Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԶԵԲ-ի նախագահի կարծիքով` Հայաստանի տնտեսական աճը հարգանքի է արժանի

Հուլիս 19,2013 20:46

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մինչեւ տարեվերջ 120 միլիոն դոլարի ներդրում կանի Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բանկի նախագահ Սումա Չակրաբարտին, ում առաջին պաշտոնական այցն է մեր երկիր:

Այսօր նաեւ 7 միլիոն դոլարի վարկային ծրագիր է ստորագրվել ՎԶԵԲ-ի եւ «Երեւան ջրի» միջեւ: Պարոն Չակրաբարտիի խոսքերով` «Ես հուսով եմ, որ Եվրոպական ներդրումային բանկը լրացուցիչ 7 միլիոն դոլար կհատկացնի այս տարի, այն ես կներկայացնեմ բանկի տնօրենների խորհրդին: Ես ուրախ եմ հայտարարել, որ Եվրամիության հարեւանության քաղաքականության շրջանակներում Եվրամիությունը հաստատել է 7.1 միլիոն դոլարի դրամաշնորհային օժանդակություն: Այս ծրագրով նախատեսվում է ֆինանսավորել մայրաքաղաքի բազմաբնակարանային շենքերի եւ այլ հատվածներում ջրամատակարարման ցանցի եւ ենթակառուցվածքների վերանորոգման եւ արդիականացման աշխատանքները:

ՎԶԵԲ-ի նախագահն ասաց, որ զարմանալի է, որ մինչ այս պահը Երեւանի ամբողջ ջրային համակարգում մատակարարվող ջրի մոտ 80%-ը չի հաշվարկվում, իսկ այս ծրագրով կբարելավվի ջրային կորուստների ծավալների նվազեցումն ու խմելու ջրի որակը. «Դրանով կվերացվի ապագայում ջրի սակագնի բաձրացման անհրաժեշտությունը: Կարծում եմ 3 տարվա ընթացքում կավարտվի ծրագիրը»:

_F8W1992

Պարոն Չակրաբարտիի ներկայացմամբ`ընդհանուր առմամբ` 120 միլիոն դոլարի ներդրումներ կկատարեն`հնարավորինս շատ` տեղական արժույթով:

ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Վալերյու Ռազլոկի խոսքերով էլ ներդրումների մեծ բաժինը լինելու է ՓՄՁ-ի ուղղությամբ` բանկային հատվածի միջով: Հարցին թե`փոքր ձեռնարկությունները դժգոհ են բանկերի կողմից տրամադրվող վարկային պայմաններից, ի՞նչ պայմաններով է ՎԶԵԲ-ը վարկեր տրամադրելու բանկերին եւ ի՞նչ պայմաններով են դրանք հասնելու փոքր բիզնեսին, եւ ի՞նչ տոկոսադրույքով, պարոն  Ռոզլոկն ասաց. «Ճիշտ է, որ տեղական արժույթով վարկերի տոկոսադրույքները շատ բարձր են, բայց տոկոսադրույքը դա հենց ֆինանսավորման ռիսկն է: Ուսումնասիրելու բավականին մեծ դաշտ կա` թե ինչո՞ւ է տոկոսադրույքն այսքան բարձր, սա համատեղ գործողությունների կարիք ունի`տեղական բանկերի, կառավարության, դոնորների հետ: Բայց փոքր ծրագրերի ֆինանսավորումը ծախսատար երեւույթ է, ֆինանսավորողները որոշակի եկամուտ պետք է ապահովեն իրենց բաժնետերերի համար»: Իսկ թե ի՞նչ տոկոսադրույքով է վարկը տրամադրվելու, պարոն Ռազլոկը չբացահայտեց:

_F8W2008

Այս տարի Հայաստանի ՀՆԱ-ն ՎԶԵԲ-ի կանխատեսմամբ որքա՞ն կլինի եւ արդյո՞ք հաշվի առնվել են էներգակիրների սակագների փոփոխությունները հարցին, բանկի գլխավոր տնտեսագետ Ալեքսանդր Պիվովարսիկին պատասխանեց. «Վերջին կանխատեսումը մենք արել ենք մայիսին, ըստ որի՝ տարվա վերջին կլինի 5% ՀՆԱ-ի աճ: Մենք հաշվի չէինք առել սակագների բարձրացումը. որը մեզ համար անակնկալ էր եւ դա հակառակ ազդեցություն կարող է ունենալ մեր կանխատեսումների վրա: Վերջին ամիսները ոչ նպաստավոր են եղել բոլոր այն երկրներում, որտեղ աշխատում է ՎԶԵԲ-ը: Եվրագոտին մնում է դեռ անկման գոտում, Ռուսաստանում ՀՆԱ-ի աճի դանդաղեցում է նկատվում, Լեհաստանում եւ Թուրքիայում նույնպես: Ուկրաինայում բացասական ցուցանիշ է` -0,5% ՀՆԱ-ի աճ: Այնպես որ, այս ֆոնի վրա Հայաստանի 4-5% աճը շատ հեղինակավոր ցուցանիշ կարող է լինել»:

Ինչո՞վ է պայմանավորված ձեր լավատեսությունը, այն դեպքում, երբ կառավարությունը բյուջեի հիմքում դրել է 6.2% աճ, իսկ նախագահը կառավարության առջեւ դրել է 7% աճ, այս հարցին ՎԶԵԲ-ի նախագահն ասաց. «Ես կարծում եմ, այն թվերը, որ ներկայացվեցին ճշգրիտ են: Միգուցե դուք` այստեղի բնակիչներդ 4-5% աճը բավարար չեք համարում, բայց ճշմարիտ է, որ 2012-ին Հայաստանի աճը եղել է 7.2%: Սա այն աճման տեմպերն են, որ Հայաստանը որպես թիրախ պետք է ընդունի միջնաժամկետ հատվածում: Բայց հաշվի առնելով գլոբալ տնտեսական իրավիճակը, ցանկացած տնտեսական աճը, որը  2,5-3%-ից բարձր է, իսկապես հարգանքի արժանի է: Եթե նայենք մյուս երկրների ցուցանիշները, նրանք բոլորը հետ են մնում Հայաստանից եւ նրանց համար, ինչպես նաեւ իմ, որ երկար տարիներ է ապրում եմ Լոնդոնում,  միայն մանկության տարիներից կարող են հիշել, որ տնետական աճը 2%-ից բարձր է եղել: Այո, դուք հավակնոտ ցուցանիշներ եք դրել ձեր առջեւ»:

ՎԶԵԲ-ը Հայաստանում իր 20 տարվա գործունեության ընթացքում, ինչպես բանկի նախագահն ասաց` մոտ 1 միլիարդ դոլարի ներդրում է կատարել 120 ծրագրերում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031