Լրահոս
Օրվա լրահոսը

Բա ո՞ւր մնացին մեր բարեկամությունն ու դարավոր եղբայրությունը

Հուլիս 19,2013 14:19

Ջերմուկի Համոն՝ ՌԴ-ում հայ ազատամարտիկի պախարակման եւ Ազատության հրապարակում հացադուլ անող ազատամարտիկների մասին

Հայկական բանակի զորամասերից մեկի հրամանատար, արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի եւ Ղարաբաղի մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանին՝ Ջերմուկի Համոյին, հանդիպելու առիթը Ռուսաստանի իրավապահների պահվածքն էր: Այդ նրանք էին, որ 18 մարդու կյանք խլած վթարի առայժմ միակ կասկածյալ ՀՀ քաղաքացի, արցախյան պատերազմի մասնակից, Ռուսաստանում բեռնատարի վարորդ աշխատող 46-ամյա Հրաչյա Հարությունյանին, ի տես բոլոր տեսախցիկների, դատարան էին բերել կանացի ծաղկավոր խալաթով: Ու որքան էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարի, թե՝ «Պատահարը առանձին անձանց կողմից օգտագործվում է որպես առիթ՝ հակառուսաստանյան կրքեր բորբոքելու նպատակով, Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ողբերգությունը ազգային երանգ չունի. այն բազմակողմանի, հանգամանորեն, անկողմնակալ եւ առանց զգացմունքայնության հետաքննվելու է», ակնհայտ է, որ մինչ օրս ՌԴ-ում դատված որեւէ այլ պետության քաղաքացի նման նվաստացման եւ ստորացման չի ենթարկվել: Մուշեղ Բաբայանը հիշեց ոչ հեռու անցյալը, երբ Ռուսաստանում դատում էին չեչեն ահաբեկիչների. «Չեչենները Ռուսաստանի քաղաքացիների են կոտորել, ահաբեկչական գործողություններ իրականացրել, բայց դրանց դատարանում ծաղկավոր խալաթ չէին հագցրել: Վթարը եղել է, զոհեր եղել են՝ փաստ է: Հրաչյան կռված տղա է, ազգի համար արյուն ու կյանք տված: Անընդունելի է ՀՀ քաղաքացուն նման ծաղրի ենթարկելը: Դա ծաղր է ողջ Հայաստանի նկատմամբ: Վթարի մեղավորը թող պատժվի, բայց  ազատամարտիկի նկատմամբ նման ցինիկությունն անընդունելի է: Բա ո՞ւր մնացին մեր բարեկամությունն ու դարավոր եղբայրությունը: Քի՞չ ռուսներ են Հայաստանում վթարի մասնակից եղել»:

Ջերմուկի Համոն կարծում է, որ Հրաչյա Հարությունյանը ճիշտ կաներ, եթե հենց դատարանում հաներ խալաթը՝ մերկ մնար. «Այդ տեսքով պիտի չգար դատարան, թող մերկ նստեր… Մարդ է, չէ՞, իր իրավունքներով: Ադրբեջանը միլիոններով փող ծախսեց, մարդասպան Սաֆարովին աստվածացրեց, այսքանից հետո էլ ի՞նչ ասեմ: Հաջողություն եւ առողջություն Հրաչյային: Թող գոնե բարոյական աջակցության կենտրոնում լինի»: Ջերմուկի Համոյի համար ցավալի է տեսնել, որ հայրենիքի համար կյանքը վտանգած մարդը օրվա հաց վաստակելու համար օտար պետությունում բեռնատարի վարորդ է աշխատում. «Ինչո՞ւ պիտի հայը իր երկիրը թողնի, իր ձեռքով իր տունը քանդի: Հասկանում եմ, որ ճարահատյալ են գնում: Պատերազմի ու արհավիրքի միջով անցնելուց հետո են գնում: Պետական մոտեցում է պետք: Հայ ազգի գենոֆոնդն է վտանգված: Պապական հողերից ենք խոսում: Ո՞ւմ են պետք դրանք, եթե ծնելիություն չկա, գնալով պակասում ենք, ազատամարտիկը արտագաղթում է»:

Ի դեպ, իր վերջին արտահերթ նիստում խորհրդարանն արագացված ընթացակարգով ընդունեց պատգամավոր գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի համահեղինակությամբ ներկայացրած նախագիծը՝ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին»: Դա պետական մոտեցո՞ւմ էր: Ջերմուկի Համոն հույսեր է կապում ՀՀ նախագահի հետ: «Իրեն ճանաչելով եմ հույսեր կապում: Պիտի ձեռքը խփի սեղանին: Էլ նահանջելու տեղ չկա: Ողջ հայ ազգն է երկրապահ: Չի կարելի խաբել մարդկանց: Ազատամարտիկները պետության դեմ դուրս չեն գա, բայց պետությունն էլ չպետք է անտեսի ազատամարտիկներին»:

Մերօրյա իրողությունների համատեքստում նա ցավալի է համարում այն իրողությունը, որ այսօր բանակաշինությանը մասնակցած ազատամարտիկներն իրենց օրվա հացի խնդիրը լուծելու համար Ազատության հրապարակում հացադուլ եւ նստացույց են անում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Tigran says:

    Ջերմուկի Համոյի համար ցավալի է տեսնել, որ հայրենիքի համար կյանքը վտանգած մարդը օրվա հաց վաստակելու համար օտար պետությունում բեռնատարի վարորդ է աշխատում. «Ինչո՞ւ պիտի հայը իր երկիրը թողնի, իր ձեռքով իր տունը քանդի: Հասկանում եմ, որ ճարահատյալ են գնում: Պատերազմի ու արհավիրքի միջով անցնելուց հետո են գնում: Պետական մոտեցում է պետք: Հայ ազգի գենոֆոնդն է վտանգված: Պապական հողերից ենք խոսում: Ո՞ւմ են պետք դրանք, եթե ծնելիություն չկա, գնալով պակասում ենք, ազատամարտիկը արտագաղթում է»:
    Այ տեսնում եք սրա համար միմիայն Ռուսաստանն է մեղավոր, հա կներեք մեկ էլ ԱՄՆ-ն, Քուվեյթը, Թուրքիան, Նիդեռլանդները, Հունաստանը, Իսրայելը և այլն բայց մենք , մեր պետությունը բացարձակ ոչ մի մեղկ չունի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031