Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանի նամակներից մեկին Երևանի քաղաքապետարանի ուղարկած գրավոր պատասխանում բառացիորեն նշված է, որ 2006 թվականից մինչև ս.թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոմեքենաների լիցքավորման գազալցակայանների իրականացման համար քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել: Ս.թ. հուլիսի 12-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված նամակում պարոն Գասպարյանը մատնացույց էր արել Սասունցի Դավիթ փողոցում ապօրինաբար կառուցվող գազալցակայանը: Նամակում մասնավորապես ասվում է. «…Նշվում է, որ 2006թ.-ից մինչև ս.թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոմեքենաների լիցքավորման գազալցակայանների իրականացման համար քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել: Սակայն ի գիտություն Ձեզ հայտնում եմ, որ այս պահին՝ սկսած 07.05.2013թ-ից, Երևանի Սասունցի Դավիթ փողոցի վերջնամասում, «Էրեբունի» վարչական շենքի անմիջապես դիմացի մայթին իրականացվում է ապօրինի՝ համաձայն Ձեր տրամադրած տեղեկատվության, ահռելի գազալցակայանի կառուցում: Անհայտ է դրա կառուցապատողը, քանի որ բացակայում է օբյեկտի վերաբերյալ տեղեկատվություն հայտնող վահանակը»: Նշենք, որ Երևանի գլխավոր հատակագծում ևս շինությունը բացակայում է:
Այս նամակին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչությունը հայտնել է. «…Ինչ վերաբերում է Ձեր կողմից մատնանշված հատվածին՝ ներկայումս որևէ կառուցապատման գործընթաց տեղի չի ունենում»: Սակայն կառույցը փաստացի առկա է:
Ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ, որոնք հաստատում են՝ վերոնշյալ հասցեում արդեն ավարտին հասցված ապօրինի կառույցի առկայությունը:
«Բարև Երևանի» մամլո հաղորդագրություն