Թվում էր, թե օրերից մի օր վերջապես ամեն ինչ այսպես պիտի սկսվեր, եւ թվում էր նաեւ, թե այնուհետեւ ամեն ինչ սկսվել էր շատ ավելի առաջ, երբ մենք չէինք ծնվել առհասարակ: Եվ կարծես թե հասկացանք հետո, երբ մենք արդեն հայտնվել էինք, եւ շարունակում է թվալ, երբ արդեն մեր զավակներն էին ծնվել, որ անելու էին այն, ինչ մենք չէինք հասցրել անել:
Եվ հիմա թվացյալ, բնականաբար՝ անհասկանալի ու զարմանալիորեն մենք մեր զավակների հայրն ենք. դժվար ենք ապրում մեր տանը, սակայն ապրում ենք…
Այո, թվում էր, թե ամենադժվարը առաջին օրն էր: Պարզվեց հետո, որ ծնունդից կյանք եւ այնու ճանապարհին ամենադժվարը ապրելն էր: Այսինքն թե՝ պարզվեց, որ տառապագինը ամեն օրդ ապրելն է: Եվ թող ոչ ոքի չթվա, որ մեր ծնունդն ու ապրած կյանքը եւ ապրելիքը խաղ է միայն…
Խաղ չէ նաեւ ոչ Ձկան համաստեղությունը եւ ոչ էլ ձկան ամիսը: Եվ քանի որ խաղ չէ, ո՞վ էր մեզանից մեկը, թերեւս միակը՝ Արարատի քուրմը, ում վճիտ ավազանում ընդամենը կարմիր պուտերով մի ձուկ էր լողում, որին ժամանակներում տեսնելով՝ զարմացավ Ալեքսանդր Մեծը եւ հասկացավ, որ Աստված միակն է, եւ ինքն ինչքան էլ մեծ՝ ընդամենը մահկանացու է:
Կարդացեք նաև
Եվ այսու մենք պիտի որ հասկանանք, որ անզոր ենք ժամանակների առաջ եւ պետական, իշխանական ինչպիսի դիրքում էլ լինենք, պիտի ընդունենք, որ ինչ որ այսօր մենք ունենք, մեզանից առաջ վաղուց արդեն շատերը ունեցել են եւ ծածկվել են ժամանակի մոռացության փոշիով: Մնալու է միայն գործը, ինչ թողեցիր դու քո երկրին… Ինչպես նաեւ մնալու է ձուկը՝ իր համաստեղությունից եկած, որը, սակայն, շուտով դանդաղ հեռանալու է մեզանից՝ մեզ թողնելով իր լուսավոր ջուրը կենդանի:
Այնինչ ձուկն այսօր շարունակում է ապրել մեր շուրջը, մեր կողքին եւ ամենակարեւորը՝ մեր մեջ:
Սակայն չկա Արարատի մեծ քուրմը եւ Ալեքսանդր Մեծը ու նրա ստեղծած կայսրությունը մինչեւ Հնդկաստան. մնացել է փոքրիկ, կարծում եմ՝ Աստծուն հաճո մի երկիր՝ անունով Հայաստան, որտեղ դեռեւս ապրում է ձուկը կենդանի, եւ մի երկիր, որ աշխարհին տվեց այն, ինչ ինքը ստեղծեց, տվեց ամեն ինչ եւ մնաց մենակ:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ