Հայաստանի որոշ բեռնափոխադրող ընկերություններ եւ անհատ բեռնափոխադրողներ, որոնք բեռները տեղափոխում են Իրանից եւ Մեղրու մաքսակետից, այս օրերին անգործ են մնացել: Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի սառը հակամարտության պատճառով, հերթական անգամ տուժել է Հայաստանը: Aravot.am-ի հետ զրույցում բեռներ տեղափոխող վարորդները նեղսրտած պատմեցին, որ արդեն որքան ժամանակ է՝ անգործ նստած են. «Հայաստան եկող բեռները, որոնք նավով պետք է գան Իրան, ապա` Հայաստան, չեն կարողանում մոտենալ Պարսից ծոցին, ասում են` Ամերիկան ուզում է շրջափակման մեջ դնել Իրանին եւ այդ պատճառով մեր գործն է տուժում: Սա էլ որերորդ անգամ այս խնդրի առաջ ենք կանգնում: Ամսվա մեջ մի քանի անգամ գոնե բեռ էինք տեղափոխում Մեղրու սահմանից, դրանով ընտանիք պահում, ով ում հետ խնդիր ունենա՝ հայերը պետք է արանքում տուժեն»:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքերով՝ այսօր Ռուսաստանից հետո Իրանը Հայաստանի համար ամենաէական նշանակություն ունեցող երկիրն է, որտեղ գալիս են հայկական բեռները: Նրա ներկայացմամբ, այդ խնդիրն արդեն երկու տարի է՝ պարբերաբար առաջանում է. «Մի քանի անգամ պարալիզացվել է, եւ սա առաջին դեպքը չէ: Այդ իմաստով մենք բավական կախվածություն ունենք նման իրադարձություններից եւ նման հարաբերություններից, այսինքն` հենց այդ առումով է, որ համարում ենք Հայաստանը շրջափակման մեջ է: Չկա նաեւ կայունություն մեր երկու հարեւանների տարածքով անցկացնելու առումով, որը որ մեր հիմնական կապն է արտաքին աշխարհի հետ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք եւ Իրանի Իսլամական Հանրապետության, եւ Վրաստանի հետ, բայց դրանք պայմանավորված են մի կողմից Միացյալ Նահանգների հետ հարաբերություններով կամ հակամարտությամբ, լարված իրավիճակներով եւ մյուս կողմից էլ՝ Վրաստան-Ռուսաստան հարաբերություններով: Այդ առումով բավականին ոչ նախանձելի վիճակում ենք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ