Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը:
Երկուստեք կարևորելով հայկական Սփյուռքի ներգրավվածությունը Գերմանիայի հասարակական, մշակութային կյանքի և այլ ոլորտներում, կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեցին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը Ռայներ Մորելին ներկայացրեց ՀՀ իշխանությունների կողմից Հայաստան տեղափոխված սիրիահայերի սոցիալական, կրթական, առողջապահական, կեցության կարգավիճակին վերաբերող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նախարարը ներկայացրեց նաև սիրիահայերի համար հրատապ լուծում պահանջող աշխատանքի տեղավորման և բնակարանաշինության խնդիրները: Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման համար ֆինանսական միջոցները համալրելու նպատակով եվրոպական գործընկերների աջակցությունն ենք ակնկալում: Քանի որ ԵՄ երկրները մշտապես օգնում են Սիրիայի փախստականներին, ակնկալում ենք նաև ԵՄ խոշորագույն երկրներից մեկի՝ Գերմանիայի իշխանությունների աջակցությունը Հայաստան տեղափոխված սիրիահայերին:
Դեսպան Ռայներ Մորելը ևս արտահայտեց իր մտահոգությունը Սիրիայում տիրող քաղաքացիական պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ և անդրադառնալով սիրիահայերի աջակցության խնդրին՝ ներկայացրեց, որ գերմանական իշխանությունները «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով սիրիահայերին 20.000 եվրոյի օգնություն են տրամադրել: Առաջիկայում նախատեսվում է ևս 30.000 եվրոյի օգնություն տրամադրել: Սիրիահայերի կարիքները ճիշտ գնահատելու և սիրիահայերին տրամադրվող օգնությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ