Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանն Անրի Ռենոյից աջակցություն է խնդրել սիրիահայերին օժանդակելու հարցում ԵՄ-ի ներգրավման համար

Հուլիս 19,2013 15:57

Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:
Սփյուռքի նախարարը դեսպանին ներկայացրեց Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշխանությունների դիրքորոշումն ու իրականացված ծրագրերը: Իր խոսքում նախարարը նշեց. «Հայաստանում բնակվող սիրիահայերի 80%-ը ապրում է վարձով, նրանք այժմ մշտական կացարանի խնդիր ունեն, այդ կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ Աշտարակում հողատարածք է հատկացվել «Նոր Հալեպ» անունով թաղամաս հիմնադրելու համար: Սակայն ՀՀ կառավարությունը և սիրիահայ ընտանիքները այս ծավալուն ծրագրի իրագործման համար ունեն ֆինանսավորման խնդիրներ և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ֆրանսիան Եվրամիության հիմնասյուն հանդիսացող երկրներից է, խնդրում եմ Ձեր աջակցությունը Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերին օժանդակելու հարցում ԵՄ-ի ներգրավման համար: Օգնության նույն խնդրանքով դիմում եմ նաև Ֆրանսիայի կառավարությանը ընդառաջելու ակնկալիքով»:
Դեսպան Անրի Ռենոն շնորհակալություն հայտնեց նախարարին Հայաստանում ապրող սիրիահայերի իրավիճակը մանրամասն ներկայացնելու համար: Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ կառավարությունը սփյուռքի նախարարության միջոցով ջանք չի խնայում ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու համար: Իր խոսքում դեսպանը նշեց. «Ֆրանսիան երկար ժամանակ է ինչ Սիրիայի հարցի կարգավորման շուրջ լուծումներ է փնտրում, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձնում Արևելքի քրիստոնյաներին: Այս հարցերում մեր ցուցաբերած օժանդակությունը կրկնակի է, և որպես Եվրամիության անդամ երկիր, և որպես Ֆրանսիայի Հանրապետություն: Սիրիացի փախստականների համար մենք 700 միլիոն եվրոյի օգնություն ենք ցուցաբերել: Սիրիային անմիջական սահմանակից երկրներին 140 միլիոն եվրոյի օժանդակություն ենք հատկացրել, որից 100 միլիոնը Հորդանանին, քանի որ փախստականների զգալի մասը Հորդանանում են ապաստանել: Ուստի հասկանալով Ձեր առջև ծառացած խնդիրները ես անմիջապես իմ ղեկավար մարմիններին կփոխանցեմ Ձեր խնդրանքն ու առաջարկությունները, որոնք կարծում եմ կունենան արձագանք և կստանան աջակցություն»:
Հաջորդ կարևոր հարցը, որին անդրադարձավ նախարար Հրանուշ Հակոբյանը Սիրիայում և, հատկապես, Հալեպում տիրող ճգնաժամային իրավիճակն է: Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն իր խոսքում նշեց, որ բոլոր խնդիրները պետք է լինեն ուշադրության կենտրոնում և պահանջում են գտնել հնարավոր լուծումներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031