Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ակցիայի մասնակիցները վիճեցին ոստիկանների հետ (Տեսանյութ)

Հուլիս 19,2013 14:44

Այսօր քաղաքապետարանի մոտ մի քանի անգամ բողոքի ակցիա անող քաղաքացիական ակտիվիստները վիճեցին ոստիկանների հետ: Ակցիան երթուղայինների ուղեվարձի թանկացման դեմ էր, եւ քաղաքացիները, քաղաքապետարանի աստիճանների վրա նստած՝ 50 դրամանոց կոպեկներ էին  նետում քաղաքապետարանի վրա:

_F8W1929 _F8W1804Ոստիկանները մեգաֆոններով սկսեցին հայտարարել, որ «Հարգելի քաղաքացիներ, դուք խոչընդոտում եք Երեւանի քաղաքապետարանի բնականոն աշխատանքի ընթացքը, ոստիկանությունը պահանջում է ազատել տարածքը»:

Մոտ 10 անգամ հնչած այս հայտարարությանը հաջորդում էին սուլոցներ, բղավոցներ ու ամոթանքներ՝ ոստիկանների եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հասցեին:

Ակտիվիստներից մեկի խոսքերով՝ «Դուք խոչընդոտում եք մեր քաղաքացիների իրավունքը պաշտպանելը: Դուք իրավունք չունեք նման բան անելու: Մի խոսա վապշե, բնականոն աշխատանքը ո՞րն ա, թողենք թանկացնի՞»:

Քիչ ավելի ուշ մասնակիցներից մեկն ուզում էր կանգնել քաղաքապետարանի վերեւի աստիճանների վրա՝ ուղիղ մուտքի մոտ, ինչը թույլ չէին տալիս ոստիկանները: Ակտիվիստն էլ սկսեց բարձր բղավել, գոռալ, որ «ինձ մի՜ կպեք, մի՜ հրեք, ես իրավունք ունեմ ստեղ կանգնելու, մի բրդեք, ճամփես մի՜ փակեք: Եկել դեմս տնկվել եք, ի՞նչ ա նշանակում, ես ստեղ կանգնած եմ, գալիս եք փակում եք, դա վիրավորական չի՞»:

Ոստիկանները տեղի տալով ճչոցներին, ասեցին, որ թույլ ենք տալիս, կանգնի, մի գոռա:

Ոստիկաններից մեկն էլ դիմեց լրագրողներին՝ խնդրելով տեսանկարահանել, որ հետո շառ չլինի, որ իրենք հրել են:

Ակտիվիստն առավել բարկացավ, երբ ոստիկանից լսեց օրենք բառը. «Իրա աշխատանքը ո՞րն ա, է, իր աշխատանքը դա չի: Էն, ինչն իր աշխատանքն է, նա չի անում: Դուք մի որոշեք, թե ես որտեղ կանգնեմ: Դուք օրենքից մի՛ խոսացեք, ամոթ ա, դուք էդ բառը մի՛ ասեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031