Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերայի պրեմիերան՝ Արցախում

Հուլիս 19,2013 16:57
karabax

Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում այս տարվա սեպտեմբերի մեկին տեղի կունենա Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերայի պրեմիերան, որը նվիրվում է Արցախի անկախությանը:

Ինչպես նախագծի գեղարվեստական ղեկավար Սարինե Ավթանդիլյանը հայտնեց, օպերան Անդրեյ Բաբաեւը գրել է 1957 թվականին: Առաջին բեմադրությունը եղել է Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արծվաբերդ»-ը բեմադրվել է նաեւ Ռուսաստանի տարբեր քաղաքներում, եւ այժմ Արցախում այն կդառնա նշանակալից իրադարձություն»,- ասաց նախագծի գեղարվեստական ղեկավարը:

«Օպերան բեմադրվել է նորովի, որի շնորհիվ այն նոր շունչ է ստացել: Բեմադրությունից հանվել են Լենինի երգը, կուսակցություններին նվիրված հատվածները,-ասաց երաժշտական խորհրդատու Յուրի Դավթյանը, այնուհետեւ հավելեց,- սա սովորական օպերային սյուժե է, բայց հիմնական գաղափարն այն է, որ տեղայնանում է՝ հայ մարդու մասին է, հայրենիքի»:

Յուրի Դավթյանի խոսքով՝ օպերայի կայացման գործում մեծ դեր է ունեցել նաեւ դիրիժոր Միքայել Թավրիզյանը:

Օպերայի անվանումը ծնվել է շատ պատահական: Սկզբնական շրջանում այն որոշված է եղել անվանել «Հացաբերդ»՝ Նաիրի Զարյանի ստեղծագործության հիման վրա, սակայն. «Երբ գնում էինք Մոսկվա, օդում թռիչքի ժամանակ Թավրիզյանի մոտ ծնվեց այդ անվանումը, հիմքը Նաիրի Զարյանի «Հացաբերդն» է, բայց եղան փոփոխություններ»,- հայտնեց նա:

Բանախոսների կարծիքով` բոլոր ժամանակներում մարդկային լավագույն արժանիքները պետք է ցուցադրել, որը երաժշտությունը թույլ է տալիս անել, իսկ «Արծվաբերդ» օպերան էլ պրոֆեսիոնալիզմ ունեցող ամենաբարձր այսօրվա հայ օպերան է:

Ինչպես Սարինե Ավթանդիլյանն ասաց` օպերայի ամենակարեւոր գաղափարը ժողովրդի պայքարն է, որը շատ համահունչ է Արցախի ժողովրդին:

Բեմադրող ռեժիսոր Ժիրայր Դադասյանն էլ հայտնեց, որ չի տեսել առաջին բեմադրությունը, սակայն հիմա չի ցանկանում խոսել իր բեմադրությունից. «Վաղ է հիմա խոսել, պրեմիերան կտեսնեք»:

Նշենք նաեւ, որ օպերան իրականացվելու է ՀՀ նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ես ողջյունում եմ այս նախաձեռնությունը… Ա. Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031