Րաֆֆի Հովհաննիսյանը, այսօր «Նոյան տապանում» կայացած ասուլիսում նկատեց, որ Ռուսաստանի վերջին քայլերը, որոնք ակնհայտորեն Հայաստանի դեմ էին՝ «Սմերչի» վաճառքից սկսած, Եվրասիական միությունը պարտադրելով, գազի սակագների բարձրացում եւ Հրաչյա Հարությունյանի հանդեպ խտրական վերաբերմունքով վերջացրած, մեր իշխանությունների մեղքն է: Նա ասաց, որ քննադատում է Ռուսաստանին՝ այդ ամենի համար, քանի որ ի տարբերություն այլ երկրների, մենք մեր ռազմավարական կոչվող դաշնակցից ավելի շատ ակնկալիքներ՝ հատուկ վերաբերմունքի ակնկալիք ունենք: Սակայն դատապարտում է մեր իշխանություններին՝ Ռուսաստանից կատարյալ կախվածության մեջ ընկնելու եւ դրանով իսկ՝ Ռուսաստանին մեր հանդեպ նման վերաբերմունքի դրդելու համար:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը շեշտում է, որ եթե այսպես շարունակվի, ոչ թե հակառուսական տրամադրություններ, այլ «հայաստանյան անհրաժեշտություն» կլինի, եւ հարկ կլինի՝ Հայաստանը դադարեցնի ՀԱՊԿ անդամությունը: «Եթե Ռուսաստանը՝ մեր ռազմավարական դաշնակիցը, միլիարդավոր դոլարների զինատեսակ է ուղարկում այն պետությանը, որն ուզում է քարտեզի վրայից ջնջել Հայաստանն ու Արցախը, դա արդեն ռազմավարական գործընկերություն չէ, եւ Հայաստանը պետք է վերանայի՝ եթե այդպես շարունակվի, ՀԱՊԿ
անդամակցությունը: Եվ վերաբերվի ՀԱՊԿ-ի հետ այնպես, ինչպես՝ ՆԱՏՕ-ի հետ: Ես ասել եմ, որ Հայաստանի ապագա համակարգը պիտի հիմնված լինի ռազմավարական միայն երկկողմանի հարաբերությունների վրա՝ Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Ամերիկա, Եվրոպա եւ այլն»:
Ինչ վերաբերվում է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրին, ապա, պարոն Հովհաննիսյանը իր կուսակցության անունից ասաց, որ կողմ են ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, ավելին` դեմ չեն նաեւ դիտորդական առումով Եվրասիական նախաձեռնությունների եւ Մաքսային միության հետ կապված մշտական ներկայություն ունենալուն, բայց եթե ընտրություն կա, ապա՝ ընտրությունը պետք է կատարենք հօգուտ Ասոցացման պայմանագրի:
Կարդացեք նաև
Թեեւ այս հարցում էլ պարոն Հովհաննիսյանը վերապահում ունի. «Մենք պիտի տեսնենք թե այդ Ասոցացման պայմանագիրն իրենից ինչ է ներկայացնում, ինչ է գրված այդ համաձայնագրում: Եթե դա միայն ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարգավորում է՝ առեւտրի, տնտեսական եւ այլ ոլորտներում, ապա՝ այո, սկզբունքորեն համաձայնում ենք: Եթե այդ համաձայնագրում գրված է, որ Թուրքիան պիտի առանց նախապայմանների վերացնի իր շրջափակում, ուրեմն՝ այո: Բայց եթե այդ համաձայնագիրը պիտի օգտագործվի որպես գործիք Հայաստանի վրա ճնշումներ անելու համար՝ Արցախի հարցում եւ այլ հարցերում, ուրեմն՝ ոչ»:
Այդ կապակցությամբ պարոն Հովհաննիսյանը նշեց, որ նախընտրելի կլիներ մինչեւ այդ համաձայնագրի ստորագրումը Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ ինքնորոշումը. «Եթե այդ համաձայնագրում գրված է որեւէ բան մադրիդյան սկզբունքների, տարածքային ամբողջականության մասին, ուրեմն այդ տարածքային ամբողջականությունը պիտի վերաբերվի նաեւ նորագույն պետություններին, այդ թվում՝ Արցախին, դրա համար մենք պետք է ճանաչենք Արցախի անկախությունը»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ