Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ

Հուլիս 19,2013 15:31

ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Տիգրան Սարգսյանը: Մասնակցել են նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ:
Հիմնադրամի կրթաթոշակառուներն ու շրջանավարտները Նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ աշխարհի լավագույն բուհերում ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ ձեռնարկումներն ու առաջին ոգևորիչ հաջողությունները:
Հանրապետության Նախագահը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրանց, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և հետագա ծրագրերի իրականացման գործում: «Նախ ուզում եմ շնորհավորել բոլոր այն երիտասարդներին, ովքեր այս տարի ընդունվել են բուհեր և դարձել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ: Տարեց-տարի ավելանում է հայ երիտասարդների ներկայությունը աշխարհի լավագույն բուհերում: Եվ այսօր այդ ներկայությունը բավականաչափ սոլիդ է: Ես ուրախ եմ, որ այսպիսի հանդիպումներն արդեն դարձել են ավանդական: Ինձ համար չափազանց կարևոր է տեսնել ձեզ, անձամբ ծանոթանալ և զրուցել: Աշխարհի լավագույն բուհերում սովորելը, իմ կարծիքով, և՛ իրավունք է, և՛ հնարավորություններ: Իրավունքը վաստակում է երիտասարդն իր գիտելիքով, իր աշխատանքով, իսկ հնարավորություններ պետք է ստեղծեն ձեր մերձավորները, ձեզ շրջապատող մարդիկ, հասարակությունը, որտեղ դուք ապրում եք, պետությունը, իշխանությունները և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեզ օժանդակել: Եվ այս պարագայում, այդ հնարավորությունները ձեզ համար ստեղծում է «Լույս» հիմնադրամը: Մենք հավատում ենք ձեզ: Հավատում ենք, որ դուք, ուսանելով լավագույն բուհերում, նոր գիտելիքներ եք ձեռք բերելու: Հավատում ենք, որ դառնալու եք լավ մասնագետներ, լավ մարդիկ, լավ հայեր, լավ քաղաքացիներ: Ինչպես գիտեք, հայերը մշտապես ձգտում էին գնալ աշխարհի գիտական և կրթական կենտրոններ, բայց վստահ եմ, որ նաև գիտեք, որ այդ գործընթացը միանշանակորեն չի գնահատվել և այսօր էլ, թերևս, կան նման մոտեցումներ: Օրինակ, մեր մեծ մտածողներից Ռաֆայել Պատկանյանը մտահոգություն էր հայտնում, որ դրսում գիտելիք ստացած երիտասարդները շատ դեպքերում հեռանում են մայր ժողովրդից և արագ ուծանում: Կարծում եմ, որ նա գտնում էր, որ աշխարհի լավագույն կենտրոններում գիտելիք ստացած մարդկանց համար ավելի հեշտ է ինտեգրվել օտար հասարակությանը, և շատ դեպքերում այդպես էլ տեղի էր ունենում:
Այս դահլիճում ներկա են նաև այն երիտասարդները, ովքեր «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ գիտելիք են ձեռք բերել լավագույն բուհերում, վերադարձել են Հայաստան և այստեղ նրանք աշխատում են, ապրում են լիարժեք կյանքով: Վստահ եմ, որ նրանց օրինակը շատ ավելի գրավիչ է: Այսօր մեր հասարակությունը դժվար օրեր է ապրում: Դրսում լավ աշխատանք և ավելի լավ պայմաններ փնտրելու խնդիրը շատ ցավոտ է ընկալվում մեր հասարակության կողմից, մեր բոլորի կողմից և դրա հիմնական պատճառն այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակն է մեր հայրենիքում: Բայց ուզում եմ, որ դուք վստահ լինեք՝ այս գործընթացը երկարատև չի լինելու: Սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք զարգացման մեր ճանապարհին: Կասկած չունենաք՝ անցնելու է ևս որոշ ժամանակ, և շատ-շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք և այստեղ նրանց համար շատ ավելի հարմարավետ է լինելու, քան այլ տեղերում:
«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներն ինձ համար հետաքրքիր են նաև այլ առումով: Ես վստահ եմ, որ դուք այն մարդիկ եք, ովքեր դրսում գիտելիք ձեռք բերելով՝ վաղը համալրելու եք մեր պետական կառավարման համակարգը: Չափազանց կարևոր է, որ պետական համակարգում աշխատեն նվիրված, կոմպետենտ և իրենց ապագան լավ պատկերացնող երիտասարդներ: Յուրաքանչյուր երկրի հարստություն, առաջին հերթին, առողջ և կրթված երիտասարդներ են: Ես վստահ եմ և կրկնում եմ՝ մենք հավատում ենք ձեզ: Հավատում ենք, որ դուք գիտելիք ստանալով, ավելի եք ուժեղանալու, որովհետև մենք միշտ ասում ենք, որ գիտելիքը ուժ է, և ինքներդ ուժեղանալով, ուժեղացնելու եք մեր պետությունը, մեր հասարակությունը: Եվս մի խորհուրդ ունեմ ձեզ տալու. ես ձեզ հորդորում եմ կարդալ. կարդացե՛ք, որքան հնարավոր է շատ: Կարդացե՛ք մեր դասականներին, կարդացե՛ք համաշխարհային դասականներին, կարդացե՛ք ժամանակակից գրականություն: Ես կասկած չունեմ, որ ցանկացած բարձրակարգ համալսարանում դասախոսները ծրագրերի միջոցով ի վիճակի են լիարժեք գիտելիք տալու, բայց դրանով մի բավարարվեք: Այդպիսի համալսարանում կարելի է դառնալ շատ լավ իրավաբան, շատ լավ մաթեմատիկոս, շատ լավ կառավարիչ, բայց հավատացեք, առանց կարդալու՝ անհնար է դառնալ լայնախոհ անհատականություն: Իսկ առանց լայնախոհության շատ դժվար է իրերն ու իրադարձությունները գնահատել այնպես, որպեսզի օգտակար լինի և՛ ձեզ՝ կոնկրետ անձին, և՛ այն հասարակությանը, որտեղ դուք ապրում և գործում եք:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ: Ցանկանում եմ ձեզ հաջողություն և ուզում եմ, որպեսզի մեր հաջորդ հանդիպումների ժամանակ այս տարի ընդունվածները ևս ներկա լինեն և իրենց օրինակով ոգևորեն նրանց, ովքեր կընդունվեն 2014, 2015 թվականներին», – «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031