Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարող է հայտնվել պարապլաներիզմի աշխարհի քարտեզում

Հուլիս 19,2013 15:48

 «Հայաստանում պարապլանային մարզաձեւի ֆեդերացիան պետությունից չի ֆինանսավորվում, քանի որ օլիմպիական մարզաձեւ չէ: Մեր ֆեդերացիան ունի շուրջ 30 սիրահարներով համալրված կազմ, եւ բոլոր աշխատանքները կատարվում են էնտուզիազմով եւ սեփական միջոցներով:

Հայաստանում այս մարզաձեւի մասին մարդիկ շատ քիչ բան գիտեն, որովհետեւ պարապլաներիզմով զբաղվելու ժամանակ եւ միջոց չունեն: Մարդ արարածը միշտ էլ երազել է ճախրել եւ պարապլանն այդ երազանքն իրագործելու հիանալի միջոց է: Օդում պլաներով ազատ ճախրել կարողանալու համար հատուկ պահանջներ չկան: Յուրաքանչյուր ոք կարող է զբաղվել, իհարկե, եթե առողջական լուրջ խնդիրներ չունի եւ ինքնուրույն ճախրել սովորել մոտ երկու ամսում: Միայն թե ցանկալի է, որպեսզի սեփական անվտանգության համար յուրաքանչյուրն ունենա իր անձնական պարապլանը: Դա, այնուամենայնիվ, թռչող սարք է, որի` ձեռքից-ձեռք անցնելը որոշակի վտանգավորություն կարող է պարունակել:

Մեզ մոտ սկսնակներին սովորեցնում ենք նախ` գետնի վրա մարզումներով: Եվ երբ նա արդեն կարողանում է զգալ եւ հասկանալ պարապլանի թեւերի շարժի եւ օդի հոսանքի լեզուն եւ դրանք կառավարել, առաջին ինքնուրույն թռիչքները ցածր բարձրությունների վրա կազմակերպում ենք Սովետաշենի բլրակներում, որտեղ անվտանգ է, իսկ հետո, երբ արդեն հմտանում է, տանում ենք համեմատաբար ավելի բարձր վայրեր:

Միայն Հայաստանի պարապլաներիստների մասնակցությամբ մրցումներ կազմակերպում ենք, բայց` շատ քիչ: Մինչդեռ, կարելի էր Հայաստանը միջազգային ասպարեզ էլ դուրս բերել: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է միջազգային ֆեդերացիային անդամավճար մուծել` շուրջ 2000 եվրո: Ու այդ ժամանակ Հայաստանը կհայտնվի պարապլաներիզմի աշխարհի քարտեզում եւ մեր երկրի դռները նույնպես կարող են բացվել նաեւ այլ երկրների պարապլաներիստների առջեւ, որոնք ուսապարկը վերցրած` մշտապես ճախրելու նոր տեղանքներ են որոնում», – «Ֆորում» մամուլի ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի պլաներային մարզաձեւի ֆեդերացիայի անդամ Արմեն Սարգսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031