Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիև.«Ադրբեջանը մեկ միլիարդից շատ ավելի մեծ գումար է ծախսել զենքի ձեռքբերման համար»

Հուլիս 19,2013 16:13

«Ազատություն» ռադիոկայան«Ղարաբաղյան խնդրի լուծման ընթացքում` քաղաքական և դիվանագիտական ջանքերին զուգահեռ մեր երկրի ռազմական հզորությունը լինելու է առանցքային գործոն», – երեկ Բաքվում դիմելով կառավարության անդամներին՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Առաջիկայում Ադրբեջանը շարունակելու է հզորացնել իր ռազմական արսենալը: Մենք հետագայում ևս գնելու ենք ամենաժամանակից ռազմական տեխնիկան: Այդ հարցում, ինչպես գիտեք, մենք որևէ խնդիր չունենք: Ադրբեջանը զենք ու զինամթերք է ձեռք բերում տարբեր պետություններում, ինչպես նաև կազմակերպում է դրանց արտադրությունը սեփական տարածքում: Աճում է այն պետությունների թիվը, որոնք ցանկանում են ռազմական ասպարեզում համագործակցել Ադրբեջանի հետ: Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում այն մասին, թե Ադրբեջանը մի պետությունից 1 միլիարդի զենք է գնել, մյուսից՝ 1 միլիարդ 600 միլիոնի: Ես կարող եմ միայն նշել, որ այդ թվերը իրականությունը չեն արտացոլում: Իրականում մեր ռազմատեխնիկիկական համագործացությունը [այլ պետությունների հետ] հաշվվում է մի քանի անգամ ավելի մեծ թվերով, քան այն, ինչ ներկայացվում է», – հայտարարել է Իլհամ Ալիևը:

«Մենք այդ թվերը չենք հրապարակում, պարզապես մեկնաբանում ենք միջազգային մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվող տեղեկությունները: Ամեն դեպքում մենք կարող ենք և հրապարակել զինտեխնիկայի ձեռք բերման թվերը, քանի որ Արդբեջանի բյուջեն լիովին թափանցիկ է», – երկրի նախագահի խոսքերն է մեջբերում Turan գործակալությունը:

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևի այս հայտարարությունների ֆոնին մամուլում Բաքվի կողմից նոր զինատեսակների կամ ռազմական նշանակության այլ գնումների մասին տեղեկությունները սկսել են գրեթե ամենօրյա բնույթ կրել: Օրերս Ուկրաինայի Արտահանումների վերահսկողության պետական ծառայությունը հրապարակել է իր հերթական զեկույցը, որից պարզ է դարձել, որ Կիևը 2012-ին Բաքվին է վաճառել 3 հակատանկային հթրիռային համակարգ: Գործարքի գինը, ինչպես նաև տեխնիկական մանրամասները չեն հստակեցվում: APA-ն, սակայն, հատուկ ընգդծում է, որ սա Ուկրաինայի կողմից Ադրբեջանին նման զինատեսակի վաճառքի առաջին դեքպը չէ․ – «2010-11 թվականներին Ուկրաինան արդեն իսկ 7 հակատանկային համակարգ է վաճառել Բաքվին»:

Բացի այդ, այս շաբաթասկզբին հայտնի դարձավ, որ թուրքական Turmaks ընկերությունը Ադրբեջանին 2 շարժական դաշտային հոսպիտալ է վաճառել: Դրանցից յուրաքանչյուրը նախատեսված է 60 հոգու համար, զբաղեցնում է 2500 քառակուսի մետր տարածք: Հետաքրքրական է, որ թուրքական կողմը արագացրել է շարժական հոսպիտալների կառուցումը` նախատեսված ժամկետից երկու ամիս շուտ դրանք առաքելով Ադրբեջան: Հոսպիտալների առաքումն իրականացվել է նույն այն օրերին, երբ թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացնում Բաքվի մերձակայքում և Նախիջևանում:

Անդրադառնալով այդ զորավարժություններին` Независимая Газета-ն գրում է․ – «Ադրբեջանի կողմից զորավարժություններին մասնակցում է մեկ մոտոհրաձգային գումարտակ, Թուրքիան ներկայացված է մեկ վաշտով: Որոշ վերլուծաբանների կարծիքով, Հայաստանի մայրաքաղաքից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա անցկացվող զորավարժությունները Թուրքիայի և Ադրբեջանի պատասխանն են պարբերաբար Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում անցկացվող զորավարժություններին»:

Ռուսաստանյան թերթը նաև մեջբերում է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեյի խոսքերը, ով անդրադառնալով թուրքական կողմի մասնակցությանը զորավարծություններին՝ նշել է․ – «Հիանալի կլիներ, եթե թուրքական զորքերը Նախիջևանում որքան հնարավոր է երկար մնային»:

Գեւորգ Ստամբոլցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031