Այսօր Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիպեց Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր միության մի խումբ անդամների հետ: Սրբազան Հայրը մեկ առ մեկ լսեց նրանց և բացատրեց, որ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի և այլևս «Արարատ» հոգևոր միության ղեկավարը չէ, քանի որ այդ միությունը պատկանում է Սուրբ Սարգիս եկեղեցու համայնքին և ենթակա է այդ համայնքի ծխական խորհրդին: Տեր Հակոբը իր գործունեությունը շարունակելու է՝ համակարգելով ամբողջ թեմի երիտասարդաց միություների աշխատանքներն ու կազմակերպչական հարցերը:
Տեր Հակոբին վերադարձնելու՝ միության անդամների խնդրանքին Սրբազան Հայրը պատասխանեց, ասելով՝ եթե մինչև հիմա նրանք տեր Հակոբի գլխավորությամբ միայն «Արարատ» միության աշխատանքներով են զբաղվել, ապա հիմա իրենց աշխատանքի ծավալը միայն մեծանում է, քանի որ տեր հայրն այժմ ավելի շատ ժամանակ կունենա ողջ թեմի երիտասարդական կառույցի աշխատանքները կազմակերպելու համար: Այդ աշխատանքների համար Սուրբ Երրորդություն եկեղեցում պայմաններն անհամեմատ ավելի լավն են, աշխատանքային սրահն՝ ավելի մեծ, քան «Արարատ» միության այժմյան սենյակներն են:
Թեմական երիտասարդական կառույցը, որը ստեղծվել է Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հատուկ հանձնարարությամբ, ի սկզբանե ղեկավարել է տեր Հակոբը: Նավասարդ սրբազանն ասաց, որ ինքը տարիներ ի վեր հետևում է նրա աշխատանքին և դրական պտուղները մեկ անգամ չէ, որ իր կողմից գնահատանքի են արժանացել: Սրբազան Հայրը վստահ է, որ «Արարատ» հոգևոր միության անդամներն էլ լավագույնս կարող են ներգրավվել ողջ թեմի երիտասարդական կառույցի աշխատանքներում՝ ընդլայնելով իրենց գործունեությունը:
Կարդացեք նաև
Արարատյան Հայրապետական Թեմի Մամլո դիվան