«Ես կարծում եմ, որ դեռ հնարավոր է կասեցնել թանկացումը, միայն բողոքի միջոցով»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց Սպառողների միության ղեկավար Արմեն Պողոսյանը՝ խոսելով տրանսպորտի թանկացման խնդրի մասին: Ըստ նրա՝ այս հարցում մեծ դերակատարություն ունի քաղաքական բաղադրիչը: Ա. Պողոսյանը նշեց. «Գազի գինը որոշվում է Կրեմլում, ուստի թանկացումներ էլի են սպասվում:Ես սա ցավով եմ նշում, քանի որ մեր կանխատեսումները հնարավոր թանկացումների մասին իրականություն դարձան»: Ա. Պողոսյանը, հղում կատարելով համաչափ զարգացման ծրագրին, նշեց, որ սակագները կարող են տատանվել չորս տոկոս պլյուս-մինուս տիրույթում: Այնինչ այժմ թանկացրել են հիսուն տոկոսով: Նպատակն ըստ նրա այն է, որ գծատերերը գերշահույթ ստանան:
«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանն էլ կարծում է, որ քաղաքապետարանի կողմից ներկայացված հիմնավորումները, տրանսպորտի թանկացման հարցում, միգուցե հիմնավոր են: Նա հավելեց. «Այստեղ քաղաքապետարանը ոչինչ անել չի կարող: Պետք էր մինչև հիմա դա անել: Քանի որ այսօր փոխադրողները միայն մասնավոր ընկերություններ են, քաղաքապետարանում ոչ մի լծակ չունեն այդ ընկերությունների վրա ազդելու»:
Ա. Պողոսյանն էլ անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչ կարելի է անել նշված իրավիճակից ելքի ճանապարհ գտնելու համար. «Մնում է օգտագործել այն հարուստ էլեկտրական պաշարները, որ կան Հայաստանում: Պետք է ունենանք մեր էներգահամակարգը, կառուցենք էլեկտրատրանսպորտը, ոչ թե կախվածության մեջ մնալ Կրեմլից: Հարյուր միլիոն դոլար Ռուսաստանից դրա համար վարկ ենք ստացել»:
Դիտարկմանը, թե տրոլեյբուսն էլ է թանկանում, Պողոսյանն այսպես արձագանքեց. «Դիտմամբ է տրոլեյբուսի երթուղին այդքան սահմանափակ արված: Այստեղ միտում եմ տեսնում՝ ոչնչացնել էլեկտրատրանսպորտը: Մարդիկ կան, որ կամ գեներալ են, կամ մարշալ են, նրանք ունեն ուժ ազդելու ամեն ինչի վրա, այդ թվում նաև տրանսպորտի: Ուղիղ ճնշում է»: Պարոն Պողոսյանը հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե մեր վերահսկողության ծառայությունը ուսումնասիրել է տրանսպորտի ոլորտը և բացահայտել, որ 49 մեքենայի վրա ձևակերպված է երեք վարորդ: Ա. Պողոսյանը կարծում է, որ այդ ամենը բխում է ստվերային աշխատաոճից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ