Այսօր Երեւանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով երթուղայինների ուղեվարձի թանկացումը, ասաց, որ գազն էական նշանակություն չի ունեցել, դիզելային վառելիքն է 270 դրամից դարձել 400 դրամ:
Լրագրողների հարցին՝ Դուք ինչո՞վ եք երթեւեկում՝ նա պատասխանեց. «Ես ոտքով եմ ման գալիս, նայած ուր եմ գնում: Ամիրյան փողոցում եմ ապրում, ոտքով եմ աշխատանքի գալիս»: Դիտարկմանը, որ ձեր բախտը բերել է, դուք Ամիրյանի վրա եք ապրում՝ Ալբերտ Գեւորգյանը պատմական ակնարկ արեց՝ պատմելով, թե 90-ականներին մարդիկ ինչ մեքենաներով, ինչ ավտոբուսներով էին երթեւեկում, իսկ հիմա ինչ հարմարավետ «Հոնդայի» մակնիշի ավտոբուսներով. «Մինչեւ երթուղային կարգ հաստատելը եղել է 109 միկրոավտոբուսային երթուղի: Մենք 32 երթուղի կրճատել ենք: 32 երթուղին լինելու է ավտոբուս, աստիճանաբար ներկրվում է: Օգոստոսի 1-ի մրցույթին ականատես կլինեք, որ 2 նոր ավտոբուսային երթուղի է բացվելու: Բա դա լավ չի՞»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ