ՀՀ Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին
Այս տարվա հունիսի 28-ին և 29-ին ականատես եղա այն փաստին, որ «ԱՏ մետալս» ընկերությունը Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի վարչական տարածքում հանքավերամշակման արտադրամաս է կառուցում, ընթացքում առաջացած հողային զանգվածը լցնելով Տաշտուն լեռնային գետի հունի անմիջական հարևանությամբ. այդ ժամանակ արդեն հողը լցվում էր նաև Տաշտուն գետը: Շինարարություն իրականացնողները հրաժարվեցին փաստաթղթեր ներկայացնելուց, պատճառաբանելով թե դրանք գտնվում են «ԱՏ մետալս» ընկերության Երևանյան գրասենյակում: Հուլիսի 1-ին գնացի նշված գրասենյակ, որի պատասխանատու անձ Հայկ Մեժլումյանն ասաց, որ շինարարության թույլտվության փաստաթղթերը գտնվում են Տաշտուն գյուղում: Այդ նույն օրը՝ հուլիսի 1-ին ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացա, որ ընկերությունը այս հարցին առնչվող որևէ փաստաթուղթ դեռևս չէր ներկայացրել փորձաքննության: Նախարարությունից նույնպիսի պատասխան ստացա նաև այսօր՝ հուլիսի 15-ին: Պարզվում է, որ «ԱՏ մետալս» ընկերությունը ոչ միայն շինարարական աշխատանքներ սկսելու թույլտվություն չունի, այլև համապատասխան նախագիծը դեռևս չի ներկայացրել բնապահպանության նախարարություն՝ փորձաքննություն իրականացնելու համար:
Վստահ ենք, որ Ձեր միջամտությամբ կկասեցվի «ԱՏ մետալս» ընկերության կողմից իրականացվող նշված ապօրինի գործունեությունը, իրավախախտները պատասխանատվության կենթարկվեն և «ԱՏ մետալս» ընկերության միջոցներով ավերված տարածքները կբերվեն նախնական տեսքի:
Հակոբ Սանասարյան
Հայաստանի Կանաչների միության նախագահ
15-ը հուլիսի 2013թ.