Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ երթուղայինների ուղեվարձի թանկացման մասին

Հուլիս 19,2013 17:57

«Իհարկե, կարող են լինել թանկացումներ, բայց տնտեսական գործընթացները պետք է համաչափ լինեն: Այսինքն, եթե աճում են մարդկանց աշխատավարձերը, եթե ընդհանրապես տնտեսական ակտիվություն կա, այո, իհարկե կարող են լինել որոշ ծառայությունների թանկացումներ: Բայց Հայաստանում ավելի շատ տեղի է ունենում մի անառողջ տնտեսական գործընթաց, որի իմաստն այն է, որ ապահովի ապօրինաբար մենաշնորհի տիրացած պաշտոնյաների հարստացումը՝ արդար, սովորական մարդկանց հաշվին»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպես մեկնաբանեց երթուղայինների ուղեվարձի թանկացումը:

Նա նշեց, որ իշխանությունները, առանց որեւէ մրցակցության, զուտ օգտագործելով իրենց տնտեսական, քաղաքական լծակները՝ երբեք չեն տուժում. «Կարող են ասել՝ գազը թանկացավ, բայց մեկը չի ասում՝ 10 տարի դուք գիտեիք, որ Հայաստանի տնտեսությունը կախված է ռուսական գազից, ինչու չէիք ստեղծում 10 տարվա մեջ այլընտրանքային էներգետիկա: Գիտեք, սա ամենավտանգավոր բանն է: Այսինքն` սեփական կոռումպացվածության, ոչ կոմպետենտության պատճառով իրավիճակը հասցնել մի սահմանի, որտեղ այլ լուծումներ չկան, բացի թանկացումներ, հետո ասել, որ մենք չէինք կարող չթանկացնել: Բայց դուք կարող էիք 10 տարի լրիվ այլ քաղաքականություն անցկացնել»:

Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ իրենք բացարձակապես չեն հավատում այս իշխանությունների որեւէ խոստմանը, նաեւ այն խոստումներին, թե ուղեվարձի 50 դրամ թանկացումը բերելու է սպասարկման որակի բարձրացմանը. «Բնական է, որ եթե գնում են թանկացման, ամեն տեսակի հիմնավորում պետք է բերեն դրա համար: Գազի դեպքում էլ էին նույն բանն ասում՝ հիմնական հիմնավորումն այն է, որ պետք է ներդրումներ անել: Սովորական արդեն 10 տարվա մեզ արդեն հոգնեցրած նույն հիմնավորումներն են: Խնդիրն այն է, որ մենք մեր երկրում պետք է կառուցենք մրցակցային ազատ տնտեսություն, որին մասնակցեն հարյուր հազարավոր մարդիկ: Որ մարդիկ կարողանան բիզնեսներ բացել, զարգացնեն իրենց գործը: Այդ դեպքում բոլորն էլ վճարունակ կլինեն: Եթե բիզնեսմենների մի հատվածը բարձրացնում է ծառայությունների գինը, համաչափորեն մնացածն էլ պետք է բարձրացնեն: Եթե այդ գործընթացը շուկայական է, այսինքն` լրիվ հավասարություն է մրցակցության, այդ դեպքում դրանից քչերն են տուժելու, ավելի շատ տուժելու են այն մարդիկ, որոնք փորձում են ինչ-որ առավելություններ ձեռք բերել՝ զուտ իշխանության հետ մոտիկ լինելու շնորհիվ: Բայց այսօր այդ մեխանիզմը խախտված է, ոչ մի հնարավորություն մրցակցության համար գոյություն չունի: Դա այս ավազակապետական իշխանությունների էությունն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031