Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չէ, որ առանց ռուսների Հայաստանը կկորի»

Հուլիս 19,2013 14:14

Ըստ Գագիկ Համբարյանի՝ ՀՀ իշխանությունները ՌԴ-ին պետք է բացատրեն, որ այն, ինչ ունեցել են 20-25 տարի առաջ, չկա

ՄԻ քանի օր է՝ հայ-ռուսական հարաբերությունների թեման ինտենսիվորեն քննարկվում է փորձագետների, քաղաքական գործիչների կողմից, սոցիալական ցանցերում՝ հասարակության լայն շերտերի կողմից: Հայ վարորդ, նախկին ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի հետ կատարվածը ՌԴ-ում կարծես առիթ դարձավ քննության առնելու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները: Արդյոք Հրաչյա Հարությունյանի դե՞պքն էր այն հիմնական դրդապատճառը, որն առիթ հանդիսացավ համընդհանուր ընդվզման, թե՞ կուտակվել էին նաեւ այլ խնդիրներ՝ Ադրբեջանին հարձակողական զինտեխնիկայի վաճառքը ՌԴ-ի կողմից, գազի սակագների բարձրացումը:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նախ փաստեց, որ այսպիսի ռեզոնանսային արձագանքը պայմանավորված էր ռուսական հեռուստաընկերությունների կողմից հեռարձակված բացարձակ ֆաշիստամետ ռեպորտաժներով: Խոսքը նախեւառաջ վերաբերում է «Ռոսիա» հեռուստաընկերության «Վեստի» լրատվական ծրագրի թղթակից Օլգա Սկաբեեւային, որը ըստ մեր զրուցակցի՝ ոչ պետական հեռուստաընկերությանը բնորոշ հակահայկական կեցվածք դրսեւորեց: «Պուտինյան Ռուսաստանը դեմոկրատական երկիր չէ, եւ եթե ռուսական իշխանություններին պետք չլիներ՝ այդ ռեպորտաժը չէր լինի, այսինքն՝ դա ուղղորդված պետական քաղաքականություն էր: Բացի այդ, ակնհայտ երեւում է, որ ՌԴ-ին բացարձակ դուր չի գալիս Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականությունը: Սա երկար ժամանակ է, ինչ շարունակվում է, բայց վերջին մի քանի ամիսներին արդեն բացահայտ հակահայկական քաղաքականություն է տարվում՝ սկսած Ադրբեջանին մեկ միլիարդ զենքի վաճառքից, ինչը ռուս պաշտոնատար մարմինները փորձում էին ներկայացնել որպես սովորական բիզնես գործարք, ինչը իրականությանը բացարձակապես չի համապատասխանում, վերջացրած՝ Հրաչյա Հարությունյանի դեպքով, որի արդյունքում վերջին մի քանի օրերին ուղղակի թույն էին սերմանում հայերի նկատմամբ»:

ՀՀ իշխանությունները պատրաստակամ են ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը նոյեմբերին Վիլնյուսում, հնարավո՞ր է, որ դրա արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները ավելի սրվեն՝ հարցրինք Գ. Համբարյանին: «Մեր արտաքին քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ ի սկզբանե սխալ է եղել: Մենք թույլ ենք տալիս, որ ռուսները առանց որեւէ լումա վճարելու տեղաբաշխեն իրենց ռազմաբազան եւ, չգիտես ինչու, խոսում են, որ այդ ռազմաբազան ծառայում է ի նպաստ ՀՀ շահերի: Բացարձակ սուտ է։ Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում այնպես է փոխվել, որ ռուս պաշտոնյաները առանց իրենց ցինիզմը թաքցնելու հայտարարում են, թե ՀՀ-ն իրենց ֆորպոստն է Հարավային Կովկասում: Հարց եմ տալիս՝ ֆորպոստի նկատմամբ վարո՞ւմ են այնպիսի քաղաքականություն, ինչպիսին վարում է այսօրվա ՌԴ-ն: Ռուսները մինչեւ հիմա ապրում են 20-25 տարի առաջվա իրենց կարծրատիպերով: Մենք ռուս հասարակությանը պետք է հասկացնենք, որ այդ ռազմաբազան, որը գտնվում է ՀՀ-ում, եւ որի ծախսերի 50 տոկոսը հոգում է ՀՀ-ն՝ իր աղքատ բնակչությամբ, մեծամասամբ ծառայում է ՌԴ արտաքին շահերի պահպանմանը Հարավային Կովկասում, եւ դա միակ օտարերկրյա ռազմաբազան է, որը սահմանակից է ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ։ Ռուսները նման այլ ռազմաբազա որեւէ այլ վայրում չունեն: Միեւնույն ժամանակ տեսնում ենք, որ Ղրղըզստանում, Տաջիկստանում ռուսական ռազմաբազաներում բազմամիլիոնանոց վճարներ են իրականացնում, որպեսզի դրանք մնան այդ երկրներում: Իսկ ինչո՞վ է վատ ՀՀ-ն… Մենք ռուսներին թույլ տվեցինք սեփականաշնորհել մեր ստրատեգիական բոլոր կարեւորագույն ոլորտները: Մենք թույլ տվեցինք, որ օտարը, որը տիրապետում է մեր բոլոր կարեւորագույն սեգմենտներին, մտնի մեր տուն եւ մեր տան մեջ մեզ ղեկավարի՝ թե ում հետ ինչ հարաբերություններ պետք է ունենանք»,- ասաց Գ. Համբարյանը:

Քաղաքագետը շեշտեց, որ երբեւէ հակառուսական տրամադրություններ չի ունեցել, սակայն այն, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում, բացարձակ չի համապատասխանում ոչ ՀՀ-ի, ոչ ՌԴ-ի շահերին: «Մեր ղեկավարները պետք է նստեն եւ բանակցեն, մեր ղեկավարները ռուս գործընկերներին պետք է հասկացնեն, որ այնպես չէ, որ առանց ռուսների Հայաստանը կկորի: Չկա այդպիսի բան, մենք պետք է նորմալ, առանց վեճի, առանց հիստերիայի, առանց ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնելու բացատրենք, որ այն, ինչ ունեցել եք 20-25 տարի առաջ, հիմա բացարձակ չկա, եւ հիմա պետք է վարվել այնպես, ինչպես ձեռնտու է ոչ միայն ձեզ, այլ նաեւ մեզ՝ բոլորիս: Իսկ մեզ շատ դեպքերում ձեռք չի տալիս ձեր վարած քաղաքականությունը»,- նկատեց Գ. Համբարյանը:

Քաղաքագետը հիշեցրեց, որ ռուսների հետ կապված աղմկոտ իրադարձություններ, դժբախտ պատահարներ տեղի են ունեցել նաեւ Գյումրիում. «Մի քանի տարի առաջ մի քանի հարբած ռուս զինվորականներ գնդակահարեցին մի քանի հոգու քաղաքի կենտրոնում, վերջերս ռուսների հետ կապված  մահվան ելքով ավտովթարներ են եղել Գյումրիում, բայց ոչ միայն տեղի լրագրողները, այլեւ հանրապետական մասշտաբով ԶԼՄ-ները չփորձեցին այդ փաստերը հեգնել, կամ ռուսներին, որոնք մեղավոր էին այդ հանցագործություններում, նվաստացնել ամբողջ հանրության առջեւ, խալաթ հագցնել: Մեր ԱԳՆ-ն շատ հստակ պետք է պատասխանի ռուս պաշտոնյաներին եւ այն ԶԼՄ-ներին, ովքեր թույլ են տալիս իրենց հանդես գալ ազգայնական, ֆաշիստական եւ մարդուն նսեմացնող դիրքերից»,- նշեց Գ.  Համբարյանը:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ երկու գործոն է աշխատել հայ-ռուսական հարաբերությունների շուրջ վերջին օրերի տրամադրություններին: Առաջինը՝ գազի սակագների բարձրացման հարցը, Ադրբեջանին զենք մատակարարելը, ԵՄ-Եվրասիական միություն ընտրության հարցը, նրա կարծիքով՝ այս բոլորը դեր խաղացել են: Այժմ կանացի խալաթի պատմության համար ՄԻՊ-ը նամակներ է գրում, մինչդեռ մեկ ամիս առաջ ավելի սարսափելի գործողության՝ բռնաբարության համար հայ հասարակության եւ պատկան մարմինների կողմից արձագանք չեղավ՝ նկատեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետը կարծում է, որ կա նաեւ մյուս հանգամանքը, որն ավելացել է վերջին մի քանի օրերի ռեակցիային. «Փաստացի նախագահական եւ քաղաքապետի ընտրություններից հետո Հայաստանում գրեթե չի երեւում քաղաքական ընդդիմությունը, եւ դժգոհությունը արտահայտելու քաղաքական այլ միջոցներ չկան: Իսկ որ հասարակության մեծ մասը դժգոհ է՝ փաստ է: Եվ այս առիթը դարձավ բավական հարմար հնարավորություն քաղաքացիական հասարակության համար՝ ցույց տալու վերաբերմունք ոչ միայն ՌԴ-ի նկատմամբ, այլեւ իշխանությունների: Սրանք ոչ թե էթնիկ հակառուսական դժգոհություններ էին, այլ կոնկրետ մարմինների դեմ էին։ Մենք տեսանք նույնացում իշխանությունների եւ ՌԴ-ի հանդեպ: ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջեւ ցույցերի ընթացքում քննադատություն էր հնչում նաեւ ԱԳՆ-ի, նախագահի հանդեպ: Այս ամենը հարմար առիթ էր նաեւ քաղաքացիական հասարակության համար իրենց դժգոհությունը սոցիալական եւ քաղաքական իրավիճակի շուրջ արտահայտելու»:

Անդրադառնալով նախօրեին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարությանը եւ մեր դիտարկմանը, որ այն ինչ-որ առումով սրություն չէ՞ր պարունակում՝ Ս. Մինասյանը չհամաձայնեց. «Դա սովորական աշխատանքային ոճ է, ես կասեի՝ Գրոմիկոյի ոճն է, ՌԴ ներկայացուցիչները ամբողջ աշխարհով մեկ նույն բառապաշարն են օգտագործում: Այս օրերին հարց են ուղղում՝ հայ վարորդին խալաթ հագցնելը արդյոք ճնշում չէ՞ ՌԴ-ի կողմից պետական մակարդակով: Իհարկե՝ ոչ: Մարդիկ, ովքեր գիտեն ռուսաստանյան իրականությունը, գիտեն, որ դա մի իրավիճակ է, ինչին կարելի է հանդիպել ամեն քայլափոխի ՌԴ-ում, եւ որեւէ զարմանալի բան կարող է լինել միայն այն մարդկանց համար, ովքեր փորձում են այլ աչքերով տեսնել ՌԴ-ն: Կարծում եմ՝ մարդիկ, ովքեր որոշումներ են ընդունում քաղաքական-ռազմաքաղաքական հարցերում եւ ՀՀ-ում, եւ ՌԴ-ում, շատ լավ հասկանում են, որ գոյություն ունի էմոցիոնալ ըմբռնում որոշ հարցերի նկատմամբ, բայց քանի դեռ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմաքաղաքական հարցը առաջնահերթ է, եւ դեռ հարց է՝ առավելապես Հայաստա՞նն է, թե՞ ՌԴ-ն է շահագրգռված այդ ռազմաքաղաքական կոմպոնենտի մեջ, ապա կարծում եմ՝ մնացած խնդիրները այդ աստիճան վճռորոշ նշանակություն չեն ունենա»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031