Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը Սյունիքի մարզխորհրդի նիստի ժամանակ նորանշանակ մարզպետին ներկայացրեց Սիսիան քաղաքում առկա հրատապ լուծում պահանջող ու բնակչությանն անհանգստացնող կարեւորագույն խնդիրներից մի քանիսը: Քաղաքապետն առաջին հերթին ներկայացրեց հուլիսի 2-ի գիշերը տեղացած աննախադեպ հորդառատ անձրեւների հետեւանքով Սիսիանին հասցրած մեծածավալ վնասները, որոնց հետեւանքների վերացման հարցում ակնկալեց մարզպետ Վահե Հակոբյանի աջակցությունը:
«Հուլիսի 2-ի գիշերը Սիսիանում կատարված բնական աղետը, որը չուներ նախադեպն իր պատմության մեջ, բավականին մեծ վնաս հասցրեց մեր ազգաբնակչությանը: Մոտ 254 մասնավոր բնակարաններ ողողվեցին ջրով, նկուղները լցվեցին ջրերով, ամբողջությամբ վնասվեց տնամերձ հողամասերը եւ թվով 34 բազմաբնակարան շենքերի մոտ 2700 ք.մ տանիք ամբողջությամբ ավերվեց», – ասաց պարոն Հակոբջանյանը: Մյուս խնդիրը, որ մարզխորհրդի նիստի ժամանակ բարձրացրեց քաղաքապետը, դա Սիսիանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերից մեկի բնակիչների անվտանգության հարցն է, որոնց անհապաղ տարհանելու եւ այլ կացարաններում տեղավորելու հրատապություն է առաջացել: Համապատասխան եզրակացության համաձայն՝ շենքը ենթակա է կազմաքանդման, բնակվելն էլ՝ խիստ վտանգավոր, սակայն մինչեւ օրս բնակիչները շարունակում են ապրել փլուզման վտանգ ունեցող տվյալ շենքում: Հաջորդ խնդիրը, որ տարիներ ի վեր Սիսիանում լուծում չի ստացել, դա քաղաքի ճանապարհների անմխիթար վիճակն է:
«Սյունիքում չկա մի քաղաք, որ այսքան անմխիթար վիճակում գտնվող փողոցներ ունենա, էլ չեմ ասում բակային հատվածների մասին: Ինչո՞վ է մեղավոր Սիսիանի մանկավարժը, որ առավոտյան աշխատանքի գնալուց՝ տնից դուրս գալով արդեն, ցեխոտված մտնում է դասարան: 20 տարուց ավելի է բակային ասֆալտապատում, նորոգում Սիսիանում չի արվել: Պարոն մարզպետ, ես խնդրում եմ ձեր աջակցությունը՝ խնդիրների լուծման աջակցության հարցում», – ասաց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Բա Սիսիանի քաղաքապետը նախկին մարզպետի տեղը չգիտե՞ր: Թե նախկին մարզպետին մենակ լղոզվելու տեքստով պետք է հիշեին, սազն առած գովքն էր անում: Նրան խնդրել չէ՞ր կարելի նման մանր մունր բաներով, չէ որ նրա պարտականությունը տանը զենք հավաքելն էր, թե չէ ինչ որ ասֆալտ մասֆալտ, դրանք հեչ: Գորիսի վիճակն էլ ահավոր է, ասֆալտն էլ արած է միայն երթևեկելի մասում որ նախկին մարզպետի տղերքը իրանց ավտոները չփչացնեն քաղաքի մեջ 100-ի տակ քշելուց, իսկ մայթերի վրայով քայլելուց սպորտային կոշիկը միայն հարմար կլինի: