Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հրեա պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին և Իսրայելի Կնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Յաբանին:
Հանդիպման ընթացքում նախարարը շնորհավորեց Յաիր Աուրոնին նրա ծավալուն արխիվային հետազոտությունների հիման վրա գրած «Անընդունելի անտարբերություն» հայերեն թարգմանության հրատարակման առիթով: Իր խոսքում նախարարը նշեց. «Հրեա ժողովուրդը զգացել է ցեղասպանության ցավը և առաջինը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կարևոր է, որ հրեա մտավորականությունը հայերի ցեղասպանության ճանաչման արդարացի պահանջով ազդի Իսրայելի Կնեսետի վրա: Մեր երկու ժողովուրդները շատ նմանություններ ունեն, ուստի մենք պետք է մեր ուժերը իրար միացնելով աշխարհն ավելի լավը դարձնենք: Եվ դրա կարևոր դերակատարները մտավորականներն են»:
Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը Յաիր Յաբանին ու Յաիր Աուրոնին ծանոթացրեց Սփյուռքի նախարարության կատարած աշխատանքներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող միջոցառումներին:
Իր խոսքում ցեղասպանագետը նշեց. «Այն ինչ անում է Ձեր նախարարությունը ողջունելի է ու արժանի գովասանքի: Սա կարևոր ասելիք է այն համաշխարհային հանրությանը, որը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Տարաբնույթ նախաձեռնություններով մենք կարող ենք մեր ձայնը լսելի դարձնել աշխարհում և հասնել ցանկալի արդյունքի»:
Հանդիպման ավարտին նախարարը հյուրերին նվիրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրատարակված սփյուռքի նախարարության գրքերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ