Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտա Հովսեփյան. «Մարդիկ իրենց մեկուսացված են զգում, քանի որ չունեն ֆինանսական պայմաններ»

Հուլիս 19,2013 15:09

«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հ/կ-ն ընդգրկվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովում: Իրենց ապագա ծրագրերի եւ նպատակների մասին այսօր «Տեսակետ» ակումբում խոսեց «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հ/կ-ի նախագահ, իրավաբան Մարգարիտա Հովսեփյանը:

Տիկին Հովսեփյանը նշեց, որ կազմակերպության առաջացման համար պատճառ են հանդիսացել իր անձնական խնդիրները, քանի որ ինքն էլ է բազմազավակ մայր. «Այդ անհաջողությունների շրջանում իմ մեջ գաղափար ծնվեց գրանցել նման կազմակերպություն, որովհետեւ ես շատ հետաքրքրվեցի եւ ոչ մեկը չկար, որ կպաշտպաներ բազմազավակների շահերը: Այս կազմակերպության գրանցման առաջին իսկ օրվանից (2011 թվականի մայիս) ես պլանավորեցի, թե ինչ քայլեր պետք է արվեն: Նախ` հասարակության ուշադրությունը պետք է փոխել բազմազավակի նկատմամբ: Այսինքն` պետք է ներկայացնել այնպես, որպեսզի մարդիկ չվախենան երեխա ունենալուց: Հաջորդ քայլը, որ նախատեսել էի անել, դա պետության ուշադրության գրավումն էր այս կազմակերպության նկատմամբ, ոչ թե բազմազավակների, որովհետեւ նրանց հետ կապված տարբեր մարդիկ տարբեր առաջարկություններ են միշտ արել: Սակայն մինչ այսօր մենք նույնիսկ օրենք չունենք բազմազավակների մասին»:

Տիկին Մարգարիտան որոշել է առաջարկել ստեղծել ինքնազարգացման կենտրոն. «Որպեսզի կարողանանք այդ կենտրոնում մարդկանց սովորեցնենք մասնագիտական հմտություններ, եւ անպայման փոխենք մտածելակերպն այնպես, որ մարդը չմտածի, որ այս երկրում ոչինչ չի կարող անել»:

Նա նշեց, որ այսքան տարիներ շփվելով տարբեր բազմազավակ ընտանիքների հետ, նկատել է, որ մարդիկ ոչինչ չեն անում իրենք իրենց զարգացնելու, առաջ գնալու համար եւ սպասում են, որ պետությունը պետք է օգնի իրենց. «Ինչ խոսք, պետությունը պետք է օգնի: Բայց չեմ գտնում, որ մարդը պետք է ոչինչ չանի եւ սպասի, որ գան իրեն օգնեն: Իսկ այն օգնությունները, որոնք հաճախ տրվում են նրանց, իրականում օգնություններ չեն, դրանք կարող են նույնիսկ նրանց տանել մուրացկանության: Կարելի օգնել, օրինակ, սարքավորումներով, գործիքներով, կամ օգնեն մասնագիտություններ ձեռք բերել»: Դրա համար Տիկին Հովսեփյանի առաջարկություններից մեկն էլ այն է լինելու, որ դիմեն բարերարներին, որպեսզի նրանք օգնեն բազմազավակներին ոչ թե գումարով, այլ մասնագիտական հմտություններ, կրթություն, գործիքներ, սարքավորումներ ձեռք բերելու հարցում. «Եթե բարերարություն, եկեք այնպիսի օգնություն տրամադրենք, որպեսզի մարդիկ իրենց հացը կարողանան վաստակել»:

cuyc

Այս երկու տարիների ընթացքում «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հ/կ-ն գործել է առանձին եւ զբաղվել է հիմնականում բազմազավակների իրավաբանական հարցերով. «Իրավաբանի մոտ գնալն արդեն գումար է, իսկ երբ ասում եմ անվճար՝ մտածում են, որ ինչ-որ խորհուրդ է լինելու: Բայց դա այդպես չէ: Մենք դատարանում պաշտպանություն ենք ունեցել, որը շահել ենք: Օրինակ, մի ընտանիք էլ կար, որին վիրահատության համար 300 հազար դրամ էր անհրաժեշտ, եւ իրենք չունեին; Մենք դիմեցինք Առողջապահության նախարարությանը եւ 200 հազարի չափով զեղչվեց այդ գումարը»:

Նա նշեց, որ իրենց կազմակերպության մեջ գրանցված բազմազավակ ընտանիքների թիվը հասնում է մոտ 32-ի եւ այնտեղ կան ընտանիքներ ոչ միայն Երեւանից, այլեւ հանրապետության մարզերից. «Կան այնպիսի ընտանիքներ էլ, որ գրանցված չեն, սակայն ես նրանց մեր կազմակերպության անդամներն եմ համարում, քանի որ մենք պարբերաբար շփվում ենք եւ նրանք մեզ են դիմում տարբեր խնդիրներով»:

Տիկին Հովսեփյանը նախատեսում է տարբեր միջոցառումներ կազմակերպել բազմազավակ ընտանիքների համար, առողջապահության, սպորտի եւ այլ նախարարությունների աջակցությամբ. «Մարդիկ իրենց մեկուսացված են զգում, քանի որ չունեն ֆինանսական պայմաններ: Այդ միջոցառումների միջոցով նրանք իրար հետ կշփվեն, կամ գիտելիքներ ձեռք կբերեն»:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031