Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբան. Սուրիկ Խաչատրյանի տանն, իրականում, ավելի շատ զենք է եղել

Հուլիս 19,2013 15:15

Օրեր առաջ ՀՀ զինդատախազությունը հրապարակեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով առգրավված զենքերի ցանկը: Համաձայն դրա, նախկին մարզպետի տնից խուզարկությամբ առգրավվել է ինը միավոր զենք: Այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողները հարց ուղղեցին Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանին` հնարավոր է, արդյոք, որ զինդատախազությունը թաքցրած լինի զենքերի իրական քանակը: Մանավանդ, որ ասուլիսի ընթացքում փաստաբանը կարծիք հայտնեց, որ զինդատախազը ուղղորդում է նախաքննությունը: «Սատանան մանրուքների մեջ է թաքնված. Զինդատախազությունը հրապարակեց այն զենքերի ցանկը, որը Սուրիկ Խաչատրյանն էր հանձնել»,- ասաց փաստաբանը`հավելելով, որ եթե իսկապես հայտնաբերվեին, դրանց քանակը շատ ավելի շատ կլիներ, քանի որ այդ տանն, իրականում, ավելի շատ զենք է եղել:
Ի դեպ, Հայկ Ալումյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը`հետաքրքրվելով, թե որքանո՞վ են Գեւորգ Կոստանյանի հայտարարություններն արտահայտում դատախազության տեսակետը այս գործի վերաբերյալ եւ արդյոք օրինական է նման կեցվածքը նման բարձրաստիճան պաշտոնյայի կողմից: Երեկ դատախազության մամուլի խոսնակն այս առիթով լրատվամիջոցներին ասել էր, որ դատախազությունը չի կարող ունենալ հավաքական տեսակետ եւ որ յուրաքանչյուր գործի վերաբերյալ առանձին դատախազներ են պատասխանատու: Փաստաբանն այդ պատասխանը համարում է «ծաղրողական»: «Ես ափսոսում եմ, որ այդքան պատկառելի կառույցի, լրագրողական միջավայրում այդքան հարգված խոսնակին`Սոնա Տռուզյանին, ստիպված պիտի լինեմ բացատրել, որ հավաքական կարծիքը եւ պաշտոնական տեսակետը բոլորովին տարբեր եզրույթներ են ու թե ինչո՞վ է դատախազության հավաքական կարծիքը տարբերվում դատախազության պաշտոնական տեսակետից»,- ասաց փաստաբանը:

Ինչ մնում հարցի երկրորդ մասին`արդյոք Կոստանյանը ի պաշտոնե ունի՞ լիազորություններ դատախազության կամ գոնե զինդատախազության անունից պաշտոնական հրապարակումներ անել մամուլում: Այս առիթով դատախազության մամուլի խոսնակի հղումը`քրդատ օրենսգրքի համապատասխան հոդվածին, փաստաբանը համարում է վրիպում, ասելիքի բացակայություն, քանի որ իր համոզմամբ, այդ հղումն իր հարցի պատասխանը չէ: Ամեն դեպքում, երբ կստանա իր հարցման պաշտոնական պատասխանը, իր ամբողջական տեսակետն առ այն, որ զինդատախազն անցնում է իր լիազորությունների սահմանները, այդժամ կարտահայտի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031