Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոնի գործով «գաղտնի վկան» խուսափել էր դատարան գալ

Հուլիս 19,2013 17:20

VarajԱվան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Վարաժ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Վարաժ Մանուկյանը քինգ բոքսինգի գծով 2005թ. Եվրոպայի ոսկե մեդալակիր է, 2006թ.՝ աշխարհի արծաթե մեդալակիր, 2007թ.՝ ԱՊՀ երկրների ոսկե մեդալակիր եւ 2011թ.՝ աշխարհի գավաթակիր: Նշենք, որ նա գերազանց է ավարտել Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը եւ մագիստրատուրան:

Վ. Մանուկյանը մեղադրվում է 2011թ. սեպտեմբերի 20-ին ընկերուհու կապակցությամբ վիճաբանության բռնվելու եւ Դավիթ Օհանյանին ու Հակոբ Բուդաղյանին դանակահարելու համար: Դավիթ Օհանյանը մահացել էր, իսկ Հակոբ Բուդաղյանը՝ հանրապետությունից հեռացել:

Տուժողի իրավահաջորդը՝ Դավիթի մայրը, դատարանում հայտնել էր, որ իր որդուն սպանողը Վարաժը չէ եւ անգամ նկարագրել էր մի անձնավորության, որը կապ չուներ ամբաստանյալի կերպարի հետ:

Արդեն երկու տարի է, ինչ փառապանծ մարզիկը գտնվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Վկաներից մեկը հայտնել է, որ Վարաժը հարվածել է միայն Հակոբին:

Այդ դատարանում երկրորդ անգամ պետք է կիրառվեր պաշտպանական միջոց՝ վկաների նկատմամբ: Խոսքը աշխարհում ընդունված «գաղտնի վկայի» ինստիտուտի մասին է: Մեր Քրեական դատավարության օրենսգրքով, հոդված 98-ով քրեական դատավարության մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող էր հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու եւ դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետեւանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամների, մերձավորների կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունեն պաշտպանության իրավունք: Ընդ որում, վարույթն իրականացնող մարմինը գտնելով, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին, որը ենթակա էր անհապաղ կատարման:

Նախորդ ողջ դատական նիստին, մենք տեղեկացրել ենք, որ պաշտպանական միջոց կիրառվել էր մի վկայի նկատմամբ, որին դատավարության կողմերը չտեսան, սակայն հարցաքննեցին հեռախոսով: Այսօր մեղադրանքը պաշտպանող դատախազ Հրանտ Չախոյանը հայտնեց, որ «գաղտնի վկան» խախտել է իր պարտավորվածությունը՝ վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ եւ միջնորդեց, որպեսզի դատարանի միջոցով պատշաճ ծանուցվի եւ ներկայանա դատարան՝ ինչպես մյուսները:

Դատավոր Դավիթ Հարությունյանին հետաքրքրում էր, թե ինչ պատճառներով է խուսափել անձը վարույթն իրականացնող մարմնի պահանջները չկատարել, իսկ ամբաստանյալի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանն էլ վկայի չներկայանալը դիտեց ակնհայտ խուսափում իր տված կեղծ ցուցմունքներից: Նա միջնորդեց անգամ բերման ենթարկել այս վկային:

Ի դեպ, ծպտված վկայի կեղծանունը Անդրանիկ Մարգարյան է: Պաշտպանության միջոցների կիրառման ժամանակ մեր օրենսդրությունը թույլ է տալիս պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների պաշտպանություն, վերահսկողություն տեխնիկական միջոցների օգտագործման, պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցների տրամադրել:

Դատավոր Դավիթ Հարությունյանը միջնորդությունը բավարարեց միայն ծանուցագիր ուղարկելու մասով, իսկ վկային բերման ենթարկելու մասին միջնորդությունը մերժեց՝ հայտնելով, որ առկա է միայն մեղադրողի հայտարարությունը, մինչդեռ դատարանը ինքը չի ծանուցել եւ կան հավաստի տեղեկություններ, որ վկան չարամտորեն խուսափում է:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 30-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031