Ներկայիս անպատասխանատու բնապահպանական քաղաքականության պարագայում՝ Հայաստանի էկոտուրիզմը չի կարող զարգացման միտումներ ունենալ, մինչդեռ մենք ունենք աննախադեպ լավ պայմաններ էկոտուրիզմի զարգացման համար: Այսօր «Էկոլուր» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց Էկոտուրիզմի մասնագետ եւ ուղեկցորդ Ապրես Զոհրաբյանը: Նրա ներկայացմամբ, կառավարությունը ոչինչ չի անում էկոտուրիզմի զարգացման համար, դեռ մի բան էլ, մասնագետի խոսքերով` առանց չափի զգացումի հանքեր են շահագործվում, որոնք միանշանակ խոչընդոտում են էկոտուրիզմին:
Aravot.am-ի այն հարցին, թե կան երկրներ, որտեղ հանքարդյունաբերությունն է զարգանում` առանց էկոհամակարգին ու էկոտուրիզմին վնաս հասցնելու,եւ այս առումով Հայաստանում ի՞նչ պետք է արվի, պարոն Զոհրաբյանն ասաց, որ զարգացած երկրներում նման օրինակներ կան, որ հանքերը, որոշակի գործողություններ կատարելուց հետո, դարձնում են զբոսաշրջիկների այցելության վայր.«Նախ չկա գիտություն-կառավարություն համագործակցությունը, գիտական մասն ասում է` ժողովուրդ այս ձեւով, որ դուք հանքարդյունաբերությունը զարգացնում ենք, դա Հայաստանի վերջի սկիզբն է: Գիտնականները համապատասխան ուսումնասիրության հիման վրա ասում են` աղտոտվածությունն այստեղ այսքան է, այնտեղ` այնքան, եւ այսպես շարունակելով, ոչ միայն էկոտուրիզմ չի լինի, այլ Հայաստանը կդառնա անպիտան երկիր: Բայց քանի որ Հայաստանում հիմնական շարժիչ ուժն այն է, որ որոշ մարդիկ պետք է գումար աշխատեն, իսկ հանքարդյունաբերությունը հեշտ, շուտ ու շատ գումար աշխատելու միջոց է, դնում ու աշխատում են: Կարող են նաեւ տուրիզմից գումար աշխատեն, ուղղակի դա միանգամից ու շատ չի լինի, կամաց-կամաց է լինում»:
Ապրես Զոհրաբյանը բերեց խորհրդային Հայաստանի օրինակը, որտեղ ամբողջ երկիրը գոտիավորված էր, հաշվարկած` թե որ հատվածում պետք է տուրիզմը զարգացնել, որտեղ հանքարդյունաբերությունը, եւ նույնիսկ խորհրդային հայ կառավարիչները Կրեմլին հանքերի ծավալներն ամբողջությամբ չէին ներկայացնում. «Թե չէ հիմա որտեղ խփես, կարող է հանք դուրս գա, բայց հո ամեն տեղ չի՞ կարելի շահագործել: Կարծիքներ կան, որ հանքարդյունաբերությունից 1 միլիարդ չի հարկվում, այսինքն, բացի աղտոտելուց, վնաս հասցնելուց, նույնիսկ մեր բյուջեն չի լցվում, տարբեր պատճառներով` սխալ են հաշվարկում, բայց ավելի շուտ` քիչ են ցույց տալիս»: Պարոն Զոհրաբյանի ներկայացմամբ` տուրիստական բիզնեսում 100 հազար աշխատող կա, իսկ հանքարդյունաբերության մեջ` 10-15 հազար:
Ասուլիսին ներկա մեկ այլ մասնակցի` Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն, «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանի խոսքերով էլ` «Օրինակ` Հրազդանի երկաթի հանքը, որ պիտի շահագործվի, ըստ նախագծի, պիտի աշխատի 10-15 տարի, ընդամենը՝ 80-100 մարդու աշխատատեղ, աշխատավարձն էլ` մինչեւ 500 դոլար: Հենց սկսեց աշխատել հանքը, առաջին 2 տարում Ծաղկաձորի հյուրանոցային բիզնեսում կորուստներ կլինեն, առնվազն 1000 մարդ կազատեն գործից, որովհետեւ տուրիստների հոսքերը կնվազեն»:
Կարդացեք նաև
Էկոտուրիստները շատ հաճախ դժգոհում են, թե այն հատվածները, որտեղ այցելում են՝ աղտոտված է, շատ աղբ կա թափված, ուստի դժվար թե 2-րդ անգամ այցելեն: Այս առնչությամբ Ապրես Զոհրաբյանն ասաց` «Աշխարհում քիչ երկրներ կան, որ զերծ են աղբից: Հնդկաստանն աշխարհի ամենակեղտոտ երկրներից է, բայց այնտեղ էկոտուրիզմը լավ էլ զարգանում է, այնտեղ աղբը էկոտուրիստն ընկալում է որպես այդ երկրի մշակույթի մաս»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ