Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյանին ուղեվարձի թանկացման բացատրությունը անեկդոտ էր հիշեցրել (Տեսանյութ)

Հուլիս 19,2013 17:32

Այսօր Երեւանի քաղաքապետարանի մոտ ուղեվարձերի թանկացման դեմ բողոքի ակցիային մասնակցում էր «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է երթուղայիններից օգտվում եւ պատրաստվում է 150 դրամի փոխարեն շարունակել վճարել 100 դրամ. «Այդ 50 դրամը չվճարելը սկզբունք է, որովհետեւ բացատրությունները կեղծ են: Հատկապես ցինիկ է հնչել տրանսպորտի նախարարի այն հայտարարությունը, որ թանկացումը լինելու է հօգուտ ժողովրդի: Իրենք ուղղակի ապահովում են իրենց գերշահույթները, քանի որ ազգաբնակչության  քանակը իրենց ջանքերով նվազել է, եւ իրենք երեւի չեն ստանում այն գումարը, որի վրա հաշիվ են բռնել: Ամբողջ պատճառը դա է, որովհետեւ ավտոբուսները բերվել են հիմնականում Չինաստանից՝ որպես նվեր եւ իրենք ոչ մի կոպեկ դրանց վրա չեն ծախսել: Ավտոբուսներն աշխատում են դիզելով, որը չի թանկացել: Հաշվարկները ցույց են տալիս, որ 18 տոկոսի թանկացումը չի կարող բերել 50 դրամով ուղեվարձի ավելացման, այնպես որ, դա շատ շուտով կվերածվի համաժողովրդական բողոքի, որովհետեւ տրանսպորտի թանկացման հետ թանկանում է ամեն ինչ: Մեզ մոտ ամեն ինչ հիմնված է տրանսպորտային բեռնափոխադրումների վրա՝ ե՛ւ սնունդը, ե՛ւ մնացածը: Շուտով  այստեղ կլինի ոչ թե երիտասարդների 100-200 հոգանոց բունտ, կարծում եմ, մարդիկ արդեն ոտքով  կգան Չարբախից, 3-րդ մասից, Աջափնյակից, այդ դեպքում արդեն ոստիկանությունը չի հերիքի»:

Մեր հարցին՝ ներկայացված 16 կետանոց հիմնավորումներն ինչքանո՞վ էին արդարացի՝ Տիգրան Խզմալյանը պատասխանեց, որ դա հիշեցնում է հին, դառը անեկդոտը. «Երբ բացատրում են Կարսի անկման պատճառը եւ  առաջինը 16 կետից այն էր, որ փամփուշտ չունեին: Հիմա մնացած կետերը կարեւոր չեն, փամփուշտ էլ չունեն, խիղճ էլ չունեն: Իրենց ցինիկ եւ անգրագետ բացատրություններին մարդիկ ուշադրություն պետք է չդարձնեն»:

Մեր դիտարկմանը, որ եթե 150 դրամի փոխարեն վճարեք 100 դրամ, վարորդները Ձեր հետեւից հնարավոր է վատ բառեր նետեն՝ Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Այստեղ պետք է լինեն նաեւ վարորդները: Մի ժամանակ առաջ վարորդներն են տապալել  թանկացման փորձը, իրենք շահագրգռված չեն դրանից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031