տեսնեն, որ դիմադրություն չկա, այս թանկացմանը կհետեւեն համանման ուրիշ թանկացումներ՝ ավելի ու ավելի ծանր։ Դա թույլ չտալու համար պետք է բոյկոտել այս թանկացումը, չվճարել 150 դրամը եւ հասնել նրան, որ թանկացումը չեղյալ հայտարարվի։
ՄԻ՛ ՎՃԱՐԻՐ 150 ԴՐԱՄ
Միասին մենք կհասնենք նրան, որ այս թանկացումը չեղյալ հայտարարվի։ Մեր բոյկոտը բնավ ուղղված չի հանրային տրանսպորտի վարորդների դեմ։ Ընդհակառակը՝ 150 դրամ ՉՎՃԱՐԵԼՈւ մեր այս բոյկոտը կարող է խթան հանդիսանալ, որ վարորդները ավելի լավ գիտակցեն սեփական շահերը պաշտպանելու իրենց իրավունքը եւ օրենքով թույլատրված ձեւերով, որոնցից է նաեւ գործադուլը, հասնեն իրենց սոցիալական վիճակի բարելավմանը։
ԲԱԶՄԱՑՐՈ՛Ւ ԱՅՍ ՏԵՔՍՏԸ, ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԲԱԺԱՆԻ՛Ր ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՓԱԿՑՐՈ՛Ւ ՇԵՆՔԵՐԻ ՄՈՒՏՔԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻՍ ՇԱՐՈՒՆԱԿԻ՛Ր ՎՃԱՐԵԼ 100 ԴՐԱՄ»: